Նախագահական ընտրությունները Հայաստանում ավարտվեցին եւ արդեն կարելի է որոշ ամփոփումներ կատարել: Ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդը համարվում էր վարչապետ Սերժ Սարգսյանը եւ այս առումով ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին: Անակնկալ արձանագրվեց երկրորդ տեղի համար պայքարում: Այն զբաղեցրեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ստանալով ավելի քան 350 հազար ձայն: Դա առավել քան արտառոց էր մի կողմից, բայց որոշ չափով օրինաչափՙ մյուս կողմից:
Օրինաչափ, որովհետեւ նախկին նախագահի վարած քարոզարշավը խիստ ագրեսիվ էր, լի կեղծ տեղեկություններով, անձնական վիրավորանքներովՙ ուղղված ոչ միայն իշխանություններին, այլեւ ընդդիմությանը: Այսինքն, գործում էր «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքը: Երեւութականությունը, որ նրան օգնում են տասնյակ կուսակցություններ եւ կազմակերպություններ, նույնպես որոշակի ազդեցություն էր թողնում: Թեեւ այդ 20 կուսակցություններն ու կազմակերպությունները ե՛ւ իրենց անդամների թվով, ե՛ւ ազդեցությամբ զիջում են ընդամենը մեկՙ քիչ թե շատ կայացած կուսակցության վարկանիշին: Ընտրողներին ապակողմնորոշում էին նաեւ պարբերաբար արվող հայտարարությունները, թե իբր նախկին նախագահի կողմն են անցել ուժային նախարարությունների, հարկային եւ մաքսային կառույցների, պետական ծառայողների, երկրապահների մի մասը կամ զգալի մասը, կամ շուտով իրենց կողմն են անցնելու: Աշխատում էր գեբելսյան հայտնի տեխնոլոգիան. «Երբ սուտը հաճախ է կրկնվում, ճշմարտության տեղ է ընդունվում»: Նույնը կարելի է ասել, «արդեն հաղթած» լինելու կիրառվող տեխնոլոգիայի մասին: Դա նույնպես ազդեցություն էր թողնում: Ապատեղեկատվության կարեւոր բաղադրիչ էր առավելագույնը 50-60 հազարանոց հանրահավաքները որպես 200 հազարանոց կամ ավելի ներկայացնելը: Մեղրիի չեղած տարբերակ, «Հոկտեմբերի 27-ի» շահարկում, ժողովրդի պառակտում հայաստանցիների եւ ղարաբաղցիների, համատարած պիտակավորումներ, դավաճանների փնտրտուք յուրաքանչյուր թեկնածուի մեջ: Այս ամենը, ճիշտ է, վնասեց մեր ազգային եւ պետական շահերին, բայց միանշանակ օգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ընտրողներին եւ հատկապես իշխանություններից օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն դժգոհ ընտրողներին ապակողմնորոշելու միջոցով նա կարողացավ հավաքել իր հնարավոր ձայների առավելագույնը: Իսկ որ գործող իշխանություններից օբյեկտիվ դժգոհողները քիչ չեն եւ հենց ներկայիս իշխանություններն են Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքած ձայների հիմնական մեղավորները, անկասկած է:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքած ձայների այս քանակը պետք է մտահոգիչ լինի բոլորիս համար: Դրանով պետք է մտահոգվեն ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, քանզի հենց վերջինիս ձայները նա կարողացավ տանել: Տրամաբանական է, որ իշխանության թեկնածուին տրվելիք ձայները չէ, որ պետք է անցնեին արմատական եւ անհանդուրժող ընդդիմությանը: Վերջինիս անցան նաեւ իշխանությանը մաս կազմող, բայց որոշակիորեն ընդդիմադիր տրամադրություններ արտահայտող Դաշնակցությանըՙ հակառակ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն տեսակետին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տանելու էր ոչ թե իրենց, այլ Սերժ Սարգսյանի ձայները: Բացի այդ, մարդիկ, որոնք հակված էին ձայն տալու Վահան Հովհաննիսյանին կամ Վազգեն Մանուկյանին, սարսափելով Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության վերադառնալու հեռանկարից, իրենց ձայները տվեցին նախկին նախագահի վերադարձը կանխելու իրական հնարավորություն ունեցող միակ թեկնածուինՙ Սերժ Սարգսյանին: Անցած ընտրությունների արդյունքները սառը ցնցուղ էին հատկապես «Օրինաց երկրի» եւ նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար: Անգամ վերջինիս բնորոշ պոպուլիզմը հնարավորություն չտվեց նրան երկրորդ տեղը զբաղեցնելու: Դրանով նա պարտական է նախ եւ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանզի առավել մեծ ձայներ նրանից խլեց հենց առաջին նախագահը: Բացի այդ, Արթուր Բաղդասարյանն արժանացավ Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ ամենադաժան քննադատությանը, պիտակավորմանը եւ շանտաժներին:
Իսկ ինչո՞ւ էր զարմանալի առաջին նախագահի այդքան ձայն ստանալը: Զարմանալի էր, քանզի կարծես թե երկար ժամանակ չէր անցել 90-ականնների դաժան իրականությունից, քանզի կենսամակարդակի որոշակի բարելավման հասնելով, մեր բնակչության մի հատված սկսեց կարոտել այդ տարիները, քանզի մոռացավ, թե ինչի վերածեց համազգային շարժումը առաջին նախագահը, ինչպես փոշիացրեց ժողովրդի միասնականությունը, վստահությունն ու հավատը իշխանության եւ անկախ պետականության նկատմամբ, մոռացավ հացի հերթերը եւ այդ հերթերի մեջ կատաղի պայքարում ձեռք գցած հացի պարունակությունը, մոռացավ աննկարագրելի եւ թվում էր, թե անմոռանալի ցուրտը բնակարաններում եւ ահուսարսափով հերթական ձմռան սպասումները, մոռացավ մշտական դարձած ժամանակավոր կացարանները աղետի գոտում, մոռացավ հազարավոր ցրտահարված ձեռքերով ու ոտքերով, տեսողության խանգարումներ ստացած ու բազում այլ հիվանդությունների տեր դարձած երեխաներին ու մեծահասակներին, մոռացավ կտրատվող ծառերի ճռնչյունը, մոռացավ մեկ անգամից գործազուրկ եւ աղքատ դարձած հարյուր հազարավոր մարդկանց, մոռացավ Հայաստանից արտագաղթողների, ինքնաթիռի տոմսով բնակարաններ վաճառողների քարավանը, մոռացավ ՀՀՇ-ի իշխանավորների կուշտ ու գոհ դեմքերը համընդհանուր թշվառության ֆոնին, մոռացավ, թե ովքեր օգտվելով ժողովրդի անսահման հավատից, անցան իշխանության գլուխ եւ ինչպես վարվեցին իրենց իշխանության բերած ժողովրդի հետ, մոռացավ, որ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների պայքարի եւ Ղարաբաղյան շարժման շնորհիվ նախագահ դարձած անձը այսօր փնովում է այդ նույն Ղարաբաղն ու ղարաբաղցիներին: Այսպես կարելի է անվերջ շարունակել: Եվ զարմանալի է, որ այս ամենի համար նախկին նախագահից ներողություն եւ մեղքերի ընդունում պահանջելու փոխարեն 350 հազարից ավելի մարդիկ, կամ մեր մեծահասակ բնակչության մոտ 15 տոկոսը, ընտրում են նրան: Սա, եթե շատ մեղմ արտահայտվենք, ոչ այլ ինչ է, քան ժողովրդի վերոնշյալ հատվածի հիշողության զանգվածային կորուստ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ