ԱԳՆ-ից հեռացվել են արդեն նախկին դեսպաններին միացած աշխատակիցները
Անմեկնելի են ստի օգտագործման չափաբաժնի ավելացման հնարավորությունները, երբ խնդիրը իշխանությունն է: Այն, ինչ այս օրերին, արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հայտարարությամբ, կատարվում է դիվանագիտական տիրույթներում, ոչ մի դեպքում չի կարելի զուտ անհեռատեսություն կամ քաղաքական անդիմադրելի դիրքորոշմամբ պայմանավորված քայլ համարել: Ավելի շուտ, ինչպես ավելի պարզ արտահայտվելու դեպքում կարելի է ասել, խոսքը «կուտ տալու» մասին է, այլապես ըստ էության դեսպանների եւ նրանց միացած ԱԳՆ աշխատակիցների «մի քիչ» քաղաքական հայտարարությունը Ազատության հրապարակում չէր ներկայացվի որպես հանրահավաքայիններին միանալու դրսեւորում:
«Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը... մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով... համոզված լինելով, որ միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջեւ առկա մարտահրավերներին եւ էականորեն բարձրացնել Հայաստանի իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին:
Կարեւորելով երկրում կայունության պահպանման եւ հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, եւ հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից:
Հայաստանյան հեռուստաընկերություններին եւ հատկապես Հ1-ին կոչ ենք անում ապահովել իրադարձությունների անկողմնակալ եւ համակողմանի լուսաբանում եւ ուղիղ եթերի տրամադրում ներկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ կառուցողական դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի ներկայացուցիչներին:
Կոչ ենք անում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում աշխատող մեր բոլոր գործընկերներին, միանալ մեր հայտարարությանը»:
Սա այն հայտարարության տեքստն է, որը դեռեւս փետրվարի 23-ին ստորագրել էին համատեղությամբ մի շարք երկրներում Հայաստանի դեսպաններ Ռուբեն Շուգարյանը, Լեւոն Խաչատրյանը, քարտուղար Ռազմիկ Խումարյանը, ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը: Նրանք նույն օրվա նախագահական հրամանագրերով այլեւս ոչ միայն այդ երկրներում դեսպան չեն, այլեւ ընդհանրապես դիվանագետ իսկ չեն` ոչ մի աստիճանով:
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, թե նրանց լեւոնամետ դիրքորոշման բարձրաձայնման ուղղությամբ լավագույնս աշխատել է Մանուշակ Պետրոսյանը, որ նախագահացու Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում պիտի ԱԳ նախարար դառնար: Ամեն դեպքում, հետաքրքրական են նման հայտարարությամբ հանդես գալու հիմքերը:
Մասնավորապես, Ռուբեն Շուգարյանին շատերը հիշում են որպես ԼՏՊ նախագահության առաջին մամլո քարտուղարի, օգնականի: Լեւոն Խաչատրյանը ՀՀՇ առաջին շրջանի միտինգավոր գործիչներից էր: Խումարյանը եղել է ՀՀՇ լրատվական կենտրոնի նախագահ, ապա նաեւ ԱԳՆ մամուլի խոսնակ: Արմեն Բայբուրդյանի հայրը պակաս հայտնի չէ, լինելով առաջին ՀՀ դեսպանը Իրանում: Իսկ հենց ինքը` Արմեն Բայբուրդյանը եղել է ԱԺ ՀՀՇ-ական նախագահ Բաբկեն Արարքցյանի օգնականն ու խորհրդականը: Ամենայն հավաստիությամբ, Բայբուրդյանները նաեւ քավորսանիկական հարաբերություններ ունեն Լ. Տեր-Պետրոսյանի հանգուցյալ եղբոր` Թելման Տեր-Պետրոսյանի հետ:
Փետրվարի 24-ին Ազատության հրապարակում հայտարարվեց, թե ԱԳՆ 6 աշխատակիցներ էլ են միացել արդեն նախկին դեսպանների հայտարարությանը: Տարբեր վարչությունների ու բաժինների ղեկավարները եւս յուրօրինակ կապեր ունեն ՀՀՇ-ի հետ: Մասնավորապես, ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը ԼՏՊ նախագահության ժամանակ եւ հետագայում նրա աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանի տիկինն է, իսկ Ամերիկայի եւ Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի կադրերից ու մտերիմներից է: ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի «վերբովկայով» ամենայն հավանականությամբ զբաղվել է Նիկոլ Փաշինյանը, որ հիմա կոկորդի ողջ հզորությամբ գոռգոռում է Ազատության հրապարակում:
ՆԱՏՕ բաժնի վարիչ Մարթա Այվազյանը դուստրն է նկարիչ Այվազյանի, ում պատվերների զգալի մասը գոյացնում էր Վանո Սիրադեղյանը: Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմերջյանն էլ քրոջորդին է հենց ԼՏՊ-ի: Հարավային Ամերիկայի վարչության երկրորդ քարտուղար Էլեն Պետեյանն էլ դուստրն է ԱԳՆ ժամանակի գործերի կառավարիչ Գագիկ Պետեյանի, իսկ մայրը Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդականն է:
Հիշատակված անձինք եւս երեկ արդեն հեռացվել են ԱԳ համակարգից:
Ըստ էության, այն ապատեղեկատվությունը, որ ավելի հաճախ հնչում է Ազատության հրապարակում, ավելի հետաքրքրական ձեւով մատուցվում է տարբեր անձանց, որպեսզի հետո, տեղի-անտեղի, հրապարակային հարթակից հայտարարվի, թե այս ինչը կամ մյուսը միանում են «շարժմանը»:
ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ. Հետաքրքրական է, թե ազգակցական-համախոհական-ընկերական ինչպիսի սարդոստայնով են պատված նաեւ մյուս նախարարությունները: