«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2008-02-20 | #33, 2008-02-21 | #34, 2008-02-22


ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընդգրկուն ցանկ է մշակվել: 2008-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «սարոյանական տարի եւ անցկացվելիք միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նվագախմբի հյուրախաղերը կկայանան Հայաստանում: Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 26-ին Ֆրեզնոյում Վ. Սարոյանի 100-ամյակին նվիրված «Շողակն» համույթի համերգով: Ասենք, որ գրողի հոբելյանն ըստ արժանվույն նշելու համար Ֆրեզնոյում ստեղծվել է կազմկոմիտե, որն էլ կիրականացնի մի շարք միջոցառումներ:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հոբելյանական երեկոն նախատեսված է անցկացնել հոկտեմբերին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Վիլյամ Սարոյանի ծննդյան օրըՙ օգոստոսի 31-ին Պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի անվանի գրողի հիշատակին: Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում կտեղադրվի Դավիթ Երեւանցու էսքիզներով ստեղծված Վ. Սարոյանի արձանը: ԳԱ ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացնելու է հոբելյանական գիտաժողով, որի նպատակն է լուսաբանել Վ. Սարոյանի ստեղծագործական ժառանգության ամենատարբեր ասպեկտները, դիտարկելով այն որպես մշակութային արժեք: Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում են զեկուցումներ եւ հաղորդումներ մի շարք թեմաներովՙ Սարոյանի գեղագիտությունը, հայոց ճակատագիրը Սարոյանի ստեղծագործություններում, Սարոյանը եւ իր ժամանակի ամերիկյան գրականությունը, Սարոյանի լեզուն եւ ոճը, դրամատուրգիան, Սարոյանը եւ կինոն: Սարոյանին նվիրված լուսանկարչական, գրահրատարակչական, արխիվային նյութերի ցուցահանդեսներում կներկայացվեն Հայաստանի ազգային արխիվում, Ե. Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանում, ինչպես նաեւ «Սարոյանն ընտանիքում» կազմակերպության տեսանյութերը, լուսանկարները, փաստաթղթեր եւ այլ իրեր:

Հանրակրթական դպրոցներում կանցկացվեն Վիլյամ Սարոյանին նվիրված բաց դասեր Երեւանում եւ մարզերում: «Այ Թի Ի» ՓԲԸ-ն նախատեսել է Վիլյամ Սարոյանին նվիրված ինտերնետային կայքէջի ստեղծում, որտեղ կզետեղվեն գրողի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը վերաբերող նյութեր: Նախարարության հայտարարած մրցույթի հիման վրա հանրապետության երկու թատրոններում կբեմադրվի Վ. Սարոյանի դեռեւս չթարգմանված եւ չբեմադրված պիեսները:

Սեպտեմբերին կանցկացվի հոբելյանական միջազգային թատերական փառատոն, որին կմասնակցեն Եվրոպայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից հրավիրված թատերախմբեր, որոնք կներկայացնեն Վ. Սարոյանի երկերի եւ պիեսների բեմադրությունները: Հոբելյանական գրքերի հրատարակության ցանկում ընդգրկվել են գրողի երկերի, պիեսների ժողովածուները, առանձին հատոր ռուսերեն լեզվով, որոնցում կընդգրկվեն հայերեն չթարգմանված եւ չհրատարակված նյութեր: «Սարոյան-100» խորագրով սարոյանական հայտնի ասույթներով ցուցապաստառների պատրաստումը եւ տեղադրումն արդեն ավարտական փուլում է եւ մի քանի օրից դրանց ականատեսը կլինենք: Իսկ Հանրային հեռուստատեսությամբ ու ռադիոյով կհեռարձակվեն ճանաչողական եւ ուսուցողական բնույթի հաղորդումներ ամբողջ տարվա ընթացքում: Նշեմ նաեւ, որ մեկ տասնյակ միջոցառումներ էլ կանցկացնեն տարբեր կինոփառատոների, հանդիպումների ու կազմակերպությունների կազմկոմիտեները, որոնք նույնպես կնվիրվեն Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4