Գլխավորապես ՆԱՏՕ-ի երկրների զորախմբերից բաղկացած խաղաղարար ուժերը փետրվարի 19-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումից հետո փակել են բնիկ սերբական, այժմ առավելապես ալբանաբնակ այդ մարզի հյուսիսային սահմանը: Խաղաղարար ուժերի ներկայացուցիչները երեկ BBC-ի թղթակցի հետ զրուցելիս հայտարարել են, որ նախապես որոշված է սահմանը փակ պահել 24 ժամ, բայց գործողությունը կարող է շարունակվել:
Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի ամերիկյան զորախումբը փակել է Կոսովոյից Սերբիա տանող գլխավոր ճանապարհը, իսկ էստոնական եւ ֆրանսիական զորախմբերըՙ Կոսովո-Չեռնոգորիա ճանապարհը:
Այսպիսով, Կոսովոյի առավելապես սերբաբնակ հյուսիսային մասը կտրված է Սերբիայից: Կոսովոյի եւ Մետոխիայի սերբերի Ազգային ժողովն ավելի վաղ Բելգրադից պաշտոնապես պահանջել էր վարչական միջոցներ ձեռնարկել Կոսովոյում մնացած սերբերի իրավունքների պաշտպանության համար: Բայց Սերբիան դեռ չի արձագանքել Կոսովոյի սերբերի պահանջին: