Մեքսիկական Մորելիա քաղաքում ընթացող շախմատի Լինարեսի մրցաշարում անհաջող մեկնարկից հետո Լեւոն Արոնյանը 2-րդ տուրում կարեւոր հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Սպիտակներով խաղացող Անանդը չկարողացավ դիմագրավել Արոնյանի ձեռնարկած հուժկու գրոհին եւ ստիպված էր հանձնվել: Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Թեյմուր Ռաջաբովն էր: Գրանցվեց ոչ-ոքի: Այսպիսով, 3 տուրից հետո Արոնյանը վաստակել է 1,5 միավոր եւ Պետեր Լեկոյի ու Վասիլի Իվանչուկի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:
Առաջատարը Վեսելին Թոփալովն է: 2-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Ռաջաբովի հետ, իսկ ահա հաջորդ տուրում բուլղարացի գրոսմայստերը հաղթեց Վասիլի Իվանչուկին: Հետաքրքրական է, որ մրցակիցների մրցախաղերը Լինարեսի մրցաշարերում բավական արդյունավետ են ստացվում: 2006-ին հաղթել էր Թոփալովը, 2007-ինՙ Իվանչուկը: Երկրորդ տեղում Վիշվանաթան Անանդն է, որն ունի 2 միավոր: Նա մրցում էր Մագնուս Կառլսենի հետ: 58-րդ քայլում Անանդը հաղթեց: Կառլսենը նախորդ տուրում ոչ-ոքի էր խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ: Երկուսն էլ ունեն մեկական միավոր:
2-րդ տուրում Իվանչուկը հաղթեց Պետեր Լեկոյին, որը հաջորդ պարտիան Շիրովի հետ ավարտեց ոչ-ոքի: 4-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցելու է Իվանչուկի հետ: Թոփալովի մրցակիցը կլինի Շիրովը: Անանդը կմրցի Ռաջաբովի, Կառլսենըՙ Լեկոյի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ