Ադրբեջանի բողոքի նոտան` ԼՂ-ում տեղի չունեցած քվեարկության դեմ
Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին եւ Եվրոխորհրդարանին` «կապված Ադրբեջանի օկուպացված տարածքներում եւ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի նախագահի ընտրությունների առնչությամբ ընտրատեղամասերի եւ քվեարկության կազմակերպման եւ անցկացման հետ»: Բողոքի նոտայում նշվում է, թե Հայաստանը պետք է պարզաբանումներ տա Լեռնային Ղարաբաղում իբր տեղի ունեցած քվեարկության առնչությամբ:
Առավել հետաքրքրական է, որ ադրբեջանական արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե ստույգ տեղեկություններ եւ փաստեր կան «օկուպացված տարածքներում» Հայաստանի նախագահի ընտրությունների անցկացման մասին:
Միայն կուզենայինք հիշեցնել, որ դեռեւս փետրվարի 6-ին «Ազգն» անդրադարձել է ադրբեջանական իշխանությունների քարոզչական հերթական այս հնարքին եւ մեջբերել անգամ Ադրբեջանի սահմանադրության համապատասխան դրույթները, որոնք սահմանում են այդ երկրի քաղաքացիներին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղում ընտրում են ԼՂՀ, եւ ոչ թե ՀՀ նախագահ: Բաքվում այս մասին չգիտեն, չգիտեն անգամ երկրի սահմանադրությունը» հոդվածում նշել էինք, որ Հայաստանում ընտրությունների են մասնակցում Հայաստանի քաղաքացիները, եւ Ադրբեջանի քաղաքացիները, մեծագույն ցանկության եւ անգամ միջազգային կառույցների «հորդորների» դեպքում չեն կարող մասնակից դառնալ հայաստանյան ընտրական գործընթացներին: Նույն հաջողությամբ նրանք չեն կարող մասնակից լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրություններին, որոնց մասնակցում են միայն ԼՂՀ քաղաքացիները:
Ղարաբաղը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի Հանրապետության հետ: Ավելին, Ղարաբաղի բնակիչներից ոմանք ունեն Հայաստանի քաղաքացիություն, ոմանք անգամ Միացյալ Նահանգների, եւ ուղղակի զավեշտալի է ադրբեջանական մոտեցումը, ասենք, ԱՄՆ քաղաքացուն Իլհամ Ալիեւի վերընտրության անայլընտրանք գործընթացին մասնակից դարձնելու հույսերի առնչությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահական ընտրություններին Լեռնային Ղարաբաղի բնակչության ենթադրյալ մասնակցությանը, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունը վաղուց ընտրական իր գործընթացներն ունի, այնտեղ ընտրություններ են անցկացվում անկախ հայաստանյան կամ ադրբեջանական ընտրություններից: Եվ չնայած Ադրբեջանը չի ընդունում այդ ընտրությունները, այնուամենայնիվ, դրանք դե ֆակտո գործընթացներ են, որ կարգավորում են Լեռնային Ղարաբաղի կյանքն ու զարգացումը:
Հայաստանյան ընտրություններում էլ ղարաբաղյան ծագմամբ քաղաքացիների մասնակցությունը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Բոլոր նրանք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ընտրելու կամ ընտրվելու իրավունք, այդ գործընթացի մաս են կազմում` կցանկանա դա Ադրբեջանը, թե ոչ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ