«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2008-02-20 | #33, 2008-02-21 | #34, 2008-02-22


ԿՈԹՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Մեր ընթերցողները տեղյակ են, որ օրերս Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանու ներքո Մոսկվայում լույս է տեսել միջազգային իրավունքի հայտնի մասնագետ, դոկտ. Յուրի Բարսեղովի կազմած եւ խմբագրած կոթողային աշխատության` «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» («НагорныйКарабахвмеждународномправеимировойполитике») գրքի առաջին հատորը, «Кругъ» հրատարակչատնից: 945 էջանոց այս հատորը հիմնականում փաստաթղթերի ժողովածու է` համապատասխան ծանոթագրություններով ու մեկնաբանությամբ, որը Հայերի համաշխարհային կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության հրատարակությունն է: Հիշեցնենք, որ պրոֆ. Բարսեղովը ղեկավարում է Ռուսաստանի հայերի միության ներսում գործող Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտը: Մեր ընթերցողները գիտեն նաեւ, որ նախորդ շաբաթ Երեւանում, Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գրքի պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում հնչեցին գնահատանքի ու երախտագիտության խոսքեր պրոֆ. Յուրի Բարսեղովի եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության, նրա նախագահ Արա Աբրահամյանի հասցեին:

Իսկ թե Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ներկա կոնտեքստում եւ միջազգային-քաղաքական մթնոլորտում ինչ նշանակություն ու դեր կարող է ունենալ այս գիրքը, ստորեւ ներկայացնում ենք ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի կարծիքը:

Հայաստանի հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների ողջ պատմությունը վկայում է, որ Ղարաբաղի հարցի փուլային լուծումը բացարձակ անընդունելի է: Թուրք-ադրբեջանցիները հենց առաջին փուլում եւ հաջորդած բոլոր քննարկումներում կասեցրել են հիմնական հարցի լուծումը: Նման մոտեցումը վերաբերում է նաեւ այն բանին, թե Ադրբեջանը կարող է Ղարաբաղի բնակչությանը թույլ տալ ազատ հանրաքվե անցկացնել, հատկապես Ադրբեջանի սանձազերծած պատերազմից առաջ գոյություն ունեցած իրավիճակը վերականգնելուց հետո: Միայն անհեռատես քաղաքական գործիչները կարող են համաձայնել նման տարբերակին:

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ներկա կարգավիճակը ձեռք է բերել իր օրինական իրավունքով: Եվ այն այսօր չպետք է պայմանավորվի ո՛չ Ադրբեջանի հերթական ագրեսիայի վերսկսման համար պլացդարմի, ո՛չ ադրբեջանական համայնքի ինչ-որ իրավունքների վերականգնմամբ:

Արեւմտյան Հայաստանից, Կարսի շրջանից, Նախիջեւանից եւ հենց Ղարաբաղից հայ փախստականների նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի վերաբերմունքի ողբերգական ողջ փորձից պետք է ելնել ադրբեջանական «փախստականների» հարցին անդրադառնալիս: Հակառակ դեպքում, կստացվի ուղղակի աջակցություն էթնիկ զտման ու տարածքային զավթողականության թուրք-ադրբեջանական քաղաքականությանը:

Ներկա պատմական պահը հրամայաբար պահանջում է, որ մենք անհրաժեշտ եզրակացություններ անենք նաեւ այն հայ քաղաքական գործիչների վարքագծի նկատմամբ, որոնք կամ ոչ պրոֆեսիոնալության, կամ էլ հարմարվողականության պատճառով կուրորեն, առանց հայ ժողովրդի շահերի եւ օրինական իրավունքների ապահովման իրական երաշխիքների, ենթարկվեցին միջնորդների «ցանկություններին»:

Վերհիշենք 1919 թվականի իրադարձությունները: Ղարաբաղի համար մղվող պայքարում Անտանտի հաղթանակած գերտերությունների առումով քաղաքականապես անբարենպաստ վիճակում գտնվող մուսաֆաթական Ադրբեջանը իր պայմանները թելադրեց Կովկասում բրիտանական ռազմական հրամանատարությանը եւ արդյունքում ստացավ ծանրակշիռ արտոնություններ: Իսկ ի՞նչ արեցին Անտանտի դաշնակից Հայաստանի Հանրապետության գործիչները: Նրանք իրենց պասսիվությամբ կուրորեն ենթարկվեցին իրենց դավաճանած անգլիական «դաշնակիցներին»:

Նույնը կրկնվեց կոմունիստների իշխանության ժամանակ, երբ Ն. Նարիմանովը եւ այլ նացիոնալ-կոմունիստներ Լենինին սպառնում էին Ադրբեջանում խորհրդային իշխանության տապալմամբ, իսկ Հայաստանում Ղարաբաղի հայերի ճակատագիրը որոշում էինՙ առաջնորդվելով, այսպես կոչված, համաշխարհային հեղափոխության հաղթանակի պատրանքով:

Մի քանի խոսք Ղարաբաղի բնակչության վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածման մասին: Վիճակագրական տվյալների թուրք-ադրբեջանական կեղծիքները այսօր էլ ուղղակիորեն կապվում են ղարաբաղյան հարցի լուծման հետ, որը եւ փորձում են հրամցնել Հայաստանի ղեկավարությանը:

Դրա վառ վկայությունն է այն, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն նրանք փորձում են հետաձգել անորոշ ժամանակով, պատերազմի ընթացքում Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիներին հայկական Ղարաբաղում վերաբնակեցնելուց հետո: Պարզ է, որ դա կարվի որպես հակակշիռ Ղարաբաղի ինքնորոշվող հայերին: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը եւ Հայաստանի կառավարությունը երբեք տեղի չեն տա այս ակնհայտ խաբեությանը եւ հին սխալները չեն կրկնվի:

Մինչեւ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը զբաղեցված տարածքներից Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի դուրսբերման առնչությամբ կցանկանայի նորից նշել պատմական փաստերը: Թուրքերը 20-ական թվականներին ոչ միայն դուրս չբերեցին իրենց զորքերը Ղարաբաղից, այլեւ դիմեցին ահաբեկչությանՙ կանգ չառնելով հայերի կոտորածի առաջ: Նրանք, խոստանալով տարածքային վեճերը լուծել ազգերի ինքնորոշման հիման վրա եւ ենթարկվել փարիզյան խաղաղության կոնֆերանսի որոշմանը, իրականում զորք մտցրեցին Արցախի ռազմավարական շրջաններ: Եվ այդ քայլերը, Հայաստանի Հանրապետության ղեկավարության լուռ համաձայնությամբ, Անդրկովկասում բրիտանական ռազմական առաքելության պահանջով ուղեկցվեցին Արցախից հայ կամավորականների զինված ուժերի դուրսբերմամբ:

Արցախի հարցի առնչությամբ գրեթե նման պահ է ստեղծվել այսօր, եւ մենք պետք է խուսափենք սխալների կրկնությունից:

Այս ամենից պետք է մի պարզ հետեւություն անենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման եւ ազատության իրավունքը պետք է ճանաչել առանց որեւէ նախապայմանի, քանզի խոսքը վերաբերում է ոչ ավել, ոչ պակաս ղարաբաղյան հայերի ֆիզիկական գոյատեւմանը:

Հայաստանը պետք է արցախյան հայերի իրավունքը պաշտպանի հաստատապես եւ անզիջումՙ օգտագործելով թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական եւ թե՛ տեղեկատվական բոլոր հնարավորությունները: Այստեղ է, որ մենք պետք է ապավինենք մեր ժողովրդի ամուր կամքին եւ համախմբվածությանը:

Ժողովածուի փաստաթղթերից մի պատմական դաս եւս պետք է քաղել: 20-ական թվականներին ադրբեջանցիները, թե՛ մուսաֆաթական եւ թե՛ բոլշեւիկյան վարչակարգերի ժամանակ, միասնական ճակատով հասան Լեռնային Ղարաբաղի եւ հայկական հնամենի որոշ հողերի բռնագրավմանը: Դժբախտաբար, նույնը չենք կարող ասել մերՙ հայերիս մասին: Այստեղ, մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի 1920 թվականի սեպտեմբերի գաղտնի հրահանգը, որ կուսակցական բոլոր կազմակերպություններին կոչ էր անում ինչպես թիկունքում, այնպես էլ ռազմաճակատներում «քայքայել հայկական գործող բանակը», «չկրակել հարձակվող թուրք զինվորների վրա», «չենթարկվել սպաների հրամաններին եւ անհրաժեշտության դեպքում ոչնչացնել նրանց» եւ այլն:

Ի՞նչը կարող էր ավելի հրեշավոր լինել, քան հայ ժողովրդի դահիճների հետ եղբայրացման այդ հրամանը: Եվ այդ դավաճանությունը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Առաջին հանրապետության խիստ կարիքի մեջ գտնվող բանակը դիմակայում էր բոլշեւիկների միջոցով լավ զինված թուրք զավթիչներին:

Այսօր պատմական փորձը մեզ հուշում է, որ մեր ժողովրդի համար վճռորոշ յուրաքանչյուր հարցում մենք պետք է հանդես գանք միասնաբար, ընդհանուր ճակատով:

Մենք վստահ ենք, որ Հայաստանի նոր նախագահի աշխատակազմը, արտաքին գործերի նախարարության ղեկավարությունը, նաեւ սփյուռքի մասնակցությամբ, կակտիվացնեն արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում: Ստի, կեղծարարության եւ նպատակամղված ապատեղեկատվության ադրբեջանական սանձարձակ պրոպագանդային մենք պետք է անհրաժեշտ հակահարված տանք:

Ադրբեջանական նավթով հրապուրված Արեւմուտքում չեն ցանկանում ոչ տեսնել, ոչ լսել, թե ինչ մասշտաբների է հասել հակահայկական հիստերիան Ադրբեջանում: Չեն ցանկանում տեսնել ու լսել ցինիզմի այն դրսեւորումները, թե ինչպես են ադրբեջանցի ժողովրդի գիտակցության մեջ հիվանդագին ատելություն մտցնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, անջատողականների, այլեւ ընդհանրապես հայերի, Հայաստանի, ամենայն հայկականի հանդեպ: Բայց պատմական փաստերը, պատմական հիշողությունը զորեղ են եւ չեն ջնջվում ոչ մի հիստերիկ քարոզչությունից: Այնուամենայնիվ, մենք չպետք է ձեռքերս ծալած նստենք ու սպասենք, այլ անհրաժեշտ է անել ամեն ինչՙ պատմական ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու համար: Այդ ամենի համար իրական հնարավորություն է ստեղծում այս ժողովածուն:

Մենք վստահություն ենք հայտնում, որ հայ ժողովուրդը, իր բոլոր հատվածներով, աշխարհին եւ, մասնավորապես, Ադրբեջանի կարճամիտ քաղաքագետներին միահամուռ ցույց կտա Ղարաբաղի հայերի օրինական իրավունքները եւ հենց բուն Հայաստանի կենսական շահերը պաշտպանելու իր վճռականությունը:

Մենք Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորման կողմնակից ենք: Մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են եւ պետք է ապրեն խաղաղությամբ ու համերաշխ: Հենց այդ ակնկալիքով էլ ձգտում ենք փաստերի օբյեկտիվ արձանագրման եւ ժամանակակից միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների արդարացի հիմքի վրա Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4