«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2008-02-22 | #35, 2008-02-23 | #36, 2008-02-26


«ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅ...»

Հետեւում էի ՀՀ նախագահության ինը թեկնածուների ելույթներին ու սպասում, որ նրանցից գեթ մեկը կխոսի մեր ժողովրդի առջեւ ծառացած գլխավոր խնդրի` բարոյահոգեւոր անկման, այն կանխելու միջոցների, մշակույթի, գրականության, արվեստի մասին: Բոլորն էլ խոսում են կոռուպցիայի մասին, սակայն իննից ոչ մեկը չասաց, որ դրա կանխման միակ միջոցը համաժողովրդական համակարգված հսկողությունն է, ժողովրդական զանգվածներին ներքեւից վերեւ երկրի կառավարման մեջ ընդգրկումը: Նախորդ նախագահական ընտրություններում փորձեցի այս մոտեցումը հուշել թեկնածուներից գեթ մեկին, սակայն ապարդյուն: Միայն ժողովրդական զանգվածների մտածելակերպի մեջ կտրուկ փոփոխության միջոցով կարելի է արմատախիլ անել այն չարիքը, որը տարիներ շարունակ խոչընդոտում է նրա առաջընթացին, երկիրը տանում դեպի թուլացում եւ փլուզում: Իսկ ոխերիմ հարեւանը շունչը պահած սպասում է...

Մտահոգիչ էր որոշ թեկնածուների կողմից ընդդիմության սահմանի խախտումն ու բացահայտ թշնամանքը այլ թեկնածուների, իշխանությունների հանդեպ, որը բխում է ոչ միայն կոռեկտության պակասից, այլեւ բացահայտ սադրանքի, մյուսներին կործանելու, ամեն միջոցով իշխանության գալու նպատակից:

Ութ թեկնածուներն իրենց մեկամսյա քարոզարշավում որպես թիրախ ու ֆավորիտ են ընտրել Հանրապետական կուսակցության ներկայացուցչին` Սերժ Սարգսյանին: Այս հանգամանքը հնարամտորեն օգտագործեց երկրի առաջին նախագահը, որը ամեն միջոցներով հեղափոխություն կազմակերպելու հարուստ փորձ ունի: Նա գիտեր, որ 35-ն անց ընտրողների ճնշող մեծամասնությունը իրեն չի ներելու 90-ականների մութ ու սովյալ օրերը եւ երբեք իր օգտին չի քվեարկելու: Սակայն առկա է ներկա իշխանություններից դժգոհ ընտրազանգվածը, որի մի մասին կարող էր իր կողմը գրավել: Շփոթմունքի մեջ էր երիտասարդությունը, որը, ամենեւին չճանաչելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, անցավ նրա կողմը: Այդ ընտրազանգվածին չի էլ հետաքրքրում, թե ինչպիսի նախագահ է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այստեղ նույնիսկ շատ քիչ ազդեցություն ունեցավ գործող նախագահի ելույթը պատերազմի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից մեր զորքերի առջեւ դրված արգելքների ու խոչընդոտների մասին: Իհարկե, Ռ. Քոչարյանը շատ քիչ բան ասաց: Առաջին նախագահը երրորդ նախագահ եւս կոչվելու պայքարում պատրաստ էր զոհողության: Ու պարզվում է, որ այդ զոհողությունները, ասենքՙ հայրենիքի մի հսկա հատվածը հակառակորդին զիջելը, նրա համար մի մեծ բան չէ, սակայն դրա փոխարեն կրկին նախագահ կդառնա: Իսկ բանակում ծառայելուց խուսափող ուսանողներին հեշտությամբ տարավ իր հետեւից: Նրանց, թեկուզ Արցախը զիջելու, այսօրվա մարտունակ բանակը 15 հազարանոց ոչ գործուն բանակ դարձնելու գնով, խաղաղություն պահպանելու խոստումն էր գայթակղել: Սակայն Արցախը զիջելով` վաղը կզիջես եւ մնացած Հայաստանը: Այդ մասին լավ գիտե երկրի առաջին նախագահը:

Իմ դիտարկումները հիմնականում վերաբերում են քարոզչությանը: Ընդհանրապես, պետական քարոզչական մեքենան լուրջ խափանումներով է աշխատում: Փոխարենն այն կրկնապատկված եռանդով ու ավելի ճշգրիտ աշխատի հակառակորդի` այս ուղղությամբ հսկայական ներդրումների պայմաններում, օր օրի մեր քարոզչությունը ավելի է կաշկանդվում` չնայած ներուժի հսկա պաշարին ու հնարավորություններին: Աչքի է զարնում պետական այրերի այս ոլորտի մշակույթին անհաղորդ լինելը: Ակնառու է դառնում այս բնագավառում ոչ միայն համարժեք ներդրումների պակասը, այլեւ կադրային անհեռատեսությունը: Երեք տարի առաջ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը կազմակերպեց տեղեկատվական պատերազմին նվիրված գիտաժողով, որին հրավիրեցինք առաջին հայացքից շահագրգիռ բոլոր պետական գերատեսչությունների` պաշտպանության, արտաքին, ներքին գործերի նախարարությունների, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին: Սակայն թվարկած գերատեսչություններին չէր հետաքրքրում այս խնդիրը: Հենց այս պայմանների առկայությունն է, որ հույս է ներշնչում Բաքվի եւ Անկարայի իշխանություններին` ռազմական պարտության դիմաց հաղթանակի հասնել տեղեկատվական պատերազմում:

Պետական քարոզչական ոլորտի թերացումներն ի հայտ եկան եւ իշխող կուսակցության նախընտրական քարոզչությունում: Եթե ՀՅԴ-ն իր թեկնածուի նախընտրական քարոզչությունը կուսակցության քարոզչությունն էր համարում, ապա Սերժ Սարգսյանի քարոզչությունը Հանրապետական կուսակցության հետ ասես կապ չուներ, չնայած ամեն ինչ այնտեղ էր մշակվում: Ի հակակշիռ Սերժ Սարգսյանի, որի 70 տոկոսանոց ընտրազանգվածը աստիճանաբար նվազում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քարոզչության միջոցով, կարելի է ասել, զրոյից հասավ 25 տոկոսի: Իսկ ելակետում առաջին նախագահը բացասական իմիջ ուներ: Ինքս 1988 թվականից շատ անգամ եմ հանդիպել Սերժ Սարգսյանին: Որպես լրագրող մշտապես լինելով ռազմաճակատում` ականատես եմ եղել Սերժ Սարգսյանի` բանակ ստեղծելու կարողությանը: Ի վերջո, հենց այդ բանակի շնորհիվ է, որ հակառակորդը դաժան պարտություն կրեց ու հեռացավ Արցախից: Այս մասին նախընտրական քարոզարշավում ոչ ոք ոչինչ չասաց: Դրա փոխարեն հնչում էին պարզունակ լոզունգներ ու կոչեր:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչության մեխը հակաղարաբաղյան կոչերն էին: Նա դրանով սեպ է խրում մեր ժողովրդի միասնության մեջ: Հաստատապես կարելի է ասել, որ Լեւոնի ու նրա համախոհների այսօրվա շարժումը ոչ մի կապ չունի ղարաբաղյան շարժման հետ, այն ավելի շուտ հակաղարաբաղյան շարժում է:

Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին իրենց քվեներն են տվել շուրջ 350 հազար ընտրողներ: Ես զրուցել եմ շատերի հետ: Պարզվում է, որ Լեւոնը միայն առիթ էր, որ հօգուտ նրան ձայն տալով` իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների ներքին քաղաքականությունից: Այս հանգամանքը պետք է սթափեցնի իշխանություններին: Ի վերջո, երիտասարդության այս ընդվզումը պատահական չէ, իշխանություններն այն վաստակել են ուռճացած բյուրոկրատիզմի, կոռուպցիայի, անարդարությունների, օլիգարխական գերիշխանության համակարգի պատճառով: Երիտասարդությունը կուզենար հավատալ, որ իշխանությունները կարող են շտկել իրավիճակը:

Երբեմն այն կարծիքն են հայտում, թե Լեւոնը փորձում է գունավոր հեղափոխություն պարտադրել հայ ժողովրդին: Նման մի հեղաշրջման փորձ էին արել մոսկովյան գործարար Արկադի Վարդանյանի ձեռքով: Սակայն Հայաստանում այն անհաջողություն ունեցավ զուտ ազգային մտածելակերպը հաշվի չառնելու պատճառով: Թվում է, որ այս անգամ եւս նրանց չի հաջողվելու:

Մի կարեւոր հանգամանք եւս: Սեփական մշակույթից, գրականությունից կտրված ժողովուրդը հազիվ թե կարողանա ճիշտ կողմնորոշվել ոչ միայն ընտրություններում, այլեւ երկիրը պահպանելու խնդրում: Նա հեշտությամբ կարող է կուլ գնալ կեղծ շարժումներին, կորցնել ամեն ինչ, ինչպես միշտ եղել է մեր երկրի պատմության ընթացքում:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4