Հայտարարեց Արամ Հարությունյանը
«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը բավականին իմաստուն է, կարող է վճռական պահին կատարել այնպիսի ընտրություն, որը երբեք գոնե կես քայլ հետ չլինի: Ժողովուրդն, ըստ էության, պահի վճռական լինելը գիտակցեց եւ կատարեց ճիշտ ընտրություն», երեկ կուսակցության գրասենյակում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը` շնորհավորելով նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ: Նոր նախագահի հետագա անելիքներից Արամ Հարությունյանն ակնկալում է, որ նա կլինի բոլորի նախագահը, կմոռանա իր հասցեին ասվածն ու չասվածը եւ Հայաստանի համար այսօրվա մարտահրավերների վճռական փուլում կառաջնորդվի ազգային համաձայնությամբ:
Արամ Հարությունյանը թեեւ քիչ ձայներ է ստացել, բայց ուրախ է, որ հնին վերադառնալու վտանգը կանխելու արդյունքում է այդպես եղել: «Թվաբանությունը կարեւոր չէ այդ տեսանկյունից, կարեւորը` ես ուրախ եմ, որ մենք չվերադարձանք հետ, եւ հավաքական իմաստով ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարեց», ասաց Արամ Հարությունյանը: Նա նշեց, թե ողջունել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն` հույս ունենալով, թե կլինեն գաղափարական, ծրագրային բանավեճեր, ինչը սակայն տեղի չունեցավ: Նախկին թեկնածուն ուրախություն հայտնեց, որ ժողովուրդը կարողացավ մերժել այն գաղափարները, որոնք մերժել է նաեւ 1998-ին, եւ, փաստորեն, հնի վտանգն արդեն անցել է:
Ինչ վերաբերում է ընտրախախտումների դեպքերին, ընտրակեղծիքներին, Արամ Հարությունյանը ընդգծեց. «Մենք պետություն չենք ստեղծել, որ որեւէ մեկի ասելով անենք եզրակացություն: Ինչքան տեղյակ եմ, ընտրախախտումների վերաբերյալ հարցերը քննարկվել են տարբեր ատյաններում, իսկ ինչ վերաբերում է բռնություններին, նորից սա իրավապահների գործն է: Ես համոզված եմ, որ ընտրություններն անցել են ժողովրդավարաբար: Խախտումները` շատ հնարավոր է, եղել են, ընդ որում երկկողմանի է եղել»:
Հետընտրական զարգացումների մասով Արամ Հարությունյանը ասաց. «Շատ նորմալ է, որ, ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն տվածների մի մասը լինի փողոցում: Սա շատ բնական է, եւ ժողովրդավարությունը հենց սա է պահանջում, ուղղակի պետք է մնալ ժողովրդավարության սահմաններում: Հնի վերադարձի վտանգ օրինական ճանապարհով այսօր չկա, իսկ եթե անօրինական ճանապարհով լինի, եւս կանգնած եմ պետականության հիմքերում, ես կանգնած եմ պետության կողքին եւ կանգնած եմ այսօրվա եւ ընտրված նախագահի կողքին, եթե այդ վտանգը լինի»: «Ազգի» հարցին, թե անօրինական ճանապարհով իր ասած հնի վերադարձի հնարավորությունը որքա՞ն է, հնչեց հետեւյալ պատասխանը. «Այլ տարբերակներով գալու հնարավորությունը ռեալ չեմ համարում, որովհետեւ պետությունը, պետականությունը կայացած է, նաեւ ժողովուրդն իմաստուն է եւ այնքան մարդ, որ հրապարակում կա, դեռ չի նշանակում, թե այդքանը առաջին նախագահի հետեւից են գալիս: Ամբողջ խնդիրն այլակարծությունը հարգելն է»:
Գ. Գ.