Երեկ վերահաշվարկ է կատարվել 34 ընտրատեղամասերում, պարզվել է, որ Երեւանի կենտրոնում գտնվող 9/31 տեղամասում էական խախտումներ են եղել: Մնացած 33 տեղամասերում խախտումներ չեն հայտնաբերվել կամ դրանք եղել են աննշան: Երեկ գլխավոր դատախազությունից հայտնեցին նաեւ, որ 9/31 տեղամասում հայտնաբերված խախտումների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել եւ ձերբակալվել է այդ տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Դատախազությունը հայտնում է, որ «Երեւանի 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նախագահի տեղակալ Ալվարդ Հովհաննիսյանը, քարտուղար Մարգարիտա Այվազյանը, հանձնաժողովի անդամներ Լեյլա Գրիգորյանը, Ռոզա Հովսեփյանը եւ այլք ՀՀ նախագահի 2008-ի փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում մտցրել եւ իրենց ստորագրություններով հաստատել են ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ` կեղծելով քվեարկության արդյունքները»: