«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2008-02-17 | #32, 2008-02-20 | #33, 2008-02-21


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Լինարեսի շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ: Վերջինս սովորաբար Արոնյանի համար անհարմար մրցակից է: Բայց այս անգամ Լեւոնն իրեն հիանալի դրսեւորեց եւ 60-րդ քայլին հասավ կարեւոր հաղթանակի: Այդ հաջողության շնորհիվ հայ գրոսմայստերը 4 հնարավորից 2,5 միավորով Վիշվանաթան Անանդի ու Վեսելին Թոփալովի հետ գլխավորեց աղյուսակը:

4-րդ տուրն անհաջող էր մրցաշարի առաջատար Թոփալովի համար: Համառ մրցապայքարում 63-րդ քայլին բուլղարացի գրոսմայստերը զիջեց Ալեքսեյ Շիրովին: Իսկ ահա Անանդ-Ռաջաբով պարտիան շատ կարճ տեւեց: 22-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ Կառլսեն-Լեկո պարտիայում: 2-ական միավորով 4-5-րդ տեղերում են Պետեր Լեկոն ու Ալեքսեյ Շիրովը, 1,5-ական միավոր ունեն Մագնուս Կառլսենը, Թեյմուր Ռաջաբովն ու Վասիլի Իվանչուկը:

5-րդ տուրում Արոնյանը կմրցի Ալեքսեյ Շիրովի հետ: Դա կլինի մրցաշարում սպիտակ խաղաքարերով Լեւոնի երկրորդ պարտիան: Առայժմ հայ գրոսմայստերը միայն 3-րդ տուրումՙ Ռաջաբովի հետ է սպիտակներով խաղացել, որն ավարտել է ոչ-ոքի: Կկայանան նաեւ Թոփալով-Կառլսեն, Լեկո-Անանդ, Ռաջաբով-Իվանչուկ պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4