«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2008-02-26 | #37, 2008-02-27 | #38, 2008-02-28


«ՊԱՏԵՐԱԶՄՈՂՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»

Փետրվարի 25-ին, ժամը 23.15-00.30 գերմանական WDR-ը վերոհիշյալ վերնագրով մի ֆիլմ ցուցադրեցՙ Ղարաբաղյան պատերազմի մասին: Ռեժիսորը Վարդան Հովհաննիսյանն է, խմբագիրըՙ Ֆելիքս Կուբալլանը: Հիշյալ փաստավավերագրությունը, որի հեղինակային վերնագիրն ավելի երկար էՙ «Մարդկային մի պատմություն պատերազմի եւ խաղաղության օրերին», 2007-ին արդեն արժանացել է մրցանակներիՙ Նյու Յորքում Տրիբեկա կինոփառատոնումՙ «Նոր անուններ» բաժնում, երեւանյան «Ոսկե ծիրանում»ՙ 4 մրցանակ, իսկ Պրահայում անցկացվող «Մեկ աշխարհ» միջազգային փաստավավերագրական կինոփառատոնում ֆիլմը ցուցադրվել է մրցույթից դուրս, արժանացել լայն քննարկման:

Ֆիլմի հեղինակը պատերազմի սկզբում 5 օր նկարահանումներ է կատարել մարտական գործողությունների առաջին գծում, հարցազրույցներ վարել զինվորների հետ, այնուհետեւ թողել տեսախցիկով փաստագրությունը, պատերազմը «ձայնագրել ու տեսագրել» իր մաշկի վրաՙ 4 տարի մասնակցելով ռազմական գործողություններին: Զինադադարից հետո 12 տարի էր պետք, որ տեսանյութն ի մի գարՙ ի՞նչ են անում այն տղաները, ում նկարել էրՙ խաղաղության տարիներին ինչո՞վ են զբաղված երբեմնի պատերազմողները: WDR-ի կայքէջի տեղեկատվության համաձայն, 40 000 մարդու կյանք խլած, միլիոնից ավելի փախստական գրանցած ղարաբաղյան պատերազմիՙ ֆիլմի հերոսներից մեկըՙ Ֆելոն, ով նախկինում նույնիսկ մի հավ չէր կարող մորթել, հրադադարից հետո էլ սահմանամերձ դիրքերը չի լքել: «Ես այստեղ եմ, որ իմ հավասարակշռությունը գտնեմ: Հիմա գիտեմ, թե պատերազմն ինչ էՙ Չարն է», ասում է նա: Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չկա, հիմա ավելի վտանգավոր է, քան այն ժամանակ»:

Հրազդանում է ապրում մաթեմատիկայի դասատու Արմոյի կինը: «Ոչ մի անգամ արձակուրդ էլ չեկավՙ «բա մենք չգնանք, ո՞վ գնա», պատմում է երիտասարդ այրին: Վարդանի տեսախցիկը ռումբերի սուլոցի տակ հենց այդպես էլ արձանագրել էՙ «Արմո, կթողնե՞ք Ձեր պոստը»: «Կենդանիՙ ոչ: Բա որ իմ պոստը լքեմ, ո՞վ կմնա»:

Անահիտը բուժքույր է, Երեւանից: «Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը» հարցին ռազմի դաշտում պատասխանում է. «Բառերով չեմ կարող ասել: Ուզում եմ իմ հայրենասիրությունը երեխաներիս փոխանցել: 15 տարեկան իմ տղային ասում եմՙ եթե ես մեռնեմ, խոսք տուր, որ իմ գործը կշարունակես»: Անահիտն այսօր էլ զինվորական համազգեստով է: «Պատերազմից հետո նկատեցի, որ բանակը, զինվորությունը շատ եմ սիրում», ասում է Անահիտը, որը թոռնիկի տեր է:

Քաջիկը հիվանդանոցում է: Լավ է, որ ապրում է, բայց լսողական ցնորքներ ունի, պատմում է հիվանդանոցի բժիշկը: Գեւորգը փոստատար է, նրա համագյուղացի Ավագն էլ ողջ է: Մարտական ընկերությունը շարունակվում է:

Բանտում է Ճուտը: Նա ջոկատի ղեկավար էր, աշխույժ, քաջ տղա: «Մոտս մարիխուանա կար, բռնեցին: Աստծուն հավատում եմ, շատերին եմ սպանել, գիտեմ, որ պատասխան պիտի տամ»: «Երբ մի տեղ վեճ կա, հեռու եմ քաշվում, մեկ էլ տեսար նյարդերդ չդիմացան, սպանեցիր: Պատերազմը սովորեցրեց սպանել», ասում է բանտից դուրս եկած ու երկրորդ տղայի ծնունդին սպասող Ճուտը: «Առաջինի անունը Գեւորգ եմ դրել, երկրորդինը Գրիգոր պիտի լինիՙ պատերազմում զոհված ընկերներիս անուններն են»:

Դուդուկի հնչյուններով ուղեկցվող անչափ սրտառուչ այս ֆիլմը, որ դաս է պատերազմի ու խաղաղության, անանց ու վեհ արժեքների մասին է, վատ չէր լինի, որ ներկայացվեր Հ1-ով:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4