«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2008-02-22 | #35, 2008-02-23 | #36, 2008-02-26


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ «ՄԱՅԴԱՆ»

Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները սենսացիա չառաջացրին. Սարգսյանի հաղթանակը կանխատեսվում էր: Սպասելի էր նաեւ նրա քաղաքական հակառակորդների արձագանքը. սկսել քաղաքացիական անհնազանդության գործողություններ: Փետրվարի 20-ի ցերեկը եւ երեկոյան ընդդիմությունը խոշոր հանրահավաքներ կազմակերպեց:

Հայաստանի ներկայիս ղեկավարության ռուսամետ կուրսը Վաշինգտոնի անթաքույց զայրույթն է հարուցում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը միշտ համարվել է ինտեգրման ռուսաստանյան գծի կողմնակիցը, ինչպես նաեւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար եւ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը: Ուստի հասկանալի է անհաճո նախագահին առավել հնազանդ ղեկավարով փոխարինելու Վաշինգտոնի ձգտումը:

Այսօր Հայաստանը Ռուսաստանի միակ անվերապահ դաշնակիցն է Անդրկովկասում, որն ամերիկացիների կամքով այժմ Հարավային Կովկաս են անվանում: Այդ ուղղումը հեռահար նպատակներ ունի: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը երկար ժամանակ փորձել է կերտել նոր «Սաակաշվիլի» («Յուշչենկո», «Կոզուլին» եւ այլն): Նա փորձում է նպատակին հասնել հայաստանյան ընդդիմության միջոցով: Բայց ո՛չ օգնության խոստումները, ո՛չ էլ ղարաբաղյան պատերազմի արդյունքները «վերանայելու» սպառնալիքները չունեցան սպասված արդյունքը:

Թեեւ ընդդիմության թեկնածուները Քոչարյանին եւ Սարգսյանին կշտամբում էին Ռուսաստանի հանդեպ սիրո պակասի մեջ, Մոսկվան ըստ երեւույթին որոշել է գործելՙ «լավագույնը լավի թշնամին է» սկզբունքով, մանավանդ որ այդ «լավագույնը» բնավ երաշխավորված չէ: Այս մարտավարությունը լավն է, բայց արժե՞ արդյոք դա ռազմավարություն դարձնել: Օրինակ, «գունավոր» հեղափոխություններով անցած Ուկրաինան եւ Ղրղըզստանը դրա վկայությունն են: Հարկ է նշել, որ սխալները չպետք է կապել Քոչարյան-Սարգսյան թիմի վրա հույս դնելու հետ, մանավանդ որ Ռուսաստանը չի միջամտել Հայաստանի ներքին գործերին: Խնդիրն այն է, որ Ռուսաստանն ստիպված կլինի Հայաստանի հետ հարաբերությունները նորից սկսել, եթե այնտեղ իշխանության գլուխ անցնի ընդդիմությունը: Հայաստանն Ուկրաինա չէ եւ այստեղ հնարավոր է խուսանավել եւ երկխոսություն սկսել ընդդիմության մի մասի հետ, որը վարակված չէ ռուսատյացության վիրուսով: Հակառակ դեպքում իրադրությունը կզարգանա դիմակայության ուղիով ինչպես ուկրաինական «Մայդանում», որտեղ բարիկադների մի կողմը պաշտպանում է Ռուսաստանին, մյուսըՙ Ամերիկային:

Ընտրական օրենսդրության խախտումների մեջ ամբաստանվում է միայն իշխանությունը, բայց եթե եվրոպացի դիտորդներն ուզենային անաչառ լինել, ապա ուշադրություն կդարձնեին նաեւ ընդդիմության գործողություններին: Փետրվարի 20-ին ընտրությունների արդյունքներին նվիրված հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմությունն ունի գործողությունների հստակ եւ մշակված ծրագիր, որն ուղղված է ներկայիս իշխանության տապալմանը: Այդ տեղեկությունը հաղորդեց «Կավկազսկի ուզել» կայքէջը: Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հաստատեցին, որ մտադիր են «օրինական բոլոր մեթոդներով պայքարել ընտրախախտումների դեմ», թեեւ միջազգային դիտորդական առաքելությունը դրականորեն է գնահատում տվյալ քվեարկության ընթացքը եւ ընդունում է ընտրությունների արդյունքները: Չստուգված որոշ տվյալների համաձայն, փետրվարի 20-ին Երեւանում հանրահավաքին մասնակցել է 150-200 հազար մարդ: Թվերը հավանաբար ուռճացված են, բայց Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, բախվում են ընդդիմադիր տրամադրությունների առավել զանգվածային դրսեւորմանը, որը պետք է հաշվի առնել: Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին կգոհացնի ոչ թե փոխզիջումը, այլ միայն նրա հաղթանակը: Ահա թե ինչու նա իշխանություններին հրահրում է դիմելու ուժային կոշտ միջոցների: Եթե Երեւանի կենտրոնում արյուն հեղվի, դա լավագույն նվերը կլինի ընդդիմությանը: Այդ սցենարն ամենքիս լավ հայտնի է Ուկրաինայի «նարնջագույն» հեղափոխության դեպքերից:

Հայաստանն Ուկրաինա չէ, հայաստանյան ընդդիմությունը հեշտ հաղթանակի եւ Քոչարյանի կամ Սարգսյանի նյարդերի թուլության հույսեր չունի: Եթե իշխանությունները կոպիտ սխալ չգործեն եւ չներքաշվեն զինված հակամարտության մեջ, ապա «գունավոր» հեղափոխությունը հենց սկզբից կստանան պատշաճ հակահարված եւ ապա «քուն կմտնի»: Այսօր հայաստանյան ընդդիմությունը նույնիսկ ջանքերի միավորման դեպքում չի կարողանա դիմակայել իշխանություններին: Ի դեպ, Հայաստանի իշխանությունները «գունավոր» հեղափոխությունների միսիոներներին արդյունավետորեն հակազդելու բավարար փորձ են կուտակել եւ կարողանում են նրանց հետ հարցերը լուծել ոչ միայն ոստիկանական միջոցներով:

www.novopol.ru


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4