Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո դիվանից տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին վերաօծվել է Թեթրիծղարոյի շրջանի Սամշուլդա գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին` ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ մասնակցությամբ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովիվ Եղիշե ավագ քահանա Հարությունյանի, Մառնեուլի եւ Բոլնիսի շրջանների հայության հոգեւոր հովիվ Հուսիկ քահանա Հարությունյանի, Թբիլիսիի Սբ. Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու դպրաց դասի: Սբ. Փրկիչը վերանորոգվել եւ բարեկարգվել է ծնունդով սամշուլդեցի, Ռուսաստանում բնակվող Գուրգեն Հովհաննիսյանի հովանավորությամբ:
Հավարտ վերաօծման կարգի անդրանիկ պատարագը մատուցեց Հուսիկ քահանա Հարությունյանը, իսկ հավուր պատշաճի քարոզ խոսեց թեմի առաջնորդ Վազգեն եպս. Միրզախանյանը: Վերաօծմանը Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանի ողջույնի խոսքը փոխանցեց դեսպանի խորհրդական Եղիա Մանսուրյանը, իսկ Վրաստանի հայերի միության անունից ներկաներին ողջունեց Վրաստանի հայերի միության փոխնախագահ Վան Բայբուրդյանը:
Թեթրիծղարոյի շրջանի Սամշուլդա գյուղի Սբ. Փրկիչ (Սբ. Աստվածածին) քարաշեն եկեղեցին կառուցվել է 1854-ին, ունեցել է հոգեւոր դպրոց, 40 ծուխՙ 400 բնակիչներով: Գյուղից 500 մետր հեռու գտնվում է 18-րդ դարի Սբ. Աստվածածին ուխտատեղի քարաշեն մատուռը, իսկ մեկ այլ ուխտատեղիՙ Սբ. Գեւորգ մատուռը գտնվում է գյուղի մյուս կողմում:
Գ. Գ.