Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) իր շարքերում այսօր միավորում է տասնյակ երկրներում գործող բազմաթիվ հայկական երիտասարդական կազմակերպություններ, որոնք աջակցում են աշխարհասփյուռ հայերի ջանքերի համախմբմանը համազգային շահերի շուրջը:
Ընթացիկ տարվա փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները եւս հիանալի առիթ հանդիսացան երիտասարդության համախմբման, երկրի ապագայի կերտման, հայրենանվեր գործում նրանց ակտիվ մասնակցության ապահովման համար: Ակտիվ մասնակցելով ընտրություններին, երիտասարդներն իրենց նպաստը բերեցին Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքական գործընթացների մասնակցության սեփական փորձառության կոփմանը:
Ընտրությունների արդյունքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ: Մենք շնորհավորում ենք նրան երկրի նախագահ ընտրվելու առթիվ եւ մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության հզորացմանը, բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, երկրում համաձայնության եւ կայունության մթնոլորտի ստեղծմանը նպատակամղված նրա նախընտրական ծրագրերի կենսագործման գործընթացներում:
Մինչդեռ այսօր մեզ մտահոգում են հետընտրական շրջանի զարգացումները, օրըստօրե խորացող հասարակական երկպառակությունները, միտինգային բեւեռացումները, առճակատման, ապակայունացմանը տանող կոչերն ու գործողությունները:
Մենք ցավ ենք զգում, որ այդ զարգացումներում քաղաքական որոշ ուժեր որպես գործիք փորձում են օգտագործել երիտասարդությանը, հատկապես ուսանող երիտասարդությանը, կոչ անելով նրանց դասադուլների եւ նստացույցերի եւ այսօրվան անհարիր այլ երեւույթների:
Ուստի մենք կոչ ենք անում երիտասարդությանըՙ չտրվել սադրանքների, ապրել, սովորել, գործել օրինականության շրջանակներում, առաջնորդվել պետական մտածողությամբ, համազգային հավաքական շահի գիտակցությամբ` ի նպաստ երկրի կայունության եւ հայոց պետականության անվտանգության:
Մենք դիմում ենք հասարակությանը երկպառակությունների, բեւեռացումների առաջնորդող բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերինՙ սթափվել, որպեսզի հնարավոր լինի ծագած բոլոր խնդիրները լուծել օրենքի եւ օրինականության սահմաններում:
Մենք դատապարտում ենք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած անօրինականություններ եւ ընտրակեղծիքներ իրականացնողների գործելաոճը եւ կոչ ենք անում իշխանություններինՙ նրանց ենթարկել խիստ պատասխանատվության:
Մենք վստահ ենք. մեր ժողովուրդը, երիտասարդության ակտիվ մասնակցությամբ, միահամուռ ջանքերով կհաղթահարի ներկայիս դժվարությունները եւ թեւ թեւի տված առաջ կշարժվենք երկրում կայունության, հաշտության ու համաձայնության ամրապնդման ուղիով: