«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2008-02-26 | #37, 2008-02-27 | #38, 2008-02-28


ՀԱՅ Է, ՉԷ՞...

Բարձրաշխարհիկ հավաքույթների ժամանակ ավտոմեքենան վաղուց արդեն ոչ թե փոխադրամիջոց է, այլ կարգավիճակի ցուցիչ: Հանուն եզակի ու թանկարժեք մեքենաների ձեռքբերման շոու-բիզնեսի շնաձկները հրաժարվում են Մալդիվյան կղզիներում իրենց արձակուրդն անցկացնելու մտադրությունից, չէ՞ որ ստիպված են հերթական հավաքույթին ներկայանալ պատշաճ փայլով եւ շքեղ ավտոմեքենայով:

Ներկայումս, ինչպես եւ անցյալում, նորաձեւ է համարվում դասականը: «Ռոլս-Ռոյսը» եւ «Բենթլին» զարդարում են մասնավորապես Ռուսաստանի գործարար ընտրախավի ավտոհավաքածուները: Շոու-բիզնեսում նման ավտոմեքենաներն առայժմ հազվադեպ են: Մինչեւ վերջերս «Ռոլս-Ռոյսի» միակ սեփականատերն Ալլա Պուգաչովան էր: Մեկ միլիոն դոլար գնահատվող այդ ավտոմեքենան Պուգաչովան եւ Գալկինն անցյալ տարի շահել են մոսկովյան խաղատներից մեկում: Եվ հիմա այդ մեքենայով հերթով շրջում են մայրաքաղաքում:

Իսկ ահա բեմադրիչ Տիգրան Քեոսայանն ինքը փող կուտակեց թանկարժեք ավտոմեքենայի համար եւ գնեց ճիշտ այնպիսի սեւ «Ռոլս-Ռոյս», ինչպիսին Ալլա Պուգաչովայինն է:

Քեոսայանի ինչի՞ն է պետք նման թանկարժեք ավտոմեքենան: «Թո՛ղ դա մնա իմ գաղտնիքը», չգիտես ինչու շփոթված ասում է հեռուստահաղորդավարը: Նա թերեւս վախենում է ավտոմեքենա առեւանգողներից. աստղերից շատերը վերջերս զրկվել են իրենց թանկարժեք մեքենաներից: Վերհիշենք թեկուզ ֆոտոմոդել Աննա Լոգինովայի ողբերգական մահը, որի նոր «Պորշ Կայեն» ջիպը փորձել էին առեւանգել հանցագործները:

Եվ այդուհանդերձ աստղերը չեն ուզում հրաժարվել հարմարավետությունից: Օրինակ, Պուգաչովայի կամ Քեոսայանի «Ռոլս-Ռոյսի» սրահը ոչ միայն պատված է թանկարժեք կաշվով, այլեւ ունի հեռուստացույց, ինտերնետ, հեռախոս եւ բար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4