2008 թվականի հունվարի 22-ին լրացավ Ջորջ Նոել Գորդոն Բայրոնի ծննդյան 220-ամյակը: Այս օրը, իհարկե, մեծ շուքով նշվեց Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում: Սակայն բանաստեղծի կենդանության օրոք եւ նրա մահվանից շատ տարիներ անց էլ Անգլիայի իշխանությունները շատ կողմնակալ էին նրա նկատմամբ եւ այնքան էլ հաճույքով չէին հիշում Բայրոնի անունը:
Ծագումնաբանները սիրում են ժառանգների մեջ փնտրել ծնողների շարունակությունը: Այս իմաստով Բայրոնի (1788-1824 թթ.) ազգականների եւ նախնիների օրինակը բավականին ուսուցողական է: Բանաստեղծի պապը` Ջեկ Վատեղանակը (այս մականունը նա ստացել է այն պատճառով, որ նրա յուրաքանչյուր մարտի ժամանակ եղանակը պարզապես անտանելի էր լինում) չնայած իր փոթորկուն կյանքին, կարգուկանոն սիրող մարդ էր: Իսկ, ահա, նրա որդին` Խելագար Ջոնը հայտնի էր իր սիրային արկածներով, ով մի քանի կանանց էր թողել, իսկ իր վերջին սիրուհուց` Քեթրին Գորդոնից ազատվելու համար փախավ Ֆրանսիա: Ու շոտլանդական արքայական հին տոհմից սերված Քեթրինն էլ 1788 թվականի հունվարի 22-ին ծնեց ապագա բանաստեղծին: Հետո... Հետոն շատ հրաշալի նկարագրել է Անդրե Մորուան իր հանրահայտ «Դոն Ժուան կամ Բայրոնի կյանքը» վեպում:
Դեռեւս իր կենդանության օրոք Բայրոնը պետք է հասներ հանճարեղ բանաստեղծի փառքին: Այնուամենայնիվ անգլիացի մաքրամոլները զգուշացան չափազանցությունների մեջ ընկնել: Ավելին, նույնիսկ մահվանից հետո անգլիացի իշխանավորները հրաժարվեցին նրա դին թաղել Վեստմինստրյան աբբայության «Բանաստեղծների անկյունում»: Սկզբնական օրերին բանաստեղծի մարմինն ամփոփվեց Բայրոնների տոհմական գերեզմանոցում: Եվ միայն հասարակության ճնշման տակ, արդեն 20-րդ դարի վերջին, աբբայության գերեզմանատանը իր վերջին հանգրվանը գտավ:
Այժմ արդեն գիտնականները` ծագումնաբանները, հոգեբաններն են լծվել Բայրոնի կյանքի ուսումնասիրությանը: Նրանք խոստանում են հայտնագործություններ անել: Բայց` ինչպիսի՞: Սպասենք:
Ս. Գ.