«Զվարթնոց» օդանավակայանի հրշեջ ծառայությունից տեղեկացանք, որ փետրվարի 14-ին, ժամը 04.19-ին, թռիչքի պահին «Բել Ավիա» ընկերությանը պատկանող կանադական «Սի էր ժի 100» տիպի ինքնաթիռը թեւով բախվել է միջնորմին ու այդ պահին բռնկվել է: Երեւան-Մինսկ չվերթով թռչող ինքնաթիռում եղել են անձնակազմի 3 անդամ եւ 18 ուղեւոր: Պատահարի հետեւանքով 11 տուժածներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ 6-ը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մյուս հինգ տուժածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոնի ներովիրաբուժական բաժանմունք:
Հեռախոսով զրուցեցինք բաժանմունքի հերթապահ բժիշկ Հայկ Միրզոյանի հետ ու տեղեկացանք, որ տուժածների վիճակը անփոփոխ է: Նրանք ստացել են գանգուղեղային վնասվածքներ, սալջարդ եւ ուղեղի ցնցում: Նրանց կյանքին վտանգ սպառնացող որեւէ պաթոլոգիա չկա, նշեց բժիշկ Միրզոյանը ու ասաց, որ վիրավորների վիճակը կայուն է:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ