«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2008-02-26 | #37, 2008-02-27 | #38, 2008-02-28


ՄԻ՞ԹԵ ԱՐԴԵՆ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՐԿՂԸ ՆԵՏՎԵԼՈՒ ...

Ուզենք, թե չուզենք, հետընտրական Հայաստանն արդեն իսկ տարբերվում է մի քանի ամիս առաջ եղած Հայաստանից: Մենք այսօր ունենք պառակտված եւ միմյանց դեմ տրամադրված ժողովուրդ, որն այլ բան, քան պետականության կորստի, բերել չի կարող: Սա ժողովրդավարություն չէ, քանզի ժողովրդավարական երկրներում փոքրամասնությունը չի պարտադրում իր կամքը մեծամասնությանը, պետական հիմքերը ցնցող ուժերը պաշտպանության չեն արժանանում ընտրողների առնվազն մեկ հինգերորդի կողմից: Անգամ ժողովրդավարության հայրենիք Ֆրանսիայում, երբ ծայրահեղ ազգայնականների իշխանության հայտնվելու վտանգ առաջացավ, հասարակության բոլոր առողջ ուժերը համախմբվեցին եւ ինչ-որ տեղ անտեսելով ժողովրդավարական նորմերը, հանդես եկան ընդդեմ ազգայնականության հաղթանակի: Հայաստանի ներկա իրավիճակն առավել վտանգավոր է, քանզի իշխանության են ձգտում ապազգային ուժերը, որոնք հանուն իշխանության հասնելու չեն խնայում ոչ մեկին եւ կանգ չեն առնում միջոցների ընտրության միջեւ:

Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, ընտրել է քաղաքական պայքարի եւ իշխանության զավթման բոլշեւիկյան մեթոդոլոգիան: Իր կողքին չկանգնող բոլոր ուժերին ու մարդկանց «տականք» կամ «դավաճան» անվանելով, որը ոչ այլ ինչ է, քան բոլշեւիկյան «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսը, մարդկանց «լեւոնականների» ու «սերժականների», ղարաբաղցիների ու հայաստանցիների եւ բազում այլ մասերի պառակտելով ու միմյանց դեմ տրամադրելով, նախկին նախագահը հանգում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առաջ քաշած բոլշեւիկյանՙ «սեփական երկրի պարտության» գաղափարին: Եթե ռուս բոլշեւիկները Ռուսաստանի պարտության գաղափարն էին առաջ քաշում իրենց իշխանության գալու համար, իսկ 1919-20 թ.թ.-ին հայ բոլշեւիկները նույնը կրկնում էին Հայաստանում, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին զիջելու, Հայաստանն ու հայ ժողովրդին հերթական եւ արդեն անուղղելի պարտության մղելու միջոցով փորձում է լուծել իր իշխանության գալու հարցը: Ինչպես բոլշեւիկները իշխանության անցան ապօրինի ճանապարհովՙ հեղաշրջման միջոցով, նույն կերպ փորձում է իշխանությունը գրավել Հայաստանի նախկին նախագահը: Դե, իսկ պիտակավորումների, կեղծիքի, սուտ տեղեկությունների եւ քարոզչական ու հոգեբանական այլ հնարքների մասին, որոնք պարզապես զոմբիացրել են հասարակության որոշակի հատվածին, չենք խոսում, քանզի այդ մասին արդեն բազմիցս է ասվել մեր թերթում: Պարզապես նշենք, որ այս ամենը արվում էր նաեւ Ռուսաստանում ու Հայաստանում անցյալ դարասկզբին բոլշեւիկների կողմից: Իսկ սեւ ցուցակներ կազմելը, հարուստներին ունեզրկելը կամ բանտ նստեցնելը բոլշեւիկների գործողությունների «թագն ու պսակն» էր, որը խոստանում են իրականացնել հայ իրականության մերօրյա բոլշեւիկներըՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Անցյալ դարասկզբին Առաջին համաշխարհային պատերազմից հոգնած, բզկտված Ռուսաստանը փաստորեն ընկրկեց ամենեւին էլ մեծ ազդեցություն չունեցող բոլշեւիկների առջեւ: Թե դա ինչ ողբերգություն եղավ այդ եւ հետագայում ԽՍՀՄ կոչվող երկրում ապրող ժողովուրդների համար, կարիք չկա մեկ անգամ եւս ասելու: Սակայն կարիք կա նախազգուշացնելու մեր հասարակության բոլոր շերտերին այն վտանգի մասին, որը բերում են նախկին նախագահը եւ նրան սատարող ուժերը: Նախՙ վերջիններիս արժե հիշեցնել, որ նույն բոլշեւիկները, անցնելով իշխանության գլուխ, չխնայեցին այլ, անգամ դաշնակից քաղաքական ուժերին, ապա անցան արդեն սեփական շարքերը «զտելուն»: Ուշ չէ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերին զգուշացնելու, որ երկրի նախկին նախագահը նրանց դեն է նետելու օգտագործված անձեռոցիկի նման: Սակայն մտահոգիչը դա չէ, քանզի տվյալ դեպքում այդ մարդիկ միանգամայն արժանի կլինեն քաղաքական դիակ դառնալուն:

Ինչ մնում է մեզ բոլորիս, ապա ժամանակն է գիտակցելու այն չարիքը, որ բերեց մեզ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ համախմբելու ժողովրդի բոլոր առողջ ուժերը այդ չարիքի դեմ: Ժամանակն է, որպեսզի հնչի մեր մտավորականներիՙ անհանդուրժողականությունը դատապարտող եւ իրերն իրենց ճիշտ անունով կոչող ձայնը, այլ ոչ թե վախվորած հայտարարությունները միայն օպերայի շրջակայքի աղտոտման մասին: Մի՞թե գրող Ալվարդ Պետրոսյանից բացի, ոչ ոք չի տեսնում այն ավերը, որ գործվում է հայ մարդկանց հոգիներում, մի՞թե միայն հոգեբան Կարինե Նալչաջյանն է տեսնում, որ այսպես է մեր վերջը գալու, մի՞թե մենք այնքան հոգնած ազգ ենք դարձել, որ արդեն արժանի ենք պատմության աղբարկղը նետվելու ...

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4