Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից արդեն հինգերորդ տարին կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում, 2007 թվականի ապրիլի 13-ը հայտարարվեց դպրոցականներիՙ «Իմ սիրած գիրքը», «Իմ գրադարանը», «Ի՞նչ է ընթերցանությունը» վերնագրերով շարադրությունների մրցույթի օր: Արդյունքում` ասոցիացիայի վարչությանը ներկայացվեց 130 շարադրություն, որից հաղթող ճանաչվեցին 34-ը: Ընթերցողի սեղանին է մրցույթում հաղթողների շարադրությունների ժողովածուն` «Գիրքը եւ ես» վերնագրով:
Ազգային գրադարանի տնօրինության նիստերի դահլիճի ընդարձակ սեղանն այս անգամ իր շուրջն էր հավաքել հաղթանակի բերկրանքը վայելող աշակերտներին, նրանց, ովքեր մի ուրույն հուզմունքով էին զբաղեցրել իրենց համար այդքան տարօրինակ ու պատվաբեր աթոռները, իսկ հուզմունքը կրկնակի էր, քանզի պարգեւներ պիտի ստանային` այն էլ հանրապետության թիվ մեկ գրադարանում: Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից ժամանած աշակերտներին եւ ուսուցիչներին նախ ողջունեց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, ով եւ «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանի հետ տպագրության է պատրաստել ժողովածուն:
- Այսպիսով` նպատակ ունենք խթանելու աշակերտների հետաքրքրությունը դեպի գիրքը, գրադարանը, ընթերցանությունը,- նշեց Ռաֆիկ Ղազարյանը, որի ելույթին հաջորդեց Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի ջերմ շնորհավորանքը: - Ես անչափ ուրախ եմ, որ ձեզ նման գրագետ ու գրքասեր սերունդ է մեծանում: Դուք եք մեր ապագան, Հայաստան աշխարհի վաղվա տերերը:
Գիրքը հրատարակվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության հովանավորությամբ: ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը նշեց, որ ՀՅԴ-ն արդեն քանիցս սատարել է այս կարգի ձեռնարկների եւ այս համատեքստում Ազգային գրադարանային շաբաթին հովանավոր դառնալն անչափ կարեւոր էր: Շնորհավորելով աշակերտներին, ԱԺ պատգամավորը հորդորեց նրանց շատ կարդալ:
Դպրոցականներին ողջունեցին նաեւ «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ Աղաբեկյանը, գրող Հրաչյա Մաթեւոսյանը, ով ցանկություն հայտնեց այս տարվա մրցույթին աշակերտների շարադրություններին ծանոթանալ դեռեւս ձեռագիր վիճակում:
Նշենք, որ շարադրությունների մրցույթ հայտարարվել էր նաեւ 2006 թվականին կայացած Ազգային գրադարանային շաբաթի ժամանակ, որի հաղթողներ ճանաչված 35 աշակերտների շարադրություններն ամփոփող «Գիրքը եւ ես» ժողովածուի առաջին հրատարակությունը հայ ընթերցողին է ներկայացվել դեռեւս անցյալ տարի:
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ