«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2008-02-26 | #37, 2008-02-27 | #38, 2008-02-28


ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ. «ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՄ ԸՆՏԱՆԻՔ ԿԱԶՄԵԼՈՒ»

Դերասանուհի, գեղեցկուհի, մոդել Լուսինե Թովմասյանը չափազանց լավատես է, փորձում է մթության մեջ էլ փնտրել լույսի շողը: Այժմ Լուսինեն վարում է ակտիվ հասարակական ու գործարարի կյանք: Շատերը նրան անվանում են «բիզնես-լեդի»: Դերասանուհին «Նյու մեգ» ամսագրի տնօրենն է եւ «Նոր ռադիոյի» հիմնադիր նախագահը: Լուսինեի խոսքերովՙ աշխատանքից չի խուսափում, կատարում է հաճույքով ու սիրով:

- Դժվա՞ր է լինել հանրապետության եւ Եվրոպայի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը:

- Դժվար չէ: Ընդհակառակը, շատ հաճելի է: Իհարկե, կան օրեր, երբ անտրամադիր եմ, տխուր, սակայն աշխատում եմ վատ տրամադրությունս թաքցնել: Երբ դուրս եմ գալիս փողոց, հանդիպում մարդկանց, լուսանկարվում, հասկանում եմ, որ մարդկանց հետ շփումը իմ կյանքի մի մասն է կազմում: Պարտավորություն է, որ կատարում եմ մեծ հաճույքով:

- Խոսակցություն կա այն մասին, որ շուտով նկարահանվելու ես նոր ֆիլմում:

- Այո: Ֆրանս-հայկական համատեղ ֆիլմ է: Գլխավոր դերերում Պիեռ Ռիշարն ու Արմեն Ջիգարխանյանն են: Անուններն ինքնին խոսում են պատասխանատվության ու պրոֆեսիոնալիզմի մասին: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն շուտով: Դեռեւս քասթինգ չի անցկացվել, բայց կարծում եմ, ֆիլմում կնկարահանվեն այլ հայազգի դերասաններ: Չեմ ուզում խոսել իմ մարմնավորած կերպարի ու ֆիլմի սցենարի մասին: Թող անակնկալ լինի:

- «Մի՛ վախեցիր» ֆիլմում մարմնավորում էիր դեռահաս Մարիին:

- Մարիի կերպարը հետաքրքրական էՙ բարի, լավատես, անմեղ: Նրա ու Լուսինեի միջեւ կան նմանություններ ու տարբերություններ: Ես Մարիի նման համբերատար չեմ, սակայն հերոսուհու բնավորության մեջ կան գծեր, որոնք վերցրեցի, դարձրեցի իմը: Նկարահանումներն անցան շատ լավ: Խորեն Լեւոնյանը հոյակապ դերասան է եւ խաղընկեր: Հրաշալի ու պրոֆեսիոնալ խումբ էր հավաքվել, ովքեր ամեն հարցում ինձ աջակցում էին:

- Մոտակա ծրագրերիդ մեջ ամուսնությունը մտնո՞ւմ է:

- Ոչ: Մտովի այդ քայլին դեռ չեմ տրամադրվել: Ինձ չեմ պատկերացնում կնոջ կամ մոր դերումՙ հոգ տանելիս, դաստիարակելիս: Ես ինքս դեռ երեխա եմ ու իմ մասին դեռեւս հոգ են տանում: Սակայն դա չի նշանակում, որ չեմ ցանկանում ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Կգա ժամանակը, երբ այդ ամենը կլինի իմ ընտանիքում: Հիմա պատրաստ չեմ ընտանիք կազմելու:

- Հաճա՞խ ես ներում:

- Ներում եմ, բայց երբեք չեմ մոռանում վատ արարքները:

- Հետեւում ես մտքի՞դ, թե՞ սրտիդ:

- Համատեղում եմ: Պետք է կարողանալ այնպիսի լուծում գտնել, որ բանականությունն ու զգացմունքը նույն բանը հուշեն: Իսկ եթե չի ստացվում, թողնում եմ ժամանակի վրա: Ժամանակն ամենալավ դեղատոմսն է ու ինձ երբեք հուսախաբ չի անում:

- Քեզ ճակատագրական կին համարո՞ւմ ես:

- Ո՛չ: Ես շատ համառ եմ, ունեմ ցանկություններ եւ ամեն ինչ անում եմ, որ իրականանան: Իհարկե, եղել են բազմաթիվ ցանկություններ, որ այդպես էլ չիրականացան: Երեւի այդքան էլ շատ չեմ ցանկացել: Եթե շատ ցանկանա, յուրաքանչյուրը կարող է հասնել իր երազածին:

- Երջանի՞կ ես:

- Այո՛: Երբ տանն եմ, ընտանիքիս անդամների հետ, երբ խաղում եմ քրոջս փոքրիկիՙ Մեգիի հետ: Ունեմ հրաշալի ընկերներ, աշխատանք, երջանիկ եմ, որովհետեւ ինձ շատերը ճանաչում են ու սիրում: Այնքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար: Աշխատում եմ երջանկության յուրաքանչյուր վայրկյանը վայելել:

- Մի առիթով ասացիր, արդեն մարդկանց այնքան էլ շատ չես վստահում:

- Այո՛: Առաջ մարդկանց միանգամից հավատում էի, նվիրվում ու վստահում: Հետագայում փորձը ցույց տվեց, որ այդպես չի կարելի: Պետք է վստահել միայն ամենամտերիմ մարդկանց, ովքեր միշտ անկեղծ են ու յուրաքանչյուր պահի պատրաստ են աջակցել:

Յուրաքանչյուրիս մոտ էլ լինում եմ հիասթափության պահեր: Բարեբախտաբար մեծ հիասթափություն ես չեմ ապրել: Չեմ ուզում շատ նվիրվել, որ հիասթափությունը խորը չլինի:

- Շուտով գարուն է:

- Գարունն իմ ամենասիրելի եղանակներից է: Թարմություն է, գեղեցկություն, պայծառություն: Ուզում եմ, որ քաղաքում բոլորը ժպտան ու միմյանց սիրեն, չարությամբ ու ատելությամբ չլցվեն: Մեր կյանքում պակասում է սերն ու նրբանկատությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4