Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները երեկվա հանրահավաքում պահանջում էին` ԿԸՀ-ի կողմից ընտրությունների անվավեր ճանաչում, Հանրային հեռուստաընկերությունից ուղիղ եթերի տրամադրում, ինչպես նաեւ ՀՀ դատախազությանը կոչ արեցին 24 ժամվա ընթացքում ձերբակալել բոլոր նրանց, ովքեր խոչընդոտել են ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, մասնավորապես նշելով. «մխչյանցի մկան լակոտներին», «Նեմեց Ռուբոյին»` Ավանի օլիգարխին, Թոխմախի Մհերի փեսայի եղբոր տղային եւ այլոց: Բոլորի մեջ զարմանք առաջացավ, նաեւ ուրախություն, երբ հարթակ ելավ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Սակայն ի զարմանս ժողովրդի` ոչ թե Տեր-Պետրոսյանին միանալու կոչով հանդես եկավ, այլ ժողովրդին փոխանցեց ընտրատեղամասերում ընտրակեղծիքների վերաբերյալ իր տվյալները:
«Տեր-Պետրոսյանն ինձ հարցնում է, թե փակելո՞ւ եմ Փարաքարը: Այո, փակելու եմ: Ես միշտ ասել եմ` եկեք, կանգնենք մինչեւ վերջ: Ձեր մեջ կան ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք, որոնք նույնպես տղամարդ են: Հեռուստատեսությամբ, թերթերով շնորհավորանքներ են ուղարկում Սերժ Սարգսյանին. սակայն հիշեցնեմ, որ Յանուկովիչին էլ շնորհավորեցին, բայց նա պրեզիդենտ չդարձավ, Շեւարդնաձեին էլ շնորհավորեցին, որը նույնպես պրեզիդենտ չդարձավ: Մեր պայքարը պետք է լինի վերջնական` բոլորս գնալու ենք մինչեւ վերջ», ասաց իր ելույթում Արամ Կարապետյանը:
Ցավալին, դատապարտելին այն էր, որ ազգիս զավակները` Տեր-Պետրոսյանի թիմակիցները, ինչպես նաեւ հանրահավաքին ներկա բազմությունը ամոթանք տվեցին Գարեգին Ամենայն հայոց կաթողիկոսին` Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար. «Եղավ ցավալին, որ կաթողիկոսը շնորհավորեց Սերժին: Եվ հիշեցնեմ, այն ժամանակ, երբ Թորգոմ Նավասարդ (եպիսկոպոս) Կճոյանը, ի տես ամբողջ ժողովրդի, քաղաքական ստրիպտիզ էր անում` կաթողիկոսը չմիջամտեց», ասաց հռետորներից:
Տեր-Պետրոսյանի թիմակից Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարեց, թե միակ ընդդիմադիր դեմքը Տեր-Պետրոսյանն է եւ իր շուրջը համախմբվածները. «Ժողովուրդ, տեսաք չէ՞, որ մյուս թեկնածուներից ոչ մեկը չարձագանքեց ընտրակեղծիքների շուրջը բարձրացրած մեր բողոքին: Եվ ուրեմն ասեմ, որ Սերժ Սարգսյանը գողացել է ընդդիմադիր կոչեցյալների` Արտաշես Գեղամյանի, Վահան Հովհաննիսյանի ձայները: Բովանդակ թեկնածուները քի՞չ էին ծառայում. գոնե նրանց ձայները չգողանայիր: Երբ 9/31 տեղամասում վերջնական արդյունքները ներկայացրին` պարզվեց, որ Սերժ Սարգսյանի ձայները վերահաշվարկից հետո 709-ից դարձել է 395 ձայն»:
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը դիմեց հանրահավաքին ներկա ուսանողությանը` դասադուլ անելու կոչով: Վերջինիս հայտարարությանը հավանություն տվեց նաեւ Տեր-Պետրոսյանը:
Թերեւս Տեր-Պետրոսյանի նախօրեին խոստացած կարեւոր իրադարձությունն այն էր, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը հանդիպում են ունեցել իր հետ եւ հայտնել, որ իրենք կանգնած են ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին եւ հայտարարել, որ թույլ չեն տա բանակը խառնվի քաղաքականությանը ու դուրս գա ժողովրդի դեմ (ի դեպ, ՀՀՇ-ական լրատվամիջոցների երեկվա հաղորդումներում խոսքի այս վերջին բառերը զեղչված էին): Տեր-Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց ժողովրդին, որ Մանվել Գրիգորյանը, Գագիկ Մելքոնյանը բանակցություններ են վարում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հետ, նպատակն է փոխանցել գլխավոր շտաբի պետին, որ իրենքՙ որպես փոխնախարարներ կկանգնեն ժողովրդի կողքին:
Իսկ հանրահավաքի կազմակերպիչները, ի դեմս Տեր-Պետրոսյանի, պատրաստվեցին վրաններ խփելու` մինչեւ լույս նստացույց են անելու:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ