Սակայն նրա հիմնական ընդդիմախոս Տեր-Պետրոսյանը չի ընդունում ընտրության արդյունքները
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանի նախագահական ընտրություններն ավարտվեցին, նախնական արդյունքներով առավել քան համոզիչ է գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, 863544 ընտրող (կամ ընտրողների 52 տոկոսից ավելին) իր ձայնը տվել է Սերժ Սարգսյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանի քվեների թիվը 351306 է, Արթուր Բաղդասարյանինը` 272256: Վահան Հովհաննիսյանը 100876 քվե է ստացել, Վազգեն Մանուկյանը` 20939, Արտաշես Գեղամյանը` 7473, Տիգրան Կարապետյանը` 9754, Արամ Հարությունյանը` 3092, Արման Մելիքյանը` 4359:
Այդպիսով` երեք օր հետո այս նախնական արդյունքները մեկ անգամ եւս վերջնական կհրապարակվեն, իսկ ընտրության օրվանից մեկ շաբաթ հետո` ընտրությունների արդյունքների վերաբերյալ կկազմվեն վերջնական արձանագրությունները: Անկախ Հայաստանի հինգերորդ նախագահական ընտրությունների արդյունքում ունեցանք երկրի երրորդ նախագահը:
Սակայն, հայտնի բան է, որ Հայաստանում սովորաբար թեկնածուների մի մասը այդպես էլ չի կարողանում մի կողմ դնել հպարտությունը, որ սեփական բարձր ինքնագնահատականի հետեւանք է, ու գոնե մի անգամ ընդունել պարտությունը, անգամ մի քայլ էլ առաջ գնալ ու շնորհավորել ընտրված նախագահին:
Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ ասում է, թե այսքան ու այսքան ձայն կեղծվել է, անգամ իր նշած թվի պարագայում էլի ինքը չի հաղթել, էլի երկրորդ տեղում է, ու լավ կանի իրեն ձայն տված ընտրողին, որ բոլորովին էլ իր ընտրազանգվածը չէ, այլ գործող իշխանություններից դժգոհ շերտը, իզուր նյարդահան չանի ու հրապարակներ չկանչի: Ով ով` ինքը լավ պետք է իմանա, թե ինչպե՞ս են անտեսում ընտրողին ու նրա կամքը, 96-ին ինքը հենց այդպես վարվեց կես միլիոնից ավելի ընտրողի հետ, ովքեր ընտրել էին Վազգեն Մանուկյանին, սակայն ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարությանը չսպասելով` շամպայնի բաժակ բարձրացրեց իր հաղթանակի պատվին: Զարմանալի է, որ Արթուր Բաղդասարյանին եւս չեն բավարարում 270 հազարից ավելի ձայները, որոնք շատ ավելին էին խորհրդարանական ընտրություններին ՕԵկ վաստակածից, բայց նախագահական ընտրությունների մասնակից այս թեկնածուն կամ էքս թեկնածուն էլի բողոքում է եւ պահանջում անվավեր ճանաչել ավելի քան 100 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, վերահաշվարկ կատարել ավելի քան 200 ընտրական տեղամասերում, կարծես թե մի քանի մարդ ավելի խորհրդարան անցկացնելու խնդիրն է այս պահին լուծելու: Բայց չէ, երեւում է, առեւտուր միշտ էլ կարելի է անել, տալու եւ առնելու բան միշտ էլ կգտնվի: Մինչդեռ սովորելու բան այս անգամ կա Դաշնակցությունից, որն արժանապատվորեն ընդունում է իր պարտությունը. «Մի բան պարզ է` մենք պարտվել ենք: Ինչի՞ հետեւանք է, ինչքանո՞վ է դա առարկայական ժողովրդի տրամադրության արտահայտությանը, ինչքանո՞վ է դա կեղծիքների հետեւանք` չեմ կարող ասել, բայց մեր կազմակերպությունն ի վիճակի է հաղթահարելու այդ դժվարությունները», ասում է խորհրդարանական ընտրություններին շատ ավելի մեծ քվե հավաքած կուսակցության ներկայացուցիչը:
Մի բան ակնհայտ է` ուզեն, թե չուզեն, բոլոր թեկնածուները, հատկապես բարձր քվե ստացածներն ու առաջին հերթին Տեր-Պետրոսյանը, ապահովեցին հաղթած թեկնածուի լեգիտիմությունը, ինչը Հայաստանի նախագահին այս պահին շատ անհրաժեշտ է: Տեր-Պետրոսյանի խնդիրն է, թե չի ընդունում ընտրությունների արդյունքները, դրանից ի՞նչ է դուրս գալու` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականը դրական է, Սարկոզին, Սաակաշվիլին ու Պուտինը արդեն շնորհավորեցին, եւ ընդհանրապես էլ ոչ մի ձեւով չի երեւում, թե նախնական արդյունքներով ընտրված նախագահի քվեների համեմատ այդքան մեծ տարբերությունների դեպքում, նույնիսկ շատ մեծ կեղծիքներ եթե լինեին` կարելի է ընտրությունների արդյունքների էական փոփոխություն կամ նոր ընտրություն ակնկալել:
Մի թռուցիկ հայացք գցելով 9 թեկնածուների ստացած ձայներին` կարելի է առաջին եզրակացություններն անել. Արտաշես Գեղամյանը Տիգրան Կարապետյանից քիչ ձայն է ստացել, էս էլ քեզ «Արարման ծրագիր», ու հազիվ թե այլեւս երբեւէ նախագահի թեկնածու առաջադրվի: Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյանը մեկ գյուղի ընտրողի ձայն են ստացել, թեեւ գյուղապետի պաշտոնի համար չէին առաջադրվել: Վաղուց ակնհայտ էր, եւ հիմա վերջնականապես պարզ դարձավ ակնհայտը դեռեւս չընդունողներին, որ Վազգեն Մանուկյանին, այնուամենայնիվ, մեր ժողովուրդը չի գնահատում, ու չարժե այլեւս պատրանքներ ունենալ այս թեկնածուի ուղղությամբ: Իսկ Արթուր Բաղդասարյանն ու Վահան Հովհաննիսյանը դեռ մի երկու անգամ կարող են նախագահական ընտրությունների մասնակցել, ինչը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում հազիվ թե հնարավոր լինի` հաջորդ նախագահական ընտրություններին նա 68 տարեկան կլինի:
Մի նկատառում հաղթած թեկնածուին. այնուամենայնիվ, օրվա իշխանություններից դժգոհ 300 հազար մարդուց ավելի ընտրազանգված կա, որի խնդիրները նորընտիր նախագահը պարզապես չի կարող շրջանցել, քանի որ եթե այս անգամ դրանք արտահայտվեցին քվեի տեսքով, առաջիկայում կարող են այլ դրսեւորումներ ունենալ. նրանց նախագահը եւս նա պիտի լինի, պիտի կարողանա մեղմել նրանց դժգոհությունը, ուրիշին ընտրելու նրանց շարժառիթներն ու պատճառները վերացնել: Թե չէ ոստիկան ու «սպեցնազ» կանգնեցնելով` խնդիր չես լուծի ու մարդկանց հուզող հարցի պատասխանը չես տա: Նոր նախագահն, իրոք, պետք է փորձի լուծել դժգոհություն ծնող սոցիալական պատճառները, արդար կառավարմամբ ձեռնամուխ լինի անարդարության ու կամայականության պատճառով վիրավորվածների եւ անիրավվածների հոգսերը թեթեւացնելուն, հատկապես կադրային քաղաքականության հարցում գավառական եղանակներից անցում պետք է կատարվի քաղաքակիրթ եղանակների... Մի խոսքով` անելու շատ բան ունի, եթե իր քարոզչության հանգույն` ուզում է հայերին ու Հայաստանն առաջ տանել: