Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Եվրոմիության ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Սոլանայի շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է. «Ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին` փետրվարի 19-ին մրցակցային նախագահական ընտրություններ անցկացնելու եւ մասնակցության բարձր աստիճանի համար»: Յաապ դե Հուպ Սխեֆերը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ես ոգեւորված եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությամբ, որն արձանագրել է որոշակի առաջընթաց»: Գյուլը իր հերթին նշել է. «Թուրք ազգի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հուսով եմ, որ Դուք Ձեր նոր պարտականությամբ կնպաստեք դարեր ի վեր խաղաղության եւ համերաշխության մեջ միմյանց կողքի ապրող հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը»: