«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2008-02-22 | #35, 2008-02-23 | #36, 2008-02-26


ԸՆԹԵՐՑՈՂԻ ԴԱՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

Հայկ Դեմոյանի մենագրությունը

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանումը արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում 1988-1990թթ.» գրքի շնորհանդեսն էր:

Աշխատությունը Բուդապեշտի բաց հասարակական արխիվների աջակցությամբ իրականացված հետազոտական ծրագրի արդյունք է եւ վերաբերում է արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներում 1988-90-ին ղարաբաղյան շարժման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանման խնդիրներին` նպատակ ունենալով ներկայացնելու արեւմտյան մամուլում եւ քաղաքական շրջաններում հակամարտության եւ դրա լուսաբանման հիմնական գործոնները:

Գրքում ներկայացվում է «սառը պատերազմի» ընթացքում ծավալված տեղեկատվական եւ քարոզչական պատերազմի ընդհանուր պատկերը: Անդրադառնում է ԼՂ հակամարտության շուրջը, Գորբաչովի հռչակած վերակառուցման եւ հրապարակայնության քաղաքականության համատեքստում ծավալված քարոզչությանը:

«Մենագրությունն այսօր վեր է հանում վաղուց մոռացված, անհայտ փաստաթղթեր: 1988-90-ականները այն ժամանակահատվածն է, երբ Արեւմուտքը ղարաբաղյան հիմնահարցը դիտում էր որպես դեմոկրատական շարժում, որը կարելի է դիտարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման տեսանկյունից: Վեր հանված 88-ի սեպտեմբերի արխիվում ցույց է տրված, որ ԱՄՆ Սենատը ընդունել էր որոշում Ղարաբաղի հարցի վերաբերյալ, որ եթե Խորհրդային Միությունը չհարգի հայերի օրինական իրավունքները, ապա այդ քաղաքականությունը` հայկական ժողովրդավարական շարժման, կարող է էականորեն ազդել ԱՄՆ-Խորհրդային Միություն հարաբերությունների վրա», ասում է Դեմոյանը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4