Համոզմունք հայտնեց Եվրոբանկի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտայնը
Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային զեկույցը երեկ ներկայացվեց «Երեւան» հյուրանոցում, որին մասնակցում էին ՎԶԵԲ Հայաստանի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտայնը, ավագ տնտեսագետ Էրիկ Բերկլոֆը, Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Մայքլ Վայնշտայնը առաջինը ձայն տվեց Ներսես Երիցյանին, որն իր տեսակետը հայտնեց Եվրոբանկի ուսումնասիրության վերաբերյալ:
Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի կարծիքով, գործ ունենք շատ հետաքրքրական փաստաթղթի հետ, որը գնահատականներ է տալիս, թե ինչ կետի են հասել միաժամանակ շուկայական տնտեսության անցած երկրները եւ նրանք մեկը մյուսի նկատմամբ ինչ դիրքում են գտնվում: Բարեփոխումների երեք փուլ է առանձնացրել այս աշխատության մեջ ՎԶԵԲ-ըՙ գների ազատականացում, մասնավորեցում եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Ըստ Ներսես Երիցյանի, նշվում է, որ բարեփոխումների երրորդ փուլն ամենադժվարն է: Նախարարը մասնավորապես կարեւորեց պետական ծառայության որակի բարձրացման խնդիրը, նշելով, որ նրա մատուցած ծառայությունները չպետք է տարբերվեն մասնավոր հատվածի ծառայություններից:
Առավել մանրամասն զեկույցը ներկայացրեց Եվրոբանկի ավագ տնտեսագետ Էրիկ Բարկլոֆը: Նա հայտնեց, որ այս հետազոտությունը ամփոփում է անցած ավելի քան 15 տարիների բարեփոխումներն անցումային երկրներում եւ ավելի հանգամանորեն անդրադարձ կատարում 2007-ին: Նրա հավաստմամբ, 2007-ը անցումային 14 երկրների (ԱՊՀ եւ Մոնղոլիա) համար եղել է ամենաբարձր աճի տարին, եւ Հայաստանն այստեղ բացառություն չէ: «Ավելին, Հայաստանն օգնում է միջին ցուցանիշի բարձրացմանը», հավաստիացրեց ՎԶԵԲ ներկայացուցիչը: Նա հայտնեց, որ այս ուսումնասիրությունը հիմնված է վերոնշյալ երկրներում իրականացրած շուրջ 29 հազար հարցազրույցների վրա: Համաձայն դրանց, հարցվողները հիմնականում գոհ են անցումից դեպի ժողովրդավարություն եւ շուկայական տնտեսություն, բայց կան նաեւ խոշոր զանգվածներ, որոնք դժգոհ են դրանից: ՎԶԵԲ ավագ տնտեսագետը նույնպես նշեց, որ բարեփոխումներից ամենադժվարը լինելու են երրորդ փուլի բարեփոխումներըՙ պետական ծառայության որակի բարձրացումը, պետություն-մասնավոր հատված համագործակցության իրականացումը: Մարդիկ առաջնային նշանակության պետական ծառայություններից կարեւորում են առողջապահական եւ կրթական ծառայությունների որակի բարձրացումը:
Հայաստանը բարեփոխումների իրականացման առումով առաջատար դիրքում է, բայց մեր հարեւանները հասնում են մեզ: Էրիկ Բարկլոֆը թվարկեց այն ոլորտները, որտեղ պետք է իրականացնել բարեփոխումներՙ ֆինանսական հատված, մրցակցության բարելավում, տնտեսության բազմազանության խթանում, դատաիրավական համակարգի բարեփոխում եւ այլն:
Եվրոբանկի փորձագետը միաժամանակ նշեց, որ բացի համախառն ներքին արդյունքի աճը չափելուց, պետք է գնահատել դրա ազդեցությունը բնակչության վրա: Ըստ Էրիկ Բարկլոֆի, այս առումով բոլոր երկրներում դժգոհություններ կան: Հայաստանը նույնպես ամենաբողոքավոր երկրներից է: Այստեղ դիտարկվում է եկամուտների եւ պետական ծառայությունների որակի հարաբերակցությունը: Այսինքն, եկամուտները պետք է համապատասխանեն մատուցվող ծառայությունների որակին: Այն հարցին, թե կառավարության ենթակայության տակ եղած գումարները ո՞ր ոլորտում է նախընտրելի ծախսել, բոլոր երկրներում եւ այդ թվում Հայաստանում, որպես առաջին պատասխան նշվել է առողջապահությունը:
Այս տարվա առնչությամբ, ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ, Հայաստանի տնտեսական աճը կկազմի 8 տոկոս: Ըստ Մայքլ Վայնշտայնի, այս տարին բավականին հաջող կլինի Հայաստանի համար: Փոքր եւ միջին ձեռնարկատիրության, հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում լուրջ նախագծեր կան, «նկատելիորեն կլավանա ամեն ինչ»: Վարկային հնարավոր փլուզումը միջազգային շուկաներում այդ ամենի վրա չի ազդելու եւ ՎԶԵԲ-ը չի վերանայելու իր վարկային ծրագրերը Հայաստանում:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշեց, որ ավարտված նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներից որեւէ մեկը կասկածի տակ չէր դրել շուկայական տնտեսության անհրաժեշտությունը: Կարծիքները տարբերվել են միայն դրա իրատեսության եւ արագացման հետ կապված: Նախարարի կարծիքով, պետական ծառայությունների որակը բարձրացնելու համար կարողությունների լուրջ կարիք կա: Նա միաժամանակ վստահեցրեց, որ կառավարությունը կարող է եւ ակտիվորեն շարունակելու է իրականացնել բարեփոխումները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ