Մարտի 22-ին Հասմիկ Կարապետյանը կմեկնի Մադրիդ
«Շուտով կվերջանան չորրորդ ձայնասկավառակիս ձայնագրման աշխատանքները: Նախատեսել էինք ձայնասկավառակն ավելի շուտ հանձնել ունկնդիրների դատին, սակայն «Երկու աստղում» զբաղվածության պատճառով չհասցրեցինք: Ձայնասկավառակը կկոչվի «Կրակի պար», որտեղ ամենայն հավանականությամբ կընդգրկվի 12 երգ: Կնկարահանենք տեսահոլովակ «Կրակի պար» երգի հիման վրա», «Ազգի» հետ զրույցում ասաց երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Այս տարի Երեւանում տեղի կունենա երգչուհու մենահամերգը: Հասմիկի խոսքերով, այն կուղեկցվի կենդանի նվագակցությամբ, կլինեն շքեղ բեմադրված համարներ: «Կարծում եմ գեղեցիկ անակնկալ կլինի իմ երկրպագուների համար: Ես էլ անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան: Նախատեսել եմ նաեւ բազմաթիվ շրջագայությունների արտերկրում: Մարտի 22-ին կմեկնեմ Իսպանիա, որտեղ Մադրիդի հայկական համայնքի համար կերգեմ: Ավելի ուշ կմեկնեմ Հոլանդիա: Համերգային հրավերներ եմ ստացել Գերմանիայից եւ Բելգիայից»:
«Վալենտինի օրը աշխատում էի եւ իմ երգերով ուրախացնում սիրահարված զույգերին: Սակայն տանն ինձ անակնկալ էր սպասվում: Երկրպագուներից մեկը եկել էր մեր տուն, դռան շեմին դրել ալ կարմիր վարդ, զանգի կոճակը սեղմել ու հեռացել: Ինձ համար դա մեծ եւ չափազանց հաճելի անակնկալ էր: Ես նրան չեմ ճանաչում, բայց շնորհակալություն եմ հայտնում գեղեցիկ արարքի համար», ասաց երգչուհին:
«Լուրեր են պտտվում, իբր Ազգային մրցանակաբաշխության ժամանակ Հայկոյին մրցանակ հանձնելուց հետո շատ ես բարկացել, կուլիսներում բոլորի հետ վիճել ես ու անգամ չես ցանկացել դահլիճում մնալ: Այս խոսքերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ հերթական բամբասանքն է քո հասցեին» հարցին Հասմիկ Կարապետյանը պատասխանեց. «Սխալ է եւ իրականությանը չի համապատասխանում: Իմ եւ Հայկոյի անձնական կյանքը ոչ ոքին չի վերաբերվում: Ժողովրդի համար մենք գործընկերներ ենք: Նախ ես չգիտեի, որ պետք է մրցանակ հանձնեմ եւ կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ արեցի: Յուրաքանչյուր իրավիճակից մարդ պետք է պատվով դուրս գա: Ես այդպես էլ արեցի»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ