Էդիսոն Միրանդան կրկին բարձրագոչ հայտարարություններ է արել Արթուրի հասցեին
Մարտի 29-ին գերմանական Կիլա քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական` յոթերորդ անգամ տիտղոսի պաշտպանության համար մենամարտ կանցկացնի: Նրա մրցակիցը 27-ամյա ամերիկացի Էլվին Այալան է, որը IBF-ի վարկանիշային ցուցակում 15-րդ տեղում է: Նա այդ տեղում հայտնվել է Սերխիո Մորայի հետ մենամարտը ոչ-ոքի ավարտելու շնորհիվ: Այալան պրոֆեսիոնալ ռինգում 21 մենամարտ է անցկացրել, որից 18-ը շահել է (8-ը` նոկաուտով), 2-ում պարտվել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Արթուր Աբրահամը նշել է, որ այս տարի կցանկանար միավորել աշխարհի չեմպիոնի տիտղոսները, սակայն առաջին հերթին պետք է պահպանի IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: Արթուրի կարծիքով ինքն այժմ գերազանց մարզավիճակում է եւ դա իր վրա կզգա մրցակիցը: Լավատեսորեն է տրամադրված նաեւ Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները. «Արթուրը շատ լավ է հանդես գալիս, բայց կարող է ավելի լավ մենամարտել: Բայց ամեն դեպքում նա Այալայի հետ մենամարտում պետք է զգոն լինի: Ամերիկացի բռնցքամարտիկը դժվարին մրցակից է»:
Հիշեցնենք, որ WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելի Պավլիկի պրոմոութեր Բոբ Արումը հայտարարել էր, որ աշնանը ցանկանում է մենամարտ կազմակերպել Արթուր Աբրահամի հետ: Այդ մենամարտը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ում: Տեղեկանալով Արթուր Աբրահամի եւ Էլվին Այալայի առաջիկա մենամարտի մասին, կոլումբիացի Էդիսոն Միրանդան հերթական անգամ հարձակում է գործել Արթուրի վրա. «Այն ժամանակից ի վեր, երբ ջարդեցի ծնոտդ, դու ոչ մի լուրջ մրցակցի հետ չես մենամարտել: Դա պարզապես ծիծաղելի է, դու չես գործում այնպես, ինչպես վայել է իսկական չեմպիոնին եւ ուժեղ մրցակիցների հետ չես մենամարտում: Ինձ համար ծիծաղելի է, որ Աբրահամն ընտրել է Այալային, որը երկու անգամ պարտվել է Դեւիդ Բենքսին: Իսկ վերջինիս նոկաուտի եմ ենթարկել մեկ հարվածով: Եվ ավելի վատ է, որ նման մրցակիցներին նա հրավիրում է Գերմանիա, որտեղ մրցավարները նրա նկատմամբ բարյացկամ են: Եթե նա համարձակություն ունի, թող գա ԱՄՆ եւ նոր մենամարտ անցկացնի իմ հետ: Ես նրան կոչնչացնեմ»:
Բնականաբար, Արթուր Աբրահամի եւ նրա թիմակիցների պատասխանը չուշացավ: Sauerland Event պրոմոութերական ընկերությունը հայտարարել է, որ խիստ զարմացած է Միրանդայի խոսքերից, թե նոր մենամարտ է ցանկանում անցկացնել Աբրահամի հետ: Քանի որ դեռեւս անցյալ տարվա ամռանը Միրանդան մերժել էր կազմակերպության առաջարկը Արթուրի հետ կրկին մենամարտել:
Արթուր Աբրահամն էլ Միրանդայի խոսքերը պարզապես զառանցանք է համարել. «Ինչպես երեւում է, նա դեռեւս մեր մենամարտի հետեւանքներից չի ձերբազատվել: Թեեւ ծնոտս ջարդված էր, բայց նրան լավ ծեծեցի, ինչը ազդել է նրա խիզախության եւ մտավոր ունակությունների վրա: Եթե Միրանդան ցանկանում է իր հոգեկան խնդիրների մասին որեւէ մեկի հետ խոսել, ապա թող դիմի հոգեբույժին»: Աբրահամի պրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլանդն էլ քմծիծաղով է վերաբերվել Միրանդայի հայտարարությանը, նշելով, որ Արթուրը միջին քաշում ուժեղագույնն է եւ պատրաստ է յուրաքանչյուր բռնցքամարտիկի հետ ցանկացած վայրում մենամարտել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ