«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2008-02-13 | #28, 2008-02-14 | #29, 2008-02-15


ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԹԱՏՐՈՆԻՑ

- Թատրոնն ի՞նչ է, որ գնամ: Ես հո առաջին դասարանցի չեմ, որ խաբվեմ ու թատերական ներկայացում դիտելու գնամ,- ասում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ 16-ամյա Մարիամը:

Այսպես են կարծում նաեւ բոլոր այն հիսուն երիտասարդները, որոնք մասնակցել են մեր հարցմանը: Բոլորն էլ նախընտրում են որեւէ գեղարվեստական ֆիլմ դիտել, քան թատերական ներկայացում:

Մարտունի քաղաքում 1987-ին ստեղծվեց թատերական խումբ, որն առաջին իսկ տարում «ժողովրդական» կոչում ստացավ: Սակայն անկախացումից հետո` 1992-2002 թվականներին, թատերական խմբի գործունեությունը ընդհատվեց: Ներկայումս թատերական խմբակում կա 9 դերասան, որոնցից միայն մեկն է վարձատրվում, մյուսները խաղում են կամավոր հիմունքներով: Կամավոր է թատրոնում խաղում նաեւ 18-ամյա Անի Գեւորգյանը, որի կյանքի մի մասն է դարձել թատրոնը: Սակայն Անին թատրոնում հայտնվել է բոլորովին պատահաբար, մինչ այդ ինքն էլ չի հասկացել այն: Ըստ նրա` այսօր հասկացող, խելոք երիտասարդներ չկան, որոնք կհասկանային թատրոնը: Ուստի իր շրջապատում ինքն այլեւս կոչ չի անում հասկանալ ու սիրել թատրոնը:

Թատերական խումբը տարին մեկ ներկայացում է մատուցում հանդիսատեսին (1 կամ 2 բեմադրություն): Ըստ թատերական խմբի ռեժիսոր Վազգեն Հովնանյանի` թատրոնն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի` հատկապես ֆինանսական եւ կադրային: Ներկայացումների համար ֆինանսավորում չի հատկացվում, ուստի նույնիսկ դեկորացիաները դերասաններն իրենք են պատրաստում: «Պատմական դրամաներ չենք կարող բեմադրել, քանի որ համապատասխան հագուստ եւ դեկորացիա չունենք: Մեծ խնդիր է եւ այն, որ չկան պրոֆեսիոնալ դերասաններ: Նման պայմաններում տարեկան մեկ ներկայացում բեմադրելը հերոսություն է: Երբեմն էլ ամիսներով, տարիներով աշխատում ես, մասնագետ դերասանուհի պատրաստում, եւ հանկարծ ամուսնանում է: Ամուսնանալուց հետո, որպես կանոն, թատրոնում էլ չեն խաղում, իսկ ամիսների աշխատանքը ջուրն է նետվում: Տվյալ դերի համար սկսում եմ նոր դերասան փնտրել»,- ասում է ռեժիսոր Վազգեն Հովնանյանը: Թատրոնում կա նաեւ դերասանների տարիքային խնդիր: Տարեց մարդիկ թատրոնում չեն խաղում, ուստի երբեմն 16-ամյա աղջնակը 60-ամյա կնոջ դեր է խաղում:

Իսկ այն, որ երիտասարդները չեն հետաքրքրվում թատրոնով, Վազգեն Հովնանյանը բացատրում է նրանով, որ այսօր երիտասարդները գրեթե չեն կարդում, ուստի նրանց խորթ է ու անհասկանալի բարձր ոճը:

Արվեստագիտության թեկնածու Ալեքսանդր Քոչարյանի կարծիքով, թատրոնի հետմղման հիմնական պատճառներից է հեռուստատեսությունը. «Մեր երիտասարդների ուշադրությունը սեւեռված է հեռուստատեսային էժանագին հաղորդումների վրա, որոնք ճաշակ են ցածրացնում»: Ըստ պարոն Քոչարյանի` թատրոնասեր հասարակություն ստեղծելու գործում մեծ է նաեւ դպրոցի դերը: «Հատկապես մարզային դպրոցներում պետք է սեր առաջացնեն դեպի արվեստը, թատրոնը, այնպես որ Երեւան հասնելուն պես առաջինը թատրոն այցելեն», ասում է պարոն Քոչարյանը:

Կարեւոր չէ, թե որն է թատրոնից հեռանալու պատճառը: Փաստն այն է, որ մարտունեցի երիտասարդները չեն հասկանում թատրոնը եւ նախընտրում են էստրադային երգիչներին լսել, կամ «կռիվ կինո» դիտել, բայց ոչ երբեք թատերական ներկայացում: Փաստն ինքնին մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ հեռանալ թատրոնից նշանակում է նաեւ որոշ առումով հեռանալ ազգային արժեքներից, թուլացնել ազգային ոգին:

ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4