«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2008-02-22 | #35, 2008-02-23 | #36, 2008-02-26


ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՏԻ ՈՒ ՍՏԻ ԱՐԱՆՔՈՒՄ

«Առավոտ» եւ «Ազգ» օրաթերթերի խմբագիրներ Արամ Աբրահամյանն ու Հակոբ Ավետիքյանը երեկ «Հայելի» ակումբում անդրադարձան հետընտրական Հայաստանի քաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին եւ լրատվամիջոցների աշխատանքին: Արամ Աբրահամյանը հավատացած է, որ հասարակությունը չի ընդունել ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները. «Բոլոր նրանք, ովքեր քվեարկել են ոչ Սերժ Սարգսյանի օգտին, չեն հավատում, որ իրենց թեկնածուն չի հաղթել: Վերեւից շատ բան է կախվածՙ ջիպ, օբյեկտ, տանիք ունեցողը 95-ից չի կարողանում համակերպվել, որ թուղթ գցելով պիտի ընտրեն ու իրեն զրկեն ունեցածից, եւ այդպես կլինի, քանի դեռ հասարակությունը լիովին չի կարեւորում օրինական իշխանությունը, այլ սպասում է, որ իշխանությունը գա ու իր մասին մտածի»: Հակոբ Ավետիքյանի գնահատականովՙ առկա է տագնապ, անգամ ճգնաժամ, չնայած հասարակության մեծ մասն, անշուշտ, ընդունել է ընտրությունների արդյունքները, բայց կա նաեւ հակառակ դիրքորոշման ընտրողների հոծ զանգված:

Տեղեկատվության փակ շրջանակն էլ լրատվական դաշտում պրոֆեսիոնալիզմի պակասի դրսեւորմամբ է ընթանում, որը համապատասխան պահանջի բացակայության եւ իշխանությունների ճնշման հետեւանք է: Եթե Արամ Աբրահամյանի կարծիքով պատճառը միայն իշխանությունների ճնշումն է, ապա Հակոբ Ավետիքյանը խնդիրը տեսնում է նաեւ լրատվամիջոցի, հատկապես հեռուստաընկերությունների, մասնավորապես Հանրային հառուստաընկերության ներսում պրոֆեսիոնալ աշխատանքի պահանջվածության պակասում. «Բանավեճը, որ նախընտրելի է, պարզապես բացակայում է հեռուստաընկերությունների եթերում եւ չկա այն հեռուստալրագրողը, մեկնաբանը, որի հետ բանավիճելը պատիվ լինի: Նման պահանջ, պատվեր չի ներկայացվում որեւէ կողմից, հետեւաբար եւ չի զարգանում մասնագետն այդչափ»: Սակայն դրանից էլ անկախ այս իրավիճակում մեկ ուրիշ խնդիր է տեսնում Հակոբ Ավետիքյանը. «Նման իրավիճակում համարյա անիմաստ է դառնում լրագրությամբ զբաղվելըՙ ստացվում է լուրի տասը տարբերակ, որոնցից յուրաքանչյուրը ստուգման ենթակա է եւ հիմնականում ոչ մեկը հավաստի չէ»:

Կաշառատվության ու կաշառք վերցնելու զարգացումն այս ընտրություններում երկու բանախոսներն էլ ներկայացրին նույն ձեւակերպմամբ` բոլոր նրանք, ովքեր միջոցներ ունեին, կաշառք տվեցին: Չվերցնելու հիմքը բարեկեցությունը դիտարկվեց, որպես գործնական քայլՙ բազմակուսակցական ընտրական հանձնաժողովներից հրաժարվելն ու նրանց գործառույթը ներքին գործերի նախարարությանը հանձնելը: Այս հարցում էլ բանախոսները համակարծություն հայտնեցին ու պատճառաբանեցին. «Այդ պարագայում պետությունն ուղղակի հիմք չի ունենա արդարանալու, թե ընտրությունները անց են կացրել կուսակցություններն ու ինքը մեղավորություն չունի»:

Կանխատեսումների անցնելովՙ բանախոսներն արտահայտվեցին խիստ հստակ. «Որքան գիտեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ բավական լավ գիտեմ նրան, կեսից չի գնա թեյ խմելու, կգնա մինչեւ վերջ: Վերջն էլ կլինի բանտըՙ նա իր համախոհների հետ կնստի», վստահաբար կարծիք հայտնեց Արամ Աբրահամյանը: Հակոբ Ավետիքյանի տեսանկյունից իրավիճակը քիչ այլ զարգացում կարող է ունենալ. «Վերադարձի նավակներն այրված են, չնայած քաղաքականությունում անհնարինություն չկա, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող ընտրված նախագահի ոչ լեգիտիմության մասին պնդումներից հետո մարդկանց ասելՙ գնացեք, ավարտվեց: Բնական զարգացումը պայքարի շարունակականությունը կարող է լինել, նույնիսկ եթե բանտերում հայտնվի»:

Ինչ մնում է բանտարկումների հեռանկարին, ապա «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքովՙ դրանք առաջնահերթորեն կարող են դրսեւորվել երկրապահների հանդեպ, եւ այլ պատճառ չկա, քան նրանց մեծ մասի զինված լինելը, մինչդեռ զենքը պետականություն ներկայացնողի ձեռքին պետք է լինի. «1991-ին հենց այդ մոտեցմամբ էինք ծափահարում Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀԱԲ-ը ցրելու համար: Այսօր ինչո՞ւ ենք հանդուրժում»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4