Լինարեսի մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսեյ Շիրովի հետ: Մրցակիցներն ընդամենը 18 քայլ կատարեցին, թեեւ դրանց վրա շատ ժամանակ ծախսեցին: 18-րդ քայլը կատարելուց հետո Արոնյանը հաշտություն առաջարկեց եւ Շիրովը, որին մինչեւ հսկիչ 40-րդ քայլը մնացել էր ընդամենը 40 րոպե, համաձայնեց: Արոնյանը 5 տուրից հետո ունի 3 միավոր:
Արոնյանի ոչ-ոքին հնարավորություն ընձեռեց Անանդին միանձնյա գլխավորելու աղյուսակը: Աշխարհի չեմպիոնը սեւերով մրցում էր Պետեր Լեկոյի հետ: Այդ մրցախաղում հնդիկ գրոսմայստերը կրկին դրսեւորեց վարպետությունը, թեեւ Լեկոն որոշ առավելություն ուներ պարտիայում: Բայց Անանդը կարողացավ հստակորեն օգտվել մրցակցի թույլ տված սխալներից եւ 45-րդ քայլին հերթական հաղթանակը տոնեց: Դա սեւ խաղաքարերով Անանդի արդեն 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Հնդիկ շախմատիստը վաստակեց 3,5 միավոր:
2,5-ական միավորով հաջորդ տեղերում են Մագնուս Կառլսենը, Ալեքսեյ Շիրովն ու Վեսելին Թոփալովը: Վերջինս սպիտակներով պարտվեց Մագնուս Կառլսենին, որն իր անդրանիկ հաղթանակը տոնեց: Իսկ ահա Թոփալովն արդեն 2-րդ անգամ է պարտվում: Ռաջաբով-Իվանչուկ պարտիայում մրցակիցները 38-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Լեկոն, Ռաջաբովն ու Իվանչուկը 2-ական միավորով եզրափակում են աղյուսակը:
Մեկօրյա հանգստից հետո այսօր մրցաշարի մասնակիցները կանցկացնեն 6-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի Պետեր Լեկոյի հետ: Կմրցեն նաեւ Թոփալով-Անանդ, Ռաջաբով-Կառլսեն, Իվանչուկ-Շիրով զույգերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ