ՀՀ նախագահական ընտրությունները լայն արձագանք են գտել Ռոյթերի գլխավորությամբ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներում: Ընտրություններին արձագանքել են նաեւ թուրքական լրատվամիջոցները, ընդգծելով դրանց արդյունքների կարեւորությունը Թուրքիայի համար: Ընդգծումը, պաշտոնական Անկարայի տեսանկյունից, ենթադրում է շահախնդիր շահագրգռություններ, իսկ դրանց արտահայտությունն է դառնում ինչպես նախագահի թեկնածուների քարոզարշավի, այնպես էլ ընտրությունների ընթացքի վերաբերյալ զանազան նյութերի, վերլուծականների հրապարակումը թուրքական կենտրոնական թերթերում:
Փետրվարի 20-ի համարներում այս թերթերը ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները դեռեւս չեն վերլուծել, սակայն արդյունքների առնչությամբ որոշակի հետեւություններ, այնուամենայնիվ, արել են: Մինչ հետեւություններին անդրադառնալը նշենք, որ փետրվարի 13-ին «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության` Ազգայնական շարժում կուսակցության խոսափող «Ենի չաղ» թերթը հարկ էր համարել հիշեցնել «արտգործնախարարության մեծարգո պարոններին», որ Հայաստանի նախագահական ընտրությունները կենսական նշանակություն ունեն Թուրքիայի համար: Իսկ փետրվարի 18-ին թուրքական հանրային հեռուստատեսության 2-րդ ծրագիրը Կոսովոյում անկախության հռչակման, Կիպրոսի Հանրապետությունում նախագահի ընտրությունների հետ Թուրքիայի համար կարեւորագույն երեք իրադարձությունների թվում մատնացույց արեց Հայաստանի ընտրությունները:
Հաշվարկն ակնհայտ էր. եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին չհաջողվի հաղթանակի հասնել ընտրություններում, ապա բողոքի ցույցերով ներքաղաքական լարվածություն կստեղծի Հայաստանում եւ երկիրը կտանի ապակայունացման: Համենայն դեպս փետրվարի 20-ին թուրքական հանրային հեռուստատեսության 1-ին ծրագիրը ընտրությունները լուսաբանեց «Հայաստանում Սերժ Սարգսյանի հաղթանակը», CNN-Turk-ը` «Հայաստանի ընտրություններում հաղթանակը Սարգսյանինն է», «Զամանը»` «Հայաստանում կոշտ դիրքորոշման հաղթանակը» վերնագրերով:
Վերոհիշյալ 3 լրատվամիջոցներն էլ, նշելով նախագահի թեկնածուների ստացած ձայների մասին նախնական տվյալները, անդրադառնում են ընտրախախտումների կամ ընդդիմության թեկնածուների դեմ բռնությունների գործադրման այսպես կոչված փաստերին, մեջբերում Տեր-Պետրոսյանի «բոլոր իրավական եւ քաղաքական մեթոդներով իրավունքներին տեր կանգնելու» մասին խոսքերը, ապա եւ հիշեցնում են, որ վերջինը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ որդեգրած մեղմ դիրքորոշման համար 1998-ին պարտադրված հրաժարական տվեց Հայաստանի նախագահի պաշտոնից:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակի առնչությամբ թուրքական լրատվամիջոցների հետեւություններին, ապա դրանց մասին հստակ պատկերացում է տալիս «Զամանը», գրելով. «Երկու երկրների միջեւ հարաբերությունները, որոնց սրման պատճառ է դարձել 1915-ի իրադարձությունների առումով ողջ աշխարհում Թուրքիայի դեմ հայկական սփյուռքի ծավալած քարոզարշավը, հազիվ թե բարելավվեն Քոչարյանի պես ղարաբաղյան ծագում ունեցող Սերժ Սարգսյանի օրոք»:
«Զամանին» փետրվարի 19-ի համարում լրացրել էր «Սաբահը», մատնանշելով. «Սարգսյանը (ըստ երեւույթին Քոչարյանը) Տեր-Պետրոսյանի մասին ասել էր, որ ընտրվելու դեպքում Հայաստանը կդարձնի Թուրքիայի նահանգ: Մինչդեռ Տեր-Պետրոսյանն աչքի է ընկնում թուրքականին մոտ արտահայտություններով: Փետրվարի 16-ին Երեւանի հանրահավաքում նա ասել էր. «Արտաքին աշխարհ դուրս գալու ճանապարհը Թուրքիայով եւ Ադրբեջանով է անցնում: Այս երկրների հետ ունեցած խնդիրների պատճառով մենք դատապարտվեցինք Ռուսաստանի հովանավորությանը: Սերժ Սարգսյանի ընտրության դեպքում կմեծանա պատերազմի վերսկսման հավանականությունը Լեռնային Ղարաբաղում, իսկ Հայաստանը չի դիմանա նոր պատերազմին»: Տեր-Պետրոսյանը միաժամանակ նշեց ցեղասպանության հարցում որդեգրած դիրքորոշումից հրաժարվելու անհրաժեշտությունը եւ հաղթանակ խոստացավ ներկաներին: Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը նույնությամբ շարունակելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը, ինչպես նաեւ Քոչարյանի նման ղարաբաղցի լինելու հանգամանքը դժվարացնում են երկու երկրների հարաբերությունների կարգավորումը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ