Առաջին շրջանն Արոնյանն ավարտեց 3,5 միավորով
Մեքսիկական Մորելիա քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի Լինարեսի մրցաշարի առաջին շրջանը: Չորսօրյա հանգստից հետո ութ ուժեղագույն գրոսմայստերները փետրվարի 28-ին իսպանական Լինարես քաղաքում կվերսկսեն մրցավեճը:
Լեւոն Արոնյանն առաջին շրջանն ավարտեց 3,5 միավորովՙ 4-5-րդ տեղերը բաժանելով Մագնուս Կառլսենի հետ: 6-րդ տուրում հայ շախմատիստը մրցում էր հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը մրցաշարի ամենակրտսեր մասնակից, նորվեգացի 17-ամյա գրոսմայստեր Մագնուս Կառլսենն էր: Սեւ խաղաքարերով խաղացող Արոնյանին չհաջողվեց դիմագրավել մրցակցի գրոհին, բացի այդ էլ Լեւոնը սխալ թույլ տվեց 18-րդ քայլին: 25-րդ քայլին նրա վիճակը շատ ծանր էր եւ եւս հինգ քայլ անց նա ստիպված էր հանձնվել:
Առաջին շրջանի հաղթող դարձավ աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը: 6-րդ տուրում նա մրցում էր Վեսելին Թոփալովի հետ: Այդ պահին Անանդը մրցաշարի առաջատար էր եւ մրցակցին գերազանցում էր մեկ միավորով: Ուստի սպիտակներով խաղացող Թոփալովը ձգտում էր հաղթանակի: Երկու շախմատիստներն էլ զգույշ սկսեցին մրցավեճը եւ բավական երկար էին մտածում քայլերի վրա, ուստի մինչ հսկիչ 40-րդ քայլը, նրանք հայտնվեցին ցայտնոտում: Սակայն երկուսն էլ անսխալ խաղացին ու 42-րդ քայլին հաշտություն կնքեցին: Նման արդյունք գրանցվեց նաեւ Իվանչուկ-Շիրով պարտիայում, իսկ Ռաջաբովը հաղթեց Կառլսենին:
7-րդ տուրում Անանդը ոչ-ոքի ավարտեց պարտիան Իվանչուկի հետ եւ վաստակելով 4,5 միավոր, դարձավ առաջին շրջանի հաղթող: 4-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանում են Վեսելին Թոփալովն ու Ալեքսեյ Շիրովը: Թոփալովը սեւերով հաղթեց Լեկոյին, Շիրովն էլ առավելության հասավ Ռաջաբովի նկատմամբ: Ընդհանրապես 7-րդ տուրն արդյունավետ ստացվեց: 4 պարտիաներից երեքում մրցակիցներից մեկը հաղթանակ տոնեց: Ռաջաբովն ու Իվանչուկը վաստակել են 3-ական միավոր: Իսկ աղյուսակը 2,5 միավորով եզրափակում է Լեկոն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ