«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2008-02-16 | #31, 2008-02-17 | #32, 2008-02-20


ՀԱՅԵՐԸ «ՊԱՏԱՆԻ ԵՐԱԺԻՇՏ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Փետրվարի 11-ին Դյուսելդորֆի Ռոբերտ Շուման դահլիճում քաղաքապետ Հայնց Վինթերվերբերի ողջույնի ուղերձից ու համերգային գունեղ ծրագրից հետո պատվոգրեր ու նվերներ հանձնեցին «Պատանի երաժիշտ» 45-րդ շրջանային մրցույթի հաղթողներին, որոնց մեջ քիչ էին գերմանացիները, պատկառելի թիվ էին ներկայացնում օտարներըՙ դրանց մեջ էլ նկատելին չինացիներն էին, ճապոնացիները, նաեւ հրեաներն ու ռուսները, իսկ մեզ ոգեւորության առիթ պարգեւեցին գերմանաբնակ մեր հայրենակիցներըՙ որոնց մի մասը մրցույթը շարունակելու է հաջորդՙ երկրամասային փուլում:

Դեռ անցյալ տարիՙ 44-րդ մրցույթին, երբ ձեռքս առա ծրագիրը, շատ ուրախացա տեսնելով, որ թավջութակահար չինացի Լի Հեն Հայդնի, Բախի ստեղծագործությունների կողքին հնչեցրել է Արտեմի Այվազյանի «Վրացական պարը»: Այս տարի համոզվեցի, որ սա պատահականություն համարել այնքան էլ ճիշտ չի լինի. տարբեր տարիքի պատանի 9 դաշնակահարներՙ իրենց ծրագրում ընդգրկել էին Արամ Խաչատրյանի փոքրածավալ ու մեծածավալ գործեր, իսկ նրանցից մեկըՙ Առնո Բաբաջանյանի «Էլեգիան»: Եթե վերջինը հայերիս համար ընկալելի հուզումով ներկայացրեց մեր հայրենակցուհի Նաիրի Սեւինչըՙ արժանանալով առաջին մրցանակի, ապա Խաչատրյանի պարագայում 20-րդ դարի մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարեցին ոչ միայն մոր կողմից հայ Անի Վիթհյոֆթը (Անին եւ քույրըՙ Մանեն բազմիցս են հիշյալ մրցույթի առաջին մրցանակակիր դարձել), այլեւ գերմանացի, չինացի, ռուս, պարսիկ ու նաեւ Բաքվում ապրած, ապա Գերմանիա տեղափոխված 11-ամյա Լեյլա Մոշրեֆիե-Ռավասդիանին: Ասել, թե նրանք բոլորն էլ հրաշալի ճանաչում են հայերին, հայ երաժշտությունը, անշուշտ ճիշտ չի լինի, ծրագրի ընտրությունը կատարում են նրանց ուսուցիչները, ովքեր մեծավ մասամբ նախկին ԽՍՀՄ կրթական համակարգի կրողներ են եւ իրենց «հայրենի» սահմաններին անծանոթ սաներին հուշում են, որ գեղեցիկ մեղեդի կարելի է գտնել նաեւ ոչ այնքան շատ պրոպագանդված երգահանների բնագրերում: Տարիներ շարունակ հպանցիկ հետեւելով հիշյալ մրցույթի արդյունքներին մրցանակակիրների մեջ հայ երեխաների անունների միշտ էլ հանդիպել եմՙ նրանցից երկուսին լավ եմ հիշումՙ Մարի Հունանյան (ջութակ), Աստղիկ Բեգլարյան (դաշնամուր): Այս տարի հիշյալ անուններին ավելացան Դավիթ Խոսրովյանի, Դանիել Հայմանի, Արփինե Բաղումյանի, Սաթենիկ Գույումճյանի անունները:

Անշուշտ, դժվար է ասել, թե Դաշնային Գերմանիայում քանի հայ է մասնակցել «Պատանի երաժիշտ» մրցույթի առաջին այս փուլին կամ դարձել մրցանակակիր: Կարելի է հուսալ, որ վերջինՙ Դաշնային փուլում մրցանակակիրների մեջ հայերի անունների հանդիպելու ենք:

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4