«Համաժողովրդական շարժումը ՀՀՇ-ի իշխանությունը չէ, մենք միանում ենք համաժողովրդական շարժմանը, որը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը», երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում «Նոր ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) որոշումը հայտարարելուց հետո լրագրողներին ասաց կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: ՆԺԿ-ն որոշել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում պաշտպանել նախկին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:
«Նոր ժամանակներ» կուսակցության հայտարարությունները նրա առաջնորդ Արամ Կարապետյանի շուրթերից լսելու սովոր լրագրողական հանրությունը երեկ անակնկալի եկավ, երբ պարզվեց, որ կուսակցության հայտարարությունը հրապարակելու է վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Էլ ավելի անակնկալի եկանք, երբ հայտարարության հապճեպ հրապարակումից հետո կուսակցության մամուլի քարտուղարը տեղեկացրեց, թե հանդիպման իրենց ընտրած ձեւաչափում, չգիտես ինչու, երեկ հարցուպատասխանի հնարավորությունը հանվել էր եւ դրա համար այլ ասուլիսների պետք է սպասենք: Այդուհանդերձ, «ոտքի վրա» մի քանի հարց ուղղելու հնարավորություն եղավ:
«Ինչո՞ւ հայտարարությունը ՆԺԿ առաջնորդը չի հրապարակում», «Ազգի» հարցին Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, թե դա իրենց վարչության որոշումն է: Անշուշտ, դա կուսակցության վարչության իրավասության սահմաններում է, բայց մեր իրավունքն էլ կուսակցության նման վերաբերմունքից ենթադրություններ անելն է, հատկապես երբ այդպիսի հայտարարության դեպքում կուսառաջնորդի բացակայության որեւէ հստակ պատճառ չի ներկայացվում:
Տասը տարվա բնակության տեղեկանքի հայցով դատարան դիմած եւ մերժում ստացած Արամ Կարապետյանի ու նրա կուսակցության համար Տեր-Պետրոսյանին սատարելու որոշմանը դրդել է նաեւ հանգամանքը, երբ օրեր առաջ նույն հայցը վերաքննիչն էլ էր մերժել` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին ասաց Հրաչյա Սարգսյանը: Հայտարարության մեջ ՆԺԿ-ականները վստահություն են հայտնում, թե Արամ Կարապետյանին նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելը լրջագույն հարված էր նախագահական ընտրության լեգիտիմությանը: «Վարչակարգի կողմից նախընտրական շրջանում իրականացվող գործողությունների տրամաբանությունը վկայում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի համակարգային փոփոխությունը հնարավոր է բացառապես համաժողովրդական շարժման միջոցով», ասվում է կուսակցության հայտարարության մեջ: Տեր-Պետրոսյանին սատարելու որոշումը ներկայացնող հայտարարությունում մի ուշագրավ կետ էլ կա, որով ՆԺԿ-ականները կոչ են անում, թե երկրի ապագայով մտահոգված ընտրողը «չպետք է» քվեարկի իշխանության ներկայացուցիչների եւ նրանց սպասարկող ու ծառայող թեկնածուների օգտին: Կոնկրետ ես չգիտեի, որ որեւէ մեկն «իրավունք ունի» ինձ «արգելելու» իշխանությունների կամ որեւէ մեկ այլ թեկնածուի օգտին քվեարկել:
Հարցին, թե բոլոր ընտրություններից առաջ ՀՀՇ-ին քննադատած Արամ Կարապետյանի կուսակցությունն այսօր ինչպե՞ս է Տեր-Պետրոսյանին սատարելու որոշում կայացրել, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, թե իրենք ՀՀՇ-ի մասին բան չեն ասել, նրան սատարելու որեւէ բան չեն ասել, միայն ասել են, որ իրենք միանում են 2007-ին բարձրացած համաժողովրդական ալիքին, որը, նրանց համոզմամբ, ցույց տվեց, որ ժողովուրդն անկոտրում է: Հ. Սարգսյանի պնդմամբ, իրենց կուսակցությունը 20 հազարից ավելի անդամ ունի: ՆԺԿ-ն պատրաստվում է միանալ առաջին նախագահի փետրվարի 16-ին կայանալիք հանրահավաքին, իսկ ինչ վերաբերում է հետընտրական հնարավոր բախումներին կամ զարգացումներին, վարչության անդամը շեշտեց. «Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի ողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող վարչախմբի վրա»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ