«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2008-02-22 | #35, 2008-02-23 | #36, 2008-02-26


ՀՅԴ-Ն ՉԻ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՅԴ գերագույն մարմինը երեկ տարածած հայտարարությամ մեջ նշում է, որ 2008-ի նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն հնարավոր ամեն բան արեց մրցակցությունը ծրագրային, գաղափարական հունի մեջ պահելու, երկրի զարգացումը առողջ մթնոլորտում շարունակելու համար, սակայն այս մոտեցումը լայն արձագանք չգտավ: Իրենց թեկնածուն` Վահան Հովհաննիսյանը, ընտրարշավի ողջ ընթացքում ցուցաբերեց սկզբունքային վարքագիծ ու դիրքորոշումներ` հարազատորեն ներկայացնելով ՀՅ Դաշնակցությունը: «Սակայն ընտրարշավի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները: Հասարակությունը արհեստականորեն երկփեղկվեց ու բեւեռացվեց: Մի կողմից ամեն եղանակով իշխանափոխություն իրականացնելու նախկինների մոլեռանդությունն էր, մյուս կողմից` ամեն գնով սեփական դիրքերը պահպանելու ներկաների ձգտումը: Բուն ընտրությունները եւս ուղեկցվեցին տարաբնույթ խախտումներով: Ընտրությունների վերաբերյալ մեր քաղաքացիների գնահատականը միանշանակ չէ, եւ այսօր էլ առկա է հասարակական լարվածություն, երկիրը կանգնած է հետընտրական բեւեռացումը կանխելու եւ համերաշխության մթնոլորտը վերականգնելու հրամայականի առաջ: Ներկա իրավիճակում մենք պատրաստ ենք կամրջողի դեր ստանձնել»:

Ամփոփելով բոլոր մարզերից ու տեղամասերից ստացված զեկույցները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներն ու միջազգային հանրության` հիմնականում դրական արձագանքը` ՀՅԴ գերագույն մարմինը չի վիճարկում ընտրությունների վերջնական արդյունքները եւ հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին:

«Հավատարիմ մնալով 2007թ. ստորագրած համագործակցության համաձայնագրին, մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ ու դիմում ենք քաղաքական կոալիցիային` համագործակցությունը դադարեցնելու առաջարկով», ասվում է հայտարարության մեջ: Միաժամանակ առաջարկվում է անաչառ եւ ամբողջական քննության ենթարկել ընտրակեղծիքների բոլոր փաստերն ու պատժել մեղավորներին, դատապարտել իշխանությունը բռնի ուժով փոխելու, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքներից դժգոհողների հանդեպ բռնություն կիրառելու մտայնությունը, շուտափույթ քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակությունն ամրապնդելու, ներքին լարվածությունը մեղմելու, երկրում ապահովել իրական բազմակարծություն եւ խոսքի ազատություն, քաղաքական համակարգում ընդդիմության գործունեության համար ապահովել լիարժեք հնարավորություններ եւ այլն:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4