«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2008-02-22 | #35, 2008-02-23 | #36, 2008-02-26


ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԵՎՍ ՄԵԿ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

Սլովակիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարները հենվում են ԵԱՀԿ զեկույցի վրա

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշի այցելությունն, ըստ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, օգտակար կլինի ոչ միայն երկկողմ` Հայաստան-Սլովակիա, այլեւ եվրոպական համագործակցության առումով: ԱԳ նախարարների երեկվա հանդիպմանը քննարկումը սկսվել է հայաստանյան նախագահական ընտրություններից: Ըստ Օսկանյանի, գնահատական է տրվել իրավիճակին:

Երկկողմ հարաբերություններն էլ երկուստեք բավարար են գնահատվել, քաղաքական ակտիվ երկխոսություն է ընթացել, եւ հիմքեր կան հարաբերություններում շեշտը դնելու տնտեսական ուղղության վրա: Սլովակիայի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ հենց այս տարի սլովակյան երեք` մշակույթի, արդարադատության, տնտեսական հարցերով նախարարների Հայաստան այցելություն է ծրագրվում, ինչն աննախադեպ է:

«Ես այստեղ եմ ընտրություններից մի քանի օր անց եւ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ կհանդիպեմ ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության ներկայացուցիչներին», նշեց Կուբիշը, ավելացնելով, որ ներկա դրությամբ միակ հիմքը ընտրական մոտեցումների ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցն է:

«Զեկույցը, ընդհանուր առմամբ, ընտրությունների որակը ընդունում է եւ դա կարեւոր հայտարարություն է», ընդգծեց Կուբիշը: Ըստ նրա, միեւնույն ժամանակ, դեռ քաղաքական գործընթացներ կան եւ ցանկալի կլիներ իմանալ, թե ինչպես են հաղթահարվում ընտրությունների ընթացքում ի հայտ եկած թերությունները:

Յան Կուբիշի խոսքերով, ուրախալի է նաեւ, որ նման երկրներում ժողովրդավարական հանրահավաքների հնարավորություն կա եւ «կառավարությունը գործում է պատասխանատու»:

Հարցին, թե արդյոք նախագահական ընտրությունները Հայաստանը մոտեցրի՞ն եվրոպական արժեքներին, Կուբիշը պատասխանեց. «Բավարար է տեսնել ԵԱՀԿ զեկույցը եւ դուք կտեսնեք, որ դա հաստատումն է, որ սա եւս մեկ դրական քայլ է երկրի ժողովրդավարական զարգացման մեջ: Կան որոշակի խնդիրներ եւ թերություններ, բայց ընդհանուր հայտարարությունն այն է, որ սա շարժում է առաջ»:

Ինչ վերաբերում է հնարավոր բախումներին կամ լարվածության մեծացմանը, ապա Յան Կուբիշը հույս հայտնեց, թե այդպիսի բարդացում չի լինի: «Մեկ բան է հնարավորություն ունենալ ժողովրդավարական ձեւով ցույց տալու քո քաղաքական դիրքորոշումը, ինչի համար կան ձեւեր եւ միջոցներ` հարգելով երկրի օրինական կարգը եւ նորմալ ժողովրդավարական ընթացակարգերը: Բայց բռնությունից ամեն դեպքում պետք է խուսափել»:

Օսկանյանի գնահատականն ընտրություններին հենվում է երկու հանգամանքի` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացության եւ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության վրա: «Ես ուրիշ համեմատության եզր չունեմ, ինքս դիտորդ չեմ եղել: Շատ բան եմ լսել, բայց այնքան լարված մթնոլորտ է եղել հանրապետությունում, որ արդեն ամեն ինչի կասկածում ես: Ուղղորդողը դիտորդների հայտարարությունն է եւ ԿԸՀ հրապարակած արդյունքները»: Օսկանյանը հույս հայտնեց, որ արդյունքները կընդունի նաեւ ընդդիմությունը եւ վերջին ամիսներին «հասարակության մեջ խրված սեպը, բաժանումը» ցավալի երեւույթ է եւ չի կարելի է այսպես շարունակել: «ժամանակն է, որ քաղաքական ղեկավարությունը ցուցաբերի հանդուրժողականություն եւ մենք կարողանանք իրար հետ աշխատել եւ ապրել նորմալ կյանքով` հասարակությանը չտանելով անիմաստ բաժանումների»:

Հայաստանը դեռ քննարկում է Կոսովոյի ճանաչման հարցը

Կոսովոյի անկախության հռչակման եւ մի շարք երկրների կողմից այդ անկախության ճանաչման համատեքստում Հայաստանի դիրքորոշումը պարզաբանելու հարցին Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Հայաստանը չի աճապարելու որոշում կայացնել ճանաչման մասին: Այդ հարցը մենք քննարկում ենք եւ մեր որոշումը ճանաչման կապակցությամբ ժամանակին կհայտնենք»:

ԼՂ հարցում նոր հույսեր` նոր նախագահի հետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ Օսկանյանը նշեց, որ համանախագահները սկսել են արդեն առաջին հանդիպումը կազմակերպելու նշաններ ցույց տալ` նկատի ունենալով նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ ըստ այդմ ապրիլի 9-ին վարչապետի կողմից նախագահական պարտականությունների ստանձնումը:

Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարություն է արել` Հայաստանի նոր նախագահին եւ Ադրբեջանի առաջնորդին կոչ անելով հնարավորինս մոտ ժամանակում հանդիպում ունենալ:

Դեսպաններն ափսոս են, բայց քաղաքական դիրքորոշում հայտարարելու իրավունք, մեկ է, չունեին

Դիվանագիտական կորպուսի մի շարք անդամների` Տեր-Պետրոսյանին միանալու հայտարարության առնչությամբ Վարդան Օսկանյանը բացատրեց, որ դիվանագիտական ծառայության օրենքը թույլ չի տալիս պաշտոնավարող դիվանագետներին հրապարակային քաղաքական դիրքորոշում որդեգրել:

«Մեր աշխատակիցներից մի քանիսը որոշեցին խախտել օրենքը, եւ բնականաբար, դրա հետեւանքը աշխատանքից ազատվելն էր: Ես սա ցավով եմ ասում, որովհետեւ մի քանի շատ լավ կադրեր կորցրեցինք: Ուղղակի նաեւ ցավ է, որ ես, օրինակ, կարծում էի, որ այդ քայլին գնացողները վերջինը կլինեն նախարարությունում, որովհետեւ առաջին օրվանից նրանց քաղաքական հայացքները մեզ բոլորիս հայտնի էին: Նրանք կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներն էին, կամ իրենք պաշտոններ ունեին նախորդ իշխանություններում», պարզաբանեց Օսկանյանը:

Ըստ նախարարի խոսքերի, իր պաշտոնավարության տասը տարիներին բացարձակապես որեւէ խտրականություն նրանց նկատմամբ չի եղել: «Սա փաստորեն ոտնահարեց հենց այդ ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը: Ես միշտ ցանկացել եմ, որ մեր նախարարությունը օրինակ լինի բոլորի համար: Մենք չենք կարող մարդկանց քաղաքական հայացքների համար խտրականություն ցուցաբերել»:

Ինչ վերաբերում է դեսպանների, պատասխանատու աշխատակիցների ազատմանը, ապա, ըստ Օսկանյանի, կադրերը հեշտ չեն գալիս, դիվանագետ չեն ծնվում: «Մենք ժամանակ, փող ենք ծախսում նրանց վրա: Մեր ռեսուրսն այնքան քիչ է, որ յուրաքանչյուր անձ իսկապես կարեւոր նշանակություն ունի: Բայց մենք այլընտրանք չունեինք: Ես ցավով եմ ստորագրել այդ հրամանները: Նախագահը նույնպես, համոզված եմ, ցավով է ստորագրել: Ո՞նց եք պատկերացնում: Դեսպանները, որ նախագահի կողմից են նշանակված, միանում են մի շարժման, քաղաքական ուժի, որը այդ պետությունը անվանել է «ավազակապետություն», երբ դրա գլուխը նախագահն է: Դուք ինձ ասեք` այդ դեսպանները ո՞նց են աշխատելու, երբ իրենց հավանությունն են տալիս այդ որակմանը«:

Աշխատանքից ազատումը արտգործնախարարը բնական հետեւանք համարեց եւ հույս հայտնեց, որ շարունակություն չի ունենա: Օսկանյանը հավաստեց, որ այլ հեռացումներ չեն հետեւելու, քանի որ քաղաքական հայացքների համար խտրականության ենթարկվելը բացառված է արտաքին գործերի նախարարությունում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4