Բայց Մատենադարանի մոտ անպայման կհավաքվեն
«Այսօր ժամը 15-ին Մատենադարանի մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նշելու են իրենց թեկնածուի հաղթանակը: Եթե փորձեն կասկածի տակ առնել մեր հաղթանակը, մենք օրինականության բոլոր ձեւերով կպայքարենք հանուն այդ արդարության: Եթե անհրաժեշտ լինի, կմնանք հրապարակում այնքան ժամանակ, մինչեւ ԿԸՀ-ն հոգնի կեղծիքներ անելուց», երեկ ընտրությունների ավարտից րոպեներ անց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հրավիրած ասուլիսում հայտարարեցին առաջին նախագահի թիմակիցներ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Գրիգոր Հարությունյանը:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը համոզմունք հայտնեց, թե հերթական նախագահական ընտրությունների ժամանակ էլ իշխանություններն ապօրինություններ կատարեցին, որ հաղթի իրենց թեկնածուն, սակայն, «ի հեճուկս դրան, մեր տվյալներով, մենք հաղթել ենք հանրապետության ողջ տարածքում: Ստացվող տվյալներն ապացուցում են, որ եղել է բարձր մասնակցություն, եւ ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել է մեր թեկնածուին` ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Արձանագրելով իրենց թեկնածուի հաղթանակը` Ալեքսանդր Արզումանյանը հույս հայտնեց, թե հասարակությունն այս անգամ տեր կկանգնի իր ձայնին, որի համար իրավական եւ քաղաքական բոլոր մեթոդներով կպայքարեն նաեւ իրենք: Սա է պատճառը, որ այսօր առաջին նախագահի թիմը հավաքվելու է Մատենադարանի առջեւ:
Նիկոլ Փաշինյանը ապօրինությունների դեպքեր ներկայացրեց: Ըստ նրա, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրահանգով քաղաքացիներ Գագիկ Ղազարյանն ու Արսեն Խանամիրյանը շղթայակապ առեւանգվել են, ենթարկվել բռնությունների, ապօրինի ձեւով զրկվել իրենց ազատությունից, պահվել «Հարսնաքարի» նկուղային տարածքում: Փաշինյանի փաստերով, Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը իր համակիրների հետ բռնություն է կիրառել իրենց վստահված անձ Ռուբիկ Արմենյանի նկատմամբ: Ինչ վերաբերում է Աբովյանում իրենց թիմակիցներ Երջանիկ Աբգարյանի, Գուրգեն Եղիազարյանի եւ նրա որդու ծեծի դեպքերին եւ տեղեկությանը, թե բռնության ենթարկվածները ցուցմունք չեն տալիս, Փաշինյանը ցույց տվեց վերջիններիս դիմումը ոստիկանությանը, որը արձագանքի չի արժանացել: Հետաքրքրական էր Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը Սերժ Սարգսյանի շտաբի տարածած հաղորդագրության վերաբերյալ: Նա նշեց, թե Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի հայտարարության մեջ որեւէ փաստ չկա եւ եզրակացրել են, որ շտաբը տվյալ տեղեկատվության հետ կապված որեւէ ասելիք չունի: Փաշինյանը նաեւ Մեղրիում եւ Էրեբունի զանգվածում հոսանքազրկման մասին տեղեկություններ հրապարակեց նշելով, թե այս ամենը իշխանություններն անում են երկրորդ փուլի նախապատրաստության համար:
Հղում անելով «Ա1+» ինտերնետային կայքին` Նիկոլ Փաշինյանը մեջբերեց «Ալֆա գա» կազմակերպության Էքզիթ փոլի արդյունքները, ըստ որոնց Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել է 54, 2, իսկ Սերժ Սարգսյանըՙ 24,4 տոկոս: 132 ընտրատեղամասերում անցկացված էքզիթ փոլի արդյունքների վերաբերյալ լրագրողներից մեկիՙ «Էքզիթ փոլն արդյունք չէ» նկատառմանը Փաշինյանն արձագանքեց` ասելով, թե իրենք էլ ներքին ուսումնասիրություն են արել ընտրատեղամասերի առջեւ եւ դրանով իրենց թեկնածուն էլ ավելի շատ ձայների է արժանացել:
Այսօր հանրահավաքի դուրս գալու պատրաստ առաջին նախագահի թիմակից Գրիգոր Հարությունյանը բացառեց քաղաքացիական պատերազմը` նկատելով, թե նման բան լինում է ժողովրդի երկու թեւերի միջեւ առճակատման պարագայում, բայց նման բան չկա եւ ողջ ժողովուրդը, իր կարծիքով, ընդամենը պայքարում է 2 հոգու դեմ: «Մենք բացառում ենք իրադարձությունների նման հնարավորությունը, որովհետեւ 2 հոգին չեն կարող դեմ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի», հավելեց Փաշինյանը:
«Բոլոր իրավական եւ քաղաքական մեթոդներով տեր ենք կանգնելու մեր հաղթանակին: Իշխանությունների այս գործողությունների ամբողջ իմաստը երկրորդ փուլ ստեղծելն է, բայց մեր թեկնածուն հաղթել է առաջին փուլում, եւ սա պետք է արձանագրվի ամփոփիչ արձանագրությունում», համոզված են Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները:
Երեկոյան ժամը 21.30-ի սահմաններումՙ արդեն բրիտանական «Պոպուլուս» ընկերության էքզիթ փոլի արդյունքներով, Սերժ Սարգսյանըՙ 57,1 տոկոս, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը 17,4 տոկոս ձայն էին ստացել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ