«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2008-02-26 | #37, 2008-02-27 | #38, 2008-02-28


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐՙ ՈՉ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

Ավելի վատ խորհուրդՙ քան նախորդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք կազմակերպելը, երեւի ոչ ոք չէր տվել Սերժ Սարգսյանին: Վատՙ ոչ միայն նրա համար, որ ի պաշտպանություն նորընտիր նախագահի հավաքված բազմության մի մասը հետո գնաց թամաշայիՙ Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ շրջաններից եկածներն էլ առեւտրիՙ «Ֆիրդուսնոցում»: Այլ այն պատճառով, որ, ինչքան ես եմ հասկանում, ուժի ցուցադրությանը միտված հանրահավաքն ավելի ուժ տվեց, նոր շնչառությունՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, ովքեր նախորդ օրն արդեն հոգնության նշաններ էին սկսել ցույց տալ: Նորընտիր նախագահն իր ազդու ելույթը, երդումով ամրագրված խոստումներն ու համագործակցության կոչն արտահայտելու այլ ամբիոն կարող էր հեշտորեն գտնել: Փոխարենը նրա հանրահավաքը, փաստորեն, նոր մղում տվեց «թվերի պատերազմին», որտեղ Լ. Տեր-Պետրոսյանն ու նրան ձայնակցող մամուլը երեւակայության պակաս բնավ չեն զգում թվեր «կրակելու» գործում. դու հավաքում ես 100 հազա՞ր, ես կհավաքեմ 500 հազար: Այս օրերին ո՞վ է հաշվողը: Շուտով մեր ավելի քան միլիոնանոց մայրաքաղաքը, նորածիններն էլ հետը, կլինի Ազատության հրապարակում:

Այս բոլորը հայկական քաղաքական ֆոլկլորի մաս է կազմում արդենՙ տրանսպարանտներով, սպիտակ կամ եռագույն դրոշներով, վանկարկումներով, քոչարիով, արեւածաղկի սերմով, թանկանոց սուպեր-մարկետները խճողող բոմժերով, հացադուլավորներով, կրակոտ ճառերով ու երգերով: Չմոռանանք սակայն այդ ֆոլկլորի չարագուշակ մասըՙ մահակավոր-սաղավարտակիր ոստիկանությանը, որն արդեն սկսել է ձերբակալել ոչ միայն զինված անօրեններին (ինչը վաղուց, տարիներ առաջ արդեն պիտի կատարած լիներ), այլեւ Սուրեն Սուրենյանցի, Արամ Կարապետյանի եւ մի քանի ուրիշ քաղաքական գործիչների: Անվտանգության ուժերի զսպողական գործողությունները կարող են վերածվել անզուսպ արարքների, վերահսկողությունից դուրս բերելով ողջ իրավիճակը, որն արդեն լարված է:

Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ ինքնազուսպ լինեն Լ. Տեր-Պետրոսյանն ու հանրահավաք-երթի մյուս կազմակերպիչները: Մեր երկրում տիրող իրավիճակից իրավացիորեն դժգոհ եւ իրենց բողոքն անկեղծորեն բարձրաձայնող ցուցարարներին պետք չէ ամբոխի վերածել: Ամբոխը, այն էլ խելագարված ամբոխը, վերահսկելի չէ, նույնիսկ իր առաջնորդների համար: Գալիս է մի պահ, երբ նման բազմություններն իրենց առաջնորդից պահանջում են ոչ թե այն, ինչ նա է ուզում, այլ այնՙ ինչ իրե՛նք են ուզում: Դա արդեն խաղ չէ, ոչ էլ ֆոլկլոր: Ամենեւին: Մանավանդ զինադադարի մեջ գտնվող մեր նման երկրներում:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4