«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2008-02-17 | #32, 2008-02-20 | #33, 2008-02-21


ԹԵՄԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Մոսկվայում լույս տեսավ «Հայաստանյայց եկեղեցի»-«Армянскаяцерковь» երկլեզու ամսաթերթի առաջին համարը: Հրատարակության գլխավոր խմբագիրն է Մոսկվայում մեր թերթի բազմամյա թղթակից Ռուբեն Հայրապետյանը: Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում «Ազգի» գլխավոր խմբագրի եւ նրա (ի դեպ, համալսարանական համակուրսեցիների) զրույցն այդ իրադարձության կապակցությամբ:

- Ինչո՞վ էր պայմանավորված նման թերթի լույսընծայումը:

- Նախՙ հետեւյալը: Երբ մի քանի տարի առաջ հայոց եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ նշանակվեց եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, թեմը ոչ դյուրին կացության մեջ էր որոշ ներեկեղեցական խմորումների պատճառով, որոնց մասին այսօր չարժե խոսել: Նոր առաջնորդը հոգեւոր-ազգային բուռն գործունեություն ծավալեց. «վաճառք անողներին» վտարեց Մոսկվայի միակ հայկական Սուրբ Հարություն եկեղեցուց եւ բարեկարգեց այն, հիմնանորոգեց քաղաքի կենտրոնում գտնվող քառահարկ մի շենք եւ դարձրեց հոգեւոր-կրթական պատկառելի կենտրոն, թեմի շատ քաղաքներում թափ առավ եկեղեցաշինությունը, սկսեցին լույս տեսնել գրքեր, դասագրքեր, աղոթագրքեր, օրացույցներ, ամսագիր: Մոսկվայի նշանավոր Օլիմպիյսկի պողոտայի վրա հասակ է առնում եկեղեցական շքեղ համալիրըՙ խոշորագույնը սփյուռքում:

Ինչո՞ւ եմ ասում այս ամենը: Որպեսզի այս հենքի վրա ցույց տամ, որ թերթի հրատարակումը թեմի «մայրաքաղաքում» կարելի է նույնիսկ ուշացած համարել: Կա հոգեւոր-ազգային գործունեության պարարտ հող, կա տեղի հայությանը եկեղեցու շուրջը համախմբելու փոխադարձ պահանջ, կա համայնքային կյանքի կազմավորմանն աջակցելու հնարավորություն, եւ թերթը կարող է օգտակար լինել այդ առաքելություններին:

- Ելնելով թերթի անունից, կարելի է ենթադրել, որ եկեղեցական բնույթ պիտի ունենա:

- Uրբազանի հետ մենք հին ծանոթներ ենք: Սակայն երբ նա առաջարկեց եկեղեցու հովանու ներքո թերթ հրատարակել, ես, անկեղծ ասած, մտահոգվեցի: Գոնե ես ու դու լավ ենք հիշում, որ համալսարանական տարիների մեր միակ «կրոնական» դասընթացը... գիտական աթեիզմն էր: Բայց եւ, մյուս կողմից, հազիվ թե նպատակահարմար լիներ զուտ աստվածաբանական պարբերական ստեղծել Մոսկվայում: Նման պատմական կենտրոններ կան Էջմիածնում եւ սփյուռքի հանրահայտ հաստատություններում: Իսկ այստեղ օբյեկտիվ հիմքեր չկան դրա համար:

- Եվ ի՞նչ հետեւության հանգեցիք:

- Խորհրդակցելով, որոշեցինք, իհարկե, հավատարիմ մնալով եկեղեցուն, այդուհանդերձ, չսեղմվել այդ շրջանակի մեջ: Բոլորս գիտենք, որ մեր եկեղեցին հայերիս համար միշտ եղել է շատ ավելին, քան միայն որպես հավատքի վայր: Որտեղ նա, այնտեղ էլ միաժամանակ կրթություն, լուսավորչություն, բարեգործություն, մամուլ, արվեստ, գրականություն, պատմագիտություն... Ո՜րը թվարկես: Էլ չենք ասում, որ դարերով իր վրա է վերցրել պետության բեռը: Այսինքնՙ ճիշտ կլիներ սահմանագիծ չդնել հոգեւոր հարցերի եւ եկեղեցուն, ազգային, սփյուռքին առնչված մյուս «աշխարհիկ» թեմաների միջեւ:

- Երկլեզու լինելու հանգամանքն էլ երեւի հիմնավորված է:

- Ինչքան էլ ցավալի է ասելը, թեմի տարածքում ապրող հայերի զգալի մասը հայերեն չի կարդում, անշուշտ, ոչ իր մեղքով: Մյուս կողմից, մայրենի լեզվի կարոտն են զգում այստեղ հանգրվանած բազում հայաստանցիները: Եվ առհասարակ անկարելի է պատկերացնել եկեղեցական հրատարակություն առանց հայերենի:

Սրբապղծություն չհամարես, բայց հնարավորության սահմաններում թեթեւացնում ենք լեզուն, ավանդական ուղղագրությունը, որպեսզի նյութերը մատչելի դառնան ընթերցողին: Մենք խնդիր չենք դրել թերթ հրատարակել ձեւի համար, որ, տեսեք, թեմն իր տպագիր «օրգանն» էլ ունեցավ: Պիտի ձգտենք, որ այս լրատվամիջոցն իրապես նպաստի հավատքի տարածմանը, մեր եկեղեցու դերի ընկալման արժեւորմանը, Հայաստանի, Էջմիածնի, տեղի հայության բազմաբնույթ կյանքի լուսաբանմանը:

- Ինչպե՞ս են լուծվում տեխնիկական հարցերը:

- Առայժմ գրասենյակային անկյուն էլ չունենք, սպասում ենք հիշյալ եկեղեցական համալիրի կառուցման ավարտին, որտեղ կգործի նաեւ վարչական մեծ մասնաշենքը: Մեզ օգնում են տեղի հայ գործընկերները, մասնավորապես «Մեդիակրատ» եւ «Տաս-իզդատ» հրատարակչությունների տնօրեններ Արմեն Ջիլավյանը եւ Ալբերտ Թարխանյանը:

- Ինչքա՞ն է տպաքանակը:

- Սկսել ենք 1000-ից:

- Հայոց հայրապետը հավանություն տվե՞ց ձեր նախաձեռնությանը:

- Իհարկե, մենք ստացանք Վեհափառի օրհնության գիրը, ինչը մեզ խիստ ոգեւորեց:

- Հաջողություն ձեր երթին: Հուսով եմ, որ կշարունակեք համագործակցությունը մեր թերթի հետ:

- Մի «յուրահատկությամբ»ՙ հոգեւոր թեման փոքր-ինչ կաշխուժանա...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4