«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2008-02-20 | #33, 2008-02-21 | #34, 2008-02-22


9,9 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ՀՈՒՆՎԱՐԻՆ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2008-ի առաջինՙ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Համաձայն դրանց, հունվար ամսին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,9 տոկոս: Այդ աճի գերակշիռ մասը արձանագրվել է շինարարության հաշվին: Այս անգամ շինարարության ոլորտում արձանագրվել է 79,7 տոկոս աճ նախորդ տարվա հունվարի համեմատ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը աննշանՙ 0,1 տոկոսի անկում է արձանագրել: Արդյունաբերական արտադրանքն առանց էլեկտրաէներգիայի արտադրության ավելի մեծՙ 4,3 տոկոսի անկում է արձանագրել, իսկ ահա առանց ադամանդագործության արդյունաբերության մեջ այս տարվա հունվարին արդեն աճ է նկատվելՙ 1,9 տոկոսի: Արդյունաբերությանը վերաբերող այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ ադամանդագործության անկումը դեռ շարունակվում է: Արդյունաբերության մյուս ճյուղերում նույնպես հունվարին որոշակի անկում է արձանագրվել: Փոխարենը ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունըՙ 7,8 տոկոսով, ինչը պայմանավորված է ձմեռային սեզոնի գործոնով:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվարին գրեթե մնացել է անփոփոխՙ աճն այստեղ կազմել է ընդամենը 0,2 տոկոս: Որոշակի աճ կա ծառայությունների ոլորտումՙ 7,4 տոկոս, իսկ մանրածախ առեւտրաշրջանառության աճը կազմել է 10,7 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 29,4 տոկոսով եւ կազմել 336,9 մլն դոլար: Առանց ադամանդի առեւտրաշրջանառությունն ավելացել է 36,6 տոկոսով եւ կազմել 319,7 մլն դոլար:

Արտահանումը կազմել է 61 մլն դոլար, աճելով ընդամենը 2 տոկոսով: Առանց ադամանդի արտահանումն աճել է 12,7 տոկոսով եւ կազմել 52,7 մլն դոլար: Ներմուծումը կազմել է 275,9 մլն դոլար, աճելով 37,4 տոկոսով, իսկ առանց ադամանդիՙ 267 մլն դոլար, աճելով 42,6 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվարին կազմել է մոտ 84 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 104 հազար դրամ, բյուջետայինումՙ 61 հազար դրամ: Հունվարին գնաճը կազմել է 2,4 տոկոս:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4