«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2008-02-22 | #35, 2008-02-23 | #36, 2008-02-26


ԱԶԳԻ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՀԻՄՔԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ ազգը տականքների եւ ոչ տականքների բաժանման մասին հայտնի կոչը մեծ արձագանք է ունեցել, եւ «Ազգի» կայքէջում (www.archive.azg.am) հատուկ բացված «ՏԱԿԱՆՔՆԵՐԸ» բաժին են այցելել հարյուրավոր մարդիկ, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնել ՀՀ նախագահի թեկնածուի արտահայտության առիթով: «Ես չեմ կասկածում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որն այսօր դեմ դուրս գա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին, եթե դա չեն արել, ուրեմն նրանք մեր ազգի տականքն են», սա հայտարարության մի մասն է միայնՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել է զտման գործընթաց սկսելու մասին, իսկ նրանք, ովքեր չեն կանգնել իրենց կողքին, նրանց կանանց եւ երեխաներին առաջարկում է գնալ եւ թքել իրենց հարազատների երեսներին, որոնք չեն սատարում իր շարժմանը եւ այլն: Տարբեր էպիտետներով հարուստ այս ելույթին «Ազգի» կայքէջի «ՏԱԿԱՆՔՆԵՐԸ» բաժնում արձագանքել է մոտ 733 մարդ, որոնց մեծ մասը ոչ միայն դատապարտել է այդ հայտարարությունը, այլեւ կոչ արել նախկին նախագահին խուսափել նմանատիպ պառակտիչ եւ վարկաբեկող հայտարարություններից: Ընթերցողների մեջ եղել են նաեւ նրանք, ովքեր կողմ են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւակերպումներին, սակայն նման կարծիք ունեցողները քիչ են եղել: Ցավոք, շատ են եղել նաեւ հայհոյանքները թե՛ «Ազգ» թերթի եւ թե՛ առաջին նախագահի հասցեին:

Թերթի ինտերնետային կապի պատասխանատուն հեռացրել է նմանատիպ 69 անպարկեշտ հայտարարություններ, խորագրից հեռացվել են նաեւ 128 գրություններ, որոնք չեն վերաբերել թեմային եւ անիմաստ են եղել: Ինչեւէ, «Ազգի» ընթերցողների ակտիվությունը հուշում է, որ թեման իսկապես հրատապ է, այնուամենայնիվ համարելով, որ պետք է մեր հիմնական ուշադրությունը դարձնենք ոչ թե բացասական, այլ դրական զարգացումներին, այսօրվանից մեր կայքէջում սկսում ենք նոր ակցիա, որը կոչվելու է «Արժանապատիվ քաղաքացի»:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4