Վերջին տարիներին հանրապետության տիտղոսակիր թիմերից մեկը` Գյումրիի «Շիրակը» հայտնվել էր ֆինանսական ճգնաժամում: Դրա հետեւանքով թիմի մի խումբ ֆուտբոլիստներ, որ մինչ այդ հավատարմորեն երկար տարիներ ծառայել էին «Շիրակին», աստիճանաբար լքեցին կոլեկտիվը: Եվ դա չէր կարող չանդրադառնալ «Շիրակի» մրցելույթների վրա: Գյումրեցիները, որ մինչ այդ գրեթե առանց պարգեւների չէին մնացել Հայաստանի առաջնություններում, զգալիորեն զիջեցին դիրքերը: 2005-ին «Շիրակը» եզրափակեց մրցաշարային աղյուսակը եւ մրցակարգի համաձայն պետք է հրաժեշտ տար բարձրագույն խմբին: Բայց լավ է, որ հաշվի առնելով թիմի վաստակը հայկական ֆուտբոլում, ֆեդերացիայի գործկոմը որոշեց բացառության կարգով թույլատրել շիրակցիներին հաջորդ մրցաշրջանում կրկին հանդես գալ ուժեղագույնների մրցավեճում:
Անցած մրցաշրջանում վերջապես թիմի ֆինանսական վիճակում տեղաշարժ նկատվեց: Ակումբի նախագահ Գառնիկ Խաչատրյանի ջանքերով, որը 1992-ից նեցուկ է եղել հարազատ կոլեկտիվին, «Շիրակն» աստիճանաբար շտկեց իրավիճակը: Հարազատ կոլեկտիվ վերադարձան թիմի հնաբնակներ Հովհաննես Դեմիրճյանը, Ֆելիքս Խոջոյանը, Արարատ Հարությունյանը, Երվանդ Հակոբյանը, Էդուարդ Վարդանյանը, Արտյոմ Բեռնեցյանը: Մրցաշրջանի կեսերին էլ «Միկայից» «Շիրակ» վերադարձավ Հովհաննես Թահմազյանը: Փորձառու ֆուտբոլիստներն էապես նպաստեցին «Շիրակի» ելույթների բարելավմանը: Թիմը կրկին սկսեց ցուցադրել իրեն բնորոշ կրքոտ խաղը, աչքի ընկավ մարտական բնավորությամբ` առաջնությունում գրավելով 6-րդ տեղը: Իհարկե, դա թիմի հնարավորությունների սահմանը չէ: Ուստի նոր մրցաշրջանում ակումբի ղեկավարությունը թիմի առջեւ ավելի բարձր պահանջներ է դրել: Ըստ «Շիրակի» գլխավոր մարզիչ Ժորա Բարսեղյանի, նոր մրցաշրջանում գյումրեցիները կփորձեն նվաճել հանրապետության գավաթը, ինչպես նաեւ պայքար կմղեն մրցանակային տեղերի համար: Ի դեպ, հնարավոր է, որ որոշ ընդմիջումից հետո «Շիրակի» ղեկը կրկին ստանձնի հանրապետության փորձառու մասնագետներից մեկը` Անդրանիկ Ադամյանը, որի անվան հետ են կապված թիմի նախկին հաջողությունները ՀՀ առաջնություններում եւ Սուպերգավաթի խաղարկությունում:
«Շիրակը» նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել է դեկտեմբերի կեսերից: Թիմը մարզումներն անցկացնում է առայժմ Գյումրիում` օգտագործելով քաղաքի սուղ մարզումային պայմանները: Բացօթյա մարզումներին զուգահեռ պարապմունքներն անցկացվում են նաեւ մարզադահլիճում: Առայժմ հիմնական ուշադրությունը դարձվում է տղաների ֆիզիկական պատրաստությանը, արագաուժային որակների բարելավմանը: Իսկ երբ թիմն ուսումնամարզական հավաքի մեկնի Արարատի «Այգ» մարզաբազա, այն ժամանակ արդեն ֆուտբոլիստների խաղային ունակությունները կփորձարկվեն ստուգողական հանդիպումներում:
«Շիրակը» լիովին պահպանել է կազմը: Սովորաբար թիմը հիմնականում համալրվում է տեղի երիտասարդ կադրերով: Միակ նորեկը «Արարատից» տեղափոխված Մխիթար Գրիգորյանն է, որը փորձաշրջան է անցնում թիմում: Շիրակցիները կմասնակցեն Արմավիրում ավանդաբար անցկացվող Հունան Ավետիսյանի հուշամրցաշարին, որից հետո կներգրավվեն Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ