ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը իր մտահոգությունները հայտնեց մեր երկրում ընթացող հետընտրական երեւույթներից ու լուծման բանալի առաջարկեց: Նա նշեց, որ «մեր հասարակությունը խիստ բեւեռացման գործընթացի մեջ է, որը ծայրագույն տեսք է ստանում... Ես այս ընտրությունները կարող եմ որակել որպես փոխադարձ անհանդուրժողականության եւ ատելության ընտրություններ, որովհետեւ ըստ էության հասարակությունը ոչ այնքան ընտրում էր իր նախընտրելի նախագահին, որքան քվեարկում էր այն նախագահի թեկնածուի դեմ, ում չէր ուզում տեսնել այդ պաշտոնին: Եվ սա նշանակում է, որ ե՛ւ մեր հասարակությունը, ե՛ւ պետությունը լրջորեն հիվանդ են, բուժման կարիք ունեն»: Պրն Մելիքյանը փորձեց բուժման դեղատոմսեր առաջարկել: «Այն դեղատոմսերը, որ առաջարկում են այսօր` բուժումը փոխարինում են մահապատժով, որ կողմից էլ հնչեցվում է: Ես դեմ եմ մահապատժի, դեմ եմ գլխատումների եւ գտնում եմ, որ մենք ներքին երկխոսության ճանապարհը պետք է բռնենք եւ այդ առումով, այս ընտրությունները բոլորիս համար թող լինեն շատ լավ դաս: Մենք հասել ենք այն եզրին, որից հետո կարող են սկսվել լուրջ բախումները: Մենք պետք է ամեն կերպ դա կանխենք»: Պրն Մելիքյանը նշեց նաեւ. «Ես գտնում եմ, որ այս իրավիճակից չի կարող լինել ոչ ուժային ելք, եւ ոչ էլ իրավական դաշտում կարող ենք ընդունելի ելքեր գտնել»:
Թեկնածուն իր թիմակիցների դիտարկումների ամփոփումից հետո նշեց, որ ընտրությունների ժամանակ «անշուշտ եղել են բռնություններ, չարաշահումներ, բայց այնուամենայնիվ ինձ համար հավաստի աղբյուրների վկայությամբ, Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ առավելություն ունեցել է»: Արման Մելիքյանը նշեց, որ եթե այս արմատավորված ատելության մթնոլորտը մենք չհաղթահարենք, շատ լուրջ պրոբլեմներ կունենանք թե՛ ներսում եւ թե՛ մեր հարեւանների հետ: Նա տեղեկացրեց, որ արդեն նախորդ օրը «Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներից մեկը կոչ է արել երիտասարդությանը պատրաստ լինել պատերազմի եւ համոզել է, որ շատ արագ, մեկ օրում նրանք կհասնեն Երեւան: Այս ամենը պատահական չէ: Մենք այսօր պիտի կարողանանք թողնել ատելության բոլոր անձնավորված դրսեւորումները եւ փորձենք երկխոսություն ծավալել», եւ հատուկ շեշտեց. «Եթե կողմերը կուզենան վստահել ինձ նախնական ուղղությամբ քայլեր կատարելու, ես պատրաստ եմ միջնորդի դերը ստանձնել, եթե դա ընդունելի կլինի երկու կողմին էլ»:
Պրն Մելիքյանը վստահություն հայտնեց, որ «ներքին երկխոսություն հաստատելով կկարողանանք նաեւ գտնել ԼՂ հիմնախնդրի լուծումը: Ամեն մի այլ տարբերակ անպտուղ է եւ պառակտիչ...» ամփոփելով նշեց թեկնածուն:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ