«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2008-02-26 | #37, 2008-02-27 | #38, 2008-02-28


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 25 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Ի՞նչ ընթացքում են ձերբակալություններն ու հարուցված քրեական մյուս գործերը

«Այսօրվա դրությամբ հարուցվել է 25 քրեական գործ, որոնցից 12-ը հարուցվել է նախընտրական քարոզչության շրջանում արձանագրված միջադեպերի վերաբերյալ, երկու դեպքերը խուլիգանական են, մեկըՙ Արտաշատի, մյուսըՙ Թալինի դեպքը եւ մեկ ծեծի դեպք ունենք: Նախընտրական շրջանում, ի տարբերություն նախորդ ընտրության, այս անգամ շտաբների գույքերին վնաս պատճառելու դեպքեր չունենք` արտահայտված հրազենի գործադրմամբ կամ հրկիզման միջոցով: Բուն ընտրությունների օրվա ընտրախախտումների վերաբերյալ հարուցվել է 13 քրեական գործ, որն առնչվում է ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, դիտորդների, լրագրողի աշխատանքին խոչընդոտելուն: Մեկ դեպք էլ ունենք քվեարկությունը կեղծելու վերաբերյալ: Այս հոդվածով հարուցվել է նաեւ երկրորդ քրեական գործը` մամուլի հրապարակման հիման վրա: Շատ են եղել վարչական բողոքները, դատախազությունը դրանց վերահսկողություն չի իրականացնում, ինչպես նաեւ եղել են կեղծ ահազանգեր», երեկ «Ազգի» հետ զրույցում նախընտրական եւ հետընտրական շրջանում արձանագրված քրեական գործերի մասին ասաց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում հարուցվել է 17 քրեական գործ` ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ հարուցվել է 25 քրեական գործ: Դատախազության մամուլի քարտուղարն այս ընտրություններում հարուցված գործերի ավելացման պատճառը վերագրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատակիցների աշխատանքին խանգարելու դեպքերի ավելացմանը. «Այդ ավելացումն, ըստ էության, եղել է ի հաշիվ տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին խոչընդոտելու դեպքերի»:

Բավական աղմուկ էր հանել թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առիթով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել էր հիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ, այս գործով նախաքննությունն ավարտվել է, Էդուարդ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով` ընտրությունների կամ քվեարկության արդյունքների կեղծում, եւ գործն ուղարկվել է դատարան: Թալինում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների կողմից Սարգիս Կարապետյանին ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է: Մեկ այլ` Արտաշատի աղմկահարույց դեպքի առիթով, որի ժամանակ բռնության է ենթարկվել նաեւ առաջին նախագահի թիկնազորի ներկայացուցիչ Սարգիս Հովհաննիսյանը, մեղադրանք է առաջադրվել Արտաշատի բնակիչ Արմեն Միրզոյանին: Ընդ որում, դատախազության մամուլի քարտուղարը կրկին շեշտեց, որ դա Հովիկ Աբրահամյանի եղբոր տղան չէ, ինչի մասին լուրեր էին պտտվում: Սոնա Տռուզյանի խոսքով, բուն ընտրությունների օրվա դեպքերի առիթով հարուցված 13 քրեական գործերը քննում է հատուկ քննչական ծառայությունը` փորձելով հնարավորինս արագ ավարտել նախաքննությունը:

Փետրվարի 23-ին ձերբակալված դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին երեկ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով` «զենք-զինամթերք պահելը, փոխադրելը, կրելը», ինչպես նաեւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Սոնա Տռուզյանի խոսքով, Գագիկ Ջհանգիրյանն այն ժամանակ ինքն է կողմ եղել «27»-ի անջատված մասի վարույթը կարճելուն եւ 2004-ի նոյեմբերի 9-ի կոլեգիայի նիստում հայտարարել էր, որ կոլեգիայում պետք է քննարկվի ոչ թե անջատված մասի վարույթը կարճելու որոշման օրինականությունը, այլ մաս անջատելու որոշման օրինականությունը: Դատախազության մամուլի քարտուղարի խոսքով, Ջհանգիրյանը համարել է, որ մաս անջատելը չի որոշվել իրավական հարթությունում, քաղաքական նպատակ է ունեցելՙ քաղաքական իրավիճակը հանդարտեցնելու համար, ինչին այն ժամանակվա կոլեգիայի անդամներից Գեւորգ Դանիելյանը հակադարձել էր, թե առանց իրավական հիմքեր ունենալու մաս անջատելը ոչ թե քաղաքական իրավիճակը հանդարտեցրել, այլ հակառակը` սրել է. «Կոլեգիայի այդ նիստին մասնակցել են բոլոր անդամները, այդ նիստի արձանագրությունները պահվում են դատախազության արխիվում: Այդ նիստում Ջհանգիրյանին հարց է ուղղվել, թե կա՞ն գործով ապացույցներ, որոնք վկայում են, թե այս գործով կան կազմակերպիչներ, կա՞ն փաստաթղթեր, տեսաերիզներ, որոնք հիմք են տալիս ասելու` կան այլ հանցակիցներ, որոնք բացահայտված չեն եւ գործին կցված չեն, կա՞ն այդպիսի ապացույցներ, որոնք կցված չեն քրեական գործին: Ջհանգիրյանն ասել է, որ նման ապացույցներ գոյություն չունեն»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4