Մարտի 5-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերան: Ներկայացման բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է, պիեսի հեղինակըՙ Կարինե Խոդիկյանը: Ներկայացման գլխավոր հերոսուհին ու դերակատարը Նազենի Հովհաննիսյանն է, ով «Ազգի» հետ զրույցում պատմեց ներկայացման եւ իր կերտած կերպարի մասին:
«Հրաշալի ստեղծագործություն է: Սիրային քառանկյունի, որովհետեւ գործող անձինք մեկ տղամարդ է եւ երեք կին: Սա արդեն արտասովոր վիճակ է: Շատ ջերմ խումբ է հավաքվել: Տղամարդու դերում խաղում է Վիգեն Ստեփանյանը, ով ավելի քան 10 տարի բեմում չի խաղացել: Հերոսուհիներից Լարան նրա օրինական կինն է, Զառանՙ երիտասարդ աղջնակ, ով պետք է դառնա տղամարդու սիրուհին»:
Նազենիի մարմնավորած կերպարը հետաքրքրական է ու արտասովոր: Նա տղամարդու պաշտոնական սիրուհին է, ապրում է ակտիվ կյանքով ու վարում հասարակական գործունեություն: Հերոսուհին կարողանում է երկու կանանց տրամադրել տղամարդու դեմ:
«Մարմնավորած կերպարը որքան է քեզ հոգեհարազատ», հարցին Նազենին պատասխանեց. «Կերպարն ինձ նման չէ, որովհետեւ երբեք ամուսնացած տղամարդու հետ չեմ հանդիպում: Կերպարը ինձ նման է միայն նրանով, որ երկուսս էլ կանայք ենք: Կինը միշտ մնում է կին: Որքան էլ նրանք տարբեր լինեն, այնուամենայնիվ, կանայք միմյանց նման են: Նրանք առաջնահերթ զգում են սիրո կարիք: Ներկայացման մեջ տղամարդն ինձ լքում է հանուն դեռահաս աղջկա: Իրական կյանքում, եթե տղամարդը որոշի հեռանալ, ես կպայքարեմ: Բայց եթե ես հասկանամ, որ նա ինձ չի սիրում եւ ընտրում է ուրիշին, ես վառ արտահայտված ինքնասիրություն ունեմ ու երբեք չեմ վազի նրա հետեւից»:
Ներկայացման մասին առավել մանրամասներ կարդացեք «Ազգի» հաջորդ համարներից մեկում: