«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2008-02-16 | #31, 2008-02-17 | #32, 2008-02-20


ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՂԵ՞Լ ԵՆ

Հենց այդ հարցը տվեցինք ՀՀ նախագահի թեկնածուների շտաբների պատասխանատուներին ընտրության ավարտից 15 րոպե առաջ: Թեկնածու Արամ Հարությունյանի շտաբի պետ Վալերի Սարգսյանը նշեց, որ իրենց թեկնածուի վստահված անձինք որեւէ խախտում չեն նկատել: Թեկնածու Արման Մելիքյանի շտաբի պետ Էլեանորա Ասատրյանը տեղեկացրեց, որ մեկ դեպք է գրանցվել, 8/21 տեղամասում իրենց վստահված անձ Պարգեւ Մնացականյանը ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել Մալաթիայի հիվանդանոց: «Ազգը» հեռախոսով զրուցեց Պ. Մնացականյանի հետ, ահա թե ինչ պատմեց նա: «Ես կեղծ քվեաթերթիկ նկատեցի մեկ ընտրողի մոտ, որը քվեարկած թերթիկը դրեց ծրարի մեջ, իսկ մաքուր թերթիկը դրեց գրպանը: Ես փորձեցի կանխել, այդ րոպեին ներս մտան բույվլներ ու ինձ ծեծի ենթարկեցին: Ոստիկանները անգամ չէին միջամտում, լուռ կանգնած էին: Ինձ շտապօգնությունով տարան հիվանդանոց ու պարզվեց, որ ես ստացել եմ ողի կոտրվածք, ուղեղի ցնցում եւ դեռ չգիտեմ, թե ինչ կարող է լինի: Ես ստորագրությամբ տուն եմ եկել, որովհետեւ մայրս կոտրվածքներով հիվանդ պառկած է: Արդեն 3 շտապօգնություն է եկել ու ցավերս չեն անցնում: Շենգավիթի ոստիկանությունից եկան, կիսատ-պռատ բացատրություն գրեցին ու գնացին: Ես հիմա ցավազրկող դեղերի ազդեցության տակ էսպես պառկած եմ»:

Թեկնածու Տիգրան Կարապետյանի շտաբի պետՙ Կարապետ Հակոբյանից տեղեկացանք, որ իրենց վստահված անձը զանգահարել է շտաբ ու տեղեկացրել, որ Թալինի շրջանի Արագածավանը հոսանքազրկվել է: Ուրիշ ընտրախախտում կամ անօրինականություն չեն նկատել: Թեկնածուՙ Արտաշես Գեղամյանի շտաբի պետ Ալեքսան Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենց վստահված անձինք ընտրախախտումներ չեն նկատել: Եղել են մանր-մունր բաներ, որոնք տեղում շտկել են: «Բայց նայեք, ասաց պրն Կարապետյանը, ինտերնետը լցրել են տարբեր տեսակի ինֆորմացիաներով: Մենք ե՛ւ քաղաքում, ե՛ւ մարզերում մեր վստահված անձանց հանձնարարեցինք ճշտել եւ պարզվեց, որ դրանցից ոչ մեկը չի համապատասխանում իսկությանը»:

Թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը խորհուրդ տվեց բացել իրենց էլեկտրոնային կայքէջը: Այդպես էլ արեցինք, կայքէջում զետեղված էր ընտրախախտումների մասին պատմող 6 դեպք, բայց քանի որ պաշտոնապես դրանց մասին տեղեկություն «Ազգը» չի ստացել, ուստի դրանք չենք հրապարակում մինչեւ ճշտվելը:

Թեկնածու Արթուր Բաղդասարյանի շտաբից մամուլի պատասխանատու Սուսաննա Աբրահամյանի անունից մեզ տեղեկացրին, որ գրանցվել է 15 ընտրախախտում, որոնք շտաբ են փոխանցել ընտրողներն ու վստահված անձինք: Սակայն շտաբից որեւէ վստահված անձի անուն, ազգանուն չնշեցին ահազանգի մասին տեղեկություն հայտնողներից: Մյուս թեկնածուների շտաբներից հնարավոր չեղավ ճշտել, ժողովի էին նստել:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4