«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2008-02-17 | #32, 2008-02-20 | #33, 2008-02-21


ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱՊԵՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվեցին մեծապես համապատասխան երկրի միջազգային պարտավորություններին, չնայած հետագա բարելավումը անհրաժեշտ է կապված դեռեւս առկա մարտահրավերների հետ»: Միջազգային դիտորդական առաքելության երեկ հրապարակած նախնական եզրակացությամբ այսպիսին են եղել նախագահական ընտրությունները:

Ըստ այդմ, միջազգային դիտորդները պարզել են, որ հայաստանյան իշխանությունները ռեալ ջանքեր են գործադրել նախորդ ընտրություններում (նկատի ունեն նախորդ նախագահական ընտրությունները-Ա.Հ.) դիտարկված թերությունները հաղթահարելու համար: Միեւնույն ժամանակ, հայտարարության մեջ նշվում է. «Կարիք կա հետագա կատարելագործման եւ քաղաքական կամքի, ջանք թափելու այնպիսի մտահոգությունների առնչությամբ, ինչպիսիք են ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահության պակասը եւ պետության ու կուսակցական գործողությունների հստակ տարբերակման բացակայությունը: Հաշվարկման իրականացումը չցրեց շահագրգիռ կողմերի կասկածները»:

«Ակտիվ եւ մրցակցային ընտրություններում», ըստ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ եւ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ կոորդինատոր Անն-Մարի Լիզինի, հայերը կանգնեցին զգալի քաղաքական այլընտրանքների առաջ: «Մեր դիտարկած խնդիրները, մասնավորապես ձայների հաշվման ընթացքում, պետք է լուծվեն բարձրացնելու համար ընդհանուր վստահությունը ընտրական գործընթացի հանդեպ», երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում հրավիրված ասուլիսում հայտարարեց տիկին Լիզինը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոթը նշեց, որ այս ընտրութունների շրջանակներում բարելավումները, միեւնույն ժամանակ, դրանց իրագործման խնդիրները, հատկապես ձայների հաշվարկի առումով, որոշ դեպքերում «վնասում են մարդկանց վստահությանը»: Ամեն դեպքում, ըստ Պրեսկոթի, վերջնական ընտրությունը հայ ժողովրդի ձեռքում է, միեւնույն ժամանակ, հավատը ընտրական գործընթացի հանդեպ իրական ժողովրդավարության համար վճռական է:

«Նախորդ նախագահական ընտրությունների համեմատությամբ նշանակալի առաջընթաց է նկատվել կապված ընտրական գործընթացի նախապատրաստման եւ իրականացման հետ», ներկայացրեց Եվրոպական խորհրդարանի առաքելության ղեկավար Մարի Անն Իսլեր Բեգինը: Ըստ նրա, ողջ ընտրական միջավայրն ու զեկուցված միջամտությունները դեռեւս պետք է ուշադրությամբ քննվեն: «Եվրոմիությունը կշարունակի աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը Հարեւանության քաղաքականության միջոցով»:

Որպես ամփոփում նախնական եզրակացության, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գիրթ Արենսը հայտարարեց, որ ընտրությունները մեկ օրվա իրադարձություն չեն, իսկ այս եզրակացությունն էլ նախնական է: «Մենք կմնանք Հայաստանում դիտարկելու աղյուսակավորման գործընթացի ամբողջականացումը եւ ընտրական քննարկումների ավարտը` մատչելի մեխանիզմների միջոցով: Այս գործընթացը պետք է պարզի ընտրությունների այն ասպեկտները, որոնք հետագա հետաքննության կարիք ունեն», նշեց Արենսը:

Ասուլիսի մասնակիցները նշեցին, որ ընտրություններում բարձր էր թափանցիկությունը, թեկնածուների մեծ մասը բավականին ակտիվ էին քարոզարշավի ընթացքում, ընդհանուր առմամբ կար հարգանք կարծիքների եւ մոտեցումների արտահայտման նկատմամբ: Մամուլի առնչությամբ էլ դիտարկման նախնական եզրակացությունն այն էր, որ ընդհանրական կտրվածքում հավասարապես են վերաբերվել թեկնածուներին:

Ինչ վերաբերում է բողոքներին, ապա այդպիսիք եվրոպական դիտորդական առաքելությունը ստացել է 56-ը, բայց դրանք, առաքելության ղեկավարների խոսքերով, առավելապես չէին հաստատվում փաստերով: Բացի այդ, ընդհանրական էր նաեւ լարվածությունը հենց քվեարկության օրը:

Մոտ 400 միջազգային դիտորդների դիտարկումների ընդհանուր տպավորությունը փոխանցելով` ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ կոորդինատոր Անն-Մարի Լիզինը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ կար առաջընթաց: Իսկ ընդդիմադիր թեկնածուների դժգոհությունը, թե վարչապետ թեկնածուն ուներ առավելություններ քարոզարշավում, Անն-Մարի Լիզինի խոսքերով, առավելապես սահմանադրական խնդիր է, որ առկա է շատ երկրներում:

Եվրոպական դիտորդական առաքելության վերջնական զեկույցը սպասվում է մոտ երկու ամսից:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4