Անսովոր երեւո՞ւյթ, թե սովորական ընթացք
Սեւանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երեւույթները: Առաջին սառցային երեւույթները ձեւավորվում են ափի մոտ, նոյեմբերի սկզբից: Ափասառույց Սեւանա լճում ձեւավորվում է ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ միշտ:
Բաց լճի վրա սառույցը առաջանում է հունվարի երկրորդ կեսից մինչեւ փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում: Վերջին տարիներին լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման պատճառով առաջին սառցային երեւույթները 15-17 օր ավելի շուտ են սկսվում, քան ձեւավորվում էին լճի բնական մակարդակի ժամանակ:
Երբ դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը -5.6 C-ից ցածր է, իսկ փետրվարին առանց քամու եղանակի տեւողությունը կազմում է 100 ժամ եւ ավելի, ապա լճի վրա ձեւավորվում է համատարած սառցածածկույթ: Լիճը սառույցից սովորաբար ազատվում է մարտի վերջերից մինչեւ ապրիլի սկիզբը:
Սեւանա լճի մակարդակի իջեցման հետեւանքով էապես փոխվել են լճում տեղի ունեցող բոլոր գործընթացները: Մինչեւ մակարդակի իջեցումը, երբ կազմում էր 1915 մ, լճում կուտակված էր 7001012 կկալ ջերմություն, որն ամբողջովին ծախսվում էր տարվա ցուրտ ամիսներին, եւ մակերեւութային սառույց առաջանում էր ոչ միշտ: Մակարդակի իջեցման հետեւանքով այդ էներգիան նվազել է եւ կազմում է 500 1012 կկալ: Ջերմության պաշարների նվազումը զգալիորեն ազդել է լճի սառցային ռեժիմի վրա, եւ եթե մինչեւ 1947-ը լիճը սառույցով ծածկվում էր 15 տարին մեկ անգամ, ապա 1948-ից հետո` 3-6 տարին մեկ անգամ, 1971-ից հետո` 2-3 տարին մեկ անգամ:
1890-ից լճում համատարած սառցածածկ նկատվել է. 1890, 1905, 1921, 1925, 1949, 1950, 1954, 1957, 1959, 1964, 1968, 1972, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1992, 1993, 1997, 2000, 2007 թվականներին` հունվարի վերջերից կամ փետրվարին:
Ըստ դիտարկումների պատմական տվյալների, ամենից շուտ Սեւանա լիճը սառչել է 1957-ի հունվարի 22-ին, իսկ ամենից ուշ` 1959-ի փետրվարի 28-ին, ընդ որում ըստ տեւողության ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972-ը` մոտ 75 օր:
Այս տարի` պայմանավորված ջերմային ցածր ֆոնով (նվազագույնը Մասրիկում -28C, Գավառում -26C, Մարտունիում -21C, Սեւանում - 17C) եւ անհողմ եղանակներով, Սեւանա լիճը համատարած սառչել է հունվարի 14-ից, որն ունի ե՛ւ դրական ե՛ւ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը հունվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 2 մլն խմ ջուր եւ եթե լճի սառցակալումը պահպանվի մինչեւ մարտի վերջը, ապա մոտ 100 մլն խմ ջուր լճից չի գոլորշանա: Սառցակալման հետեւանքով Սեւանա լճի մակարդակը մոտ 8 սմ-ով չի իջնի:
Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերեւութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը եւ պակասում է թթվածնի քանակությունը: Բացի այդ, սառցակալումը վնասակար է նաեւ ջրլող թռչունների համար, քանի որ վերջիններս հարկադրված կեր են փնտրում գետաբերանների մոտ եւ որսորդներին ավելի մատչելի են դառնում:
Լ. ԱԶԻԶՅԱՆ, Հայպետհիդրոմետի ՕՀԿ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ