«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2008-02-13 | #28, 2008-02-14 | #29, 2008-02-15


ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆՙ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) իրականացրել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում նախագահական ընտրությունների լուսաբանման դիտարկումը եւ երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց հունվարի 31-ից փետրվարի 9 ընկած ժամանակահատվածի միջանկյալ հաշվետվությունը: ԵՄԱ-ն դիտարկել է 8 հեռարձակվող ԶԼՄ, համապետական ծածկույթի 4 հեռուստաընկերությունՙ Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը, ԱԼՄ, «Արմենիա», Հայկական երկրորդ հեռուստաալիքը, 3 մայրաքաղաքային հեռուստաընկերությունՙ «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ», եւ մեկ ռադիոընկերությունՙ Հանրային ռադիոն: Բնականաբար դիտարկման ժամերն ընտրվել են նախագահի թեկնածուների քարոզարշավին հատկացված ժամերին համապատասխան, որպես օբյեկտ դիտարկվել են 9 թեկնածուները: Փորձել են պարզել նախագահական ընտրություններին երկրի հեռարձակվող ԶԼՄ-ների ուշադրության աստիճանը ու թե որքանով համարժեք են ընտրազանգվածին տեղեկություններ տրամադրում թեկնածուների մասին: Ու պատկերը հետեւյալն է. «Նախորդ տասնօրյակի (21-30 հունվարի) համեմատ հետազոտության այս ժամանակաշրջանում մի փոքր ավելացել է ընտրարշավի խմբագրական լուսաբանման ծավալը: Սակայն ի հաշիվ ՀՀ նախագահի այն թեկնածուների, որոնք առանձնանում են իբրեւ ԶԼՄ-ների ուշադրությունն առավել գրավող... Ինքնառաջադրված Արման Մելիքյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության թեկնածու Արամ Հարությունյանը որոշակիորեն հետ են մնում առաջատար յոթնյակից: Ճիշտ է, Տիգրան Կարապետյանը հիմնական լուսաբանումն ավանդաբար ստացել է սեփական ԱԼՄ հեռուստաալիքում, եւ եթե «սեփական» եթերում թեկնածուն արժանանար նույնպիսի ուշադրության, ինչպիսին միջին հաշվով հետազոտվող մյուս յոթ ալիքներում է, ապա կլիներ ութերորդըՙ Արման Մելիքյանի եւ Արամ Հարությունյանի միջեւ»:

Ամենաշատ եւ ամենաքիչ համախառն լուսաբանում ստացած թեկնածուների միջեւ տարբերությունըՙ Լեւոն Տեր-Պետրոսյանՙ 37016 վայրկյան եւ Արամ Հարությունյանՙ 8725, իսկ նախորդ տասնօրյակում հարաբերակցությունը մոտ 2 ու կես ու մեկ է եղել:

Հետազոտվող բոլոր 8 ալիքներում էլ նշված տասնօրյակում ուշադրության առավելագույնը ՀՀ առաջին նախագահին է տրվել, երկրորդը Սերժ Սարգսյանն է: Վերջինիս տրվել է 32786 վայրկյան, որից 9451 վայրկյանը նրա իբրեւ վարչապետի գործունեության լուսաբանմանն է բաժին ընկնում: Առանց վերջին տվյալի Սերժ Սարգսյանին զիջում է եւս 3 թեկնածուՙ Արթուր Բաղդասարյան (29963 վրկ), Տիգրան Կարապետյան (25706 վրկ) եւ Վահան Հովհաննիսյան (25601վրկ): Նշանային բնութագրիչ հիշատակումների թվովՙ բացասական հիշատակումների թվով անվիճելի առաջատարն էՙ 143 բացասական, 3 դրականի դիմաց, Սերժ Սարգսյանի առումով ցուցանիշը ցածր է, բայց բովանդակային հակադրություն ունի ԼՏՊ տվյալի հետՙ 83 դրական, 24 բացասական: Այս երկու թեկնածուները դիտարկման բոլոր փուլերում ստացել են հակադիր լուսաբանում, որի բեւեռացումն առավելագույնս արտահայտվել է «Կենտրոն» հեռուստաալիքում, որտեղ Սարգսյանը դրականապես հիշատակվել է 19, բացասականորեն 0 անգամ, Տեր-Պետրոսյանըՙ դրականապեսՙ 0 եւ բացասականորեն 44 անգամ: Առաջինի դրականի 9 եւ երկրորդի բացասականի 30 հիշատակումը եղել է «Ի՞նչ են գրում թերթերը» հաղորդմանը: Հանրայինն էլ հավասարակշռություն է ցուցաբերել միայն եթերաժամի բաշխման հարցում եւ ոչ թեկնածուների լուսաբանման:

Բարձր չի եղել բանավիճային հաղորդումներին թեկնածուների մասնակցության ցուցանիշը: Չմասնակցության բարձր ցուցանիշներ ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Դիտարկումը հիմք չի տվել խոսելու բուն նախընտրական քարոզչական նյութերի խոչընդոտման մասին: Հետազոտվող ԶԼՄ-ներից թեկնածուների համար ամենագրավիչը Հ1-ի վճարովի եթերն է եղել, այնուհետեւՙ «Արմենիա»-ն, ԱԼՄ-ն, «Շանթ»-ը, Հ2-ը, «Երկիր մեդիա»-ն, «Կենտրոն»-ը: Վերջինը ամենից քիչ գրավչություն ներկայացրածը Հանրային ռադիոեթերն է եղել «Թիմ» հետազոտությունների կենտրոնի մասնակցությամբ եւ Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ ԵՄԱ-ի իրականացրած դիտարկման արդյունքում:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4